Ո՞վ կկատարի առաջին փոխվարչապետի դերը

Ո՞վ կկատարի առաջին փոխվարչապետի դերը
Մհեր Գրիգորյան

Երեկ նախագահականում կառավարության անդամների երդմնակալության արարողությունն էր։ Սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը երդվում է թերի կազմով․ 17 նախարարից 12-ն է նշանակվել, մեկն էլ բացակա էր՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ գործուղման էր։ Սկզբում երդվեց Նիկոլ Փաշինյանը, ապա՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հետո՝ մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նախարարները։ ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ նշանակված Մհեր Գրիգորյանը հարցին, թե ինչպես է ստացվել, որ ընդամենը 12 նախարար է նշանակվել, ասաց․ «Որովհետեւ կոնսոլիդացիոն խնդիր է քննարկվում։ Կառավարության կազմի վերջնական տեսքը դեռ պարզ չէ»։

- Փաստորեն, կառավարության կազմը թերի է։

- Թերի է ֆունկցիոնա՞լ իմաստով, թե՞ կազմի… չեմ հասկանում։

- Քաղաքական պաշտոնների իմաստով․ 17 նախարարություն կա, 12-ն են նշանակվել։

- Ես չեմ բացառում, որ 12 նախարարություն է լինելու կառավարությունում։

- Այդ դեպքում թող կառավարության կառուցվածքի փոփոխությունը կատարեին, նոր…

- Մեծ խնդիր չեմ տեսնում դրա մեջ։

- Ի դեպ, առաջին փոխվարչապետի ինստիտուտի վերացումից հետո ո՞վ է դե ֆակտո ստանձնելու այդ ֆունկցիան, Ձեր գործառույթների շրջանակը հստակեցվե՞լ է։

- Հիմա հստակեցման փուլում ենք, համակարգման, ոլորտների բաշխման, կարծում եմ՝ շուտով վարչապետի համապատասխան որոշումը կհրապարակվի։

- Խոսակցություն կա, որ թեպետ տնտեսական բլոկը Ձեզ վրա է դրված, բայց Դուք կարծես մեկուսացված լինեք, ակտիվ հրապարակային հանդես չեք գալիս՝ ի տարբերություն մյուսների։

- Չեմ կիսում էդ տարբերությունը։

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ձեր պասիվությունը։

- Պասիվությունը (երեւի նկատի ունի ակտիվությունը) մենակ խոսելով չի, նաեւ աշխատելով է։

- Որտե՞ղ է երեւում Ձեր աշխատանքը։

- Ինչ-որ պահի արդյունքները կերեւան։