Հայաստանում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ:

«Համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին: