«ՍՈՍ մանկական գյուղեր» հիմնադրամը երբեք կնոջը երեխաների հետ չի թողնի դրսում. բարեգործականը մեկնաբանում է հոգեխախտ կնոջ հետ կապված միջադեպը

«ՍՈՍ մանկական գյուղեր» հիմնադրամը երբեք կնոջը երեխաների հետ չի թողնի դրսում. բարեգործականը մեկնաբանում է հոգեխախտ կնոջ հետ կապված միջադեպը

«Սոս մանկական գյուղեր» բարեգործական հինադրամի Կոտայք գյուղում տեղակայված մասնաճյուղում, որը ժամանակավոր կացարան է խնամազուրկ և անօթևան երեխաների ու նրանց մայրերի համար, արտառոց միջադեպ էր տեղի ունեցել: Կացարանի շահառուներից մեկին՝ Լիլիթ Թ-ին, հիմնադրամի սոցիալական աշխատողները հրահանգել էին վերցնել երեք երեխաներին՝ 2,3, և 4 տարեկան, և հեռանալ կացարանից: Լիլիթը՝ հուսահատված, փոքրիկիների հետ բաց երկրնքի տակ հայտնվելու հեռանկարից ահաբեկված, դիմում էր գրել սոցապ նախարարություն և ահազանգել էր «Հրապարակին»: 

Ըստ նրա, կացարանի սոցիալական աշխատողները իրեն և իր երեխաներին 5 ամիս շարունակ պահել են հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող կնոջ հետ, որն անկառավարելի վարք ունի, դեղորայք է ստանում: Այդ կինը հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծում ընդհանուր կացարանում, ագրեսիվ է նոպաների ժամանակ, ամեն տեղ արտանետումներ է թողնում, միզում է, անհանգստացնում է երեխաներին, վտանգելով երեխաների առողջությունը: Թեժ վեճերից հետո մոր և մանկան կացարանի աշխատակիցները առաջարկել էին Լիլիթին երեք երեխաների հետ թողնել կացարանը: Ի դեպ, հոգեխախտ կինը, ի տարբերություն շահառուներից շատերի, ունի բնակարան, սակայն զրկված լինելով խնամքից, իր երեխաների հետ պահվում է մոր և մանկան խնամքի ժամանակավոր կացարանում: 

«Սոս մանկական գյուղերի» աշխատակից, շահերի և իրավունքների պաշտպան Անահիտ Մելքումյանը այսօր մեզ հայտնեց, որ Լիլիթ Թ-ին որևէ սոցիալական աշխատող իրավունք չունի երեխաների հետ դուրս հրավիրել կացարանից: «Այդ կինը երեխաների հետ ոչ մի ժամ դրսում չի  մնացել»,- հայտնեց Անահիտ Մելքումյանը: Այսօր առավոտյան միջադեպի հետ կապված խորհրդակցություն է անցկացվել «Սոս մանկական գյուղերի» գրասենյակում, ներքին ուսումնասիրություն է կատարել: 

Պատասխանելով մեր հարցերին, Անահիտ Մելքումյանը հայտնեց, որ խնամքի կացարանում պահվող կանայք ընդամենը օգտվում են նույն խոհանոցից, բայց ցանկացած կին, որը տեղավորվում է կացարանում, իր երեխաների հետ ապրում է առանձին, բացի այդ տարածքում անընդհատ գտնվում են կացարանի աշխատակիցները: Հոգեկան խնդիրներ ունեցող շահառուն, որը ունի երկու տղա երեխա՝ երկու և երեք տարեկան, պարբերաբար ստացիոնար բուժում է ստանում հոգեբուժարանում, սակայն երկու շաբաթից ավելի այնտեղ նրան պահել իրավունք չունեն, և նա կրկին վերադառնում է մոր և մանկան ապաստարան: «Նա ունի բնակարան, որի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ, - ասում է Անահիտ Մելքումյանը։ «Մեր կազմակերպությունը դիմել է Աբովյան համայնքին, որը պետք է հարցը քննարկի և պետք է որոշում կայացնի երեխաների հետագա խնամքի վերաբերյալ: Պետք է նաև փորձենք տեղավորել այդ կնոջը հատուկ խնամքի հաստատություն, և այդ հարցով նույնպես գրությամբ դիմել ենք Աբովյան համայնքին»: 

Այժմ «Սոս մանկական գյուղեր» կազմակերպությունը սպասում է Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի որոշմանը: Կազմակերպությունն այս միջազգային է: Հայաստանում աշխատում է 1997 թվականից: Մոր և երեխաների խնամքը նոր ծառայություն է, որը «Սոս մանկական գյուղերը» մատուցում է 2018 թվականից: