«Պալատկեքը խփելու ենք, մնանք էստեղ, չենք էլ թողնելու Զեյնալյանը մտնի ներս»․ ակցիա՝ ԱՆ շենքի դիմաց

«Պալատկեքը խփելու ենք, մնանք էստեղ, չենք էլ թողնելու Զեյնալյանը մտնի ներս»․ ակցիա՝ ԱՆ շենքի դիմաց

Ինչպես տեղեկացրել ենք՝ արդարադատության նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում։ Ռուսաստանում ադրբեջանցու սպանած հայազգի Արման Առաքելյանի հարազատները պահանջում են, որ նախարարն իջնի և բացատրի, թե ինչու է ինքը հրաժարվում ընդունել Արման Առաքելյանին, որ վերջինս իր պատիժը կրի Հայաստանում։ Առաքելյանն այս պահին գտնվում է ՌԴ Մուրմանսկի բանտում, Ռուսաստանի իրավապահ մարմինները համաձայն են նրան ուղարկել Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու, բայց հայկական կողմը չի ընդունում։ Հարազատները Hraparak.am-ի հետ զրույցում մեզ ասացին, որ իրենք քանիցս դիմել են Արտակ Զեյնալյանին, որ հասկանան՝ ինչու են նա մերժում՝ ընդունել Արման Առաքելյանին, բայց ստացել են անորոշ, առանց հիմնավորումների մերժողական պատասխան։

«Նախարարության դիմաց մեր ակցիան առաջին անգամ է, մենք քանի անգամ դիմել ենք, մեր դիմումներն անընդհատ մերժվել են՝ առանց պատճառաբանության։ Մի անգամ պատճառաբանեցին, թե քաղհայց ունեք, Ռուսաստանի հետ ձեր հարցերը լուծեք, մենք էդ հարցերը լուծեցինք՝ փող հավաքեցինք, մուծեցինք։ Դրանից հետ էլ ես դիմեցի, բայց նորից մերժեցին»,- ասաց Արման Առաքելյանի որդին՝ Գուրգեն Առաքելյանը։

Մեր հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե նույնիսկ Արտակ Զեյնալյանը հանդիպի իրենց, բայց նրա պատասխանը չբավարարի իրենց, Գ․ Առաքելյանն ասաց․ «Հավաքվելու ենք էստեղ, հացադուլ ենք անելու, Էջմիածնում էլ լիքը մարդ է սպասում, պալատկեքը խփելու ենք, մնանք էստեղ, չենք էլ թողնելու Զեյնալյանը մտնի ներս»։