Արտգործնախարարությունը մանրադիտակի տակ

Արտգործնախարարությունը մանրադիտակի տակ

ՈՉ ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ՝ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ

Մաս 2

Սկիզբը նախորդ  համարում

Ոչ կադրային դիվանագետի «ածելին» առաջինը կկիրառենք հմուտ պետական գործիչ Շավարշ Քոչարյանի նկատմամբ(աղյուսակ 2), քանի որ նա 2008-ին համակարգ է մտել որպես ԱԳ փոխնախարար եւ մինչ այդ չի ունեցել մասնագիտական փորձառություն, կադրային աճի ընթացքում էլ չի զբաղեցրել դիվանագիտական ծառայության տարբեր պատասխանատու պաշտոններ։ Նրա նշանակումը եղել է զուտ քաղաքական։

Կարծում ենք՝ առաջիկայում քաղաքական այս երկարակյացը կանցնի վաստակած հանգստի, եւ ԱԳՆ-ում կգտնվի մեկը, որը փոխնախարարի բարձր պաշտոնը (եւ ցածր աշխատավարձը) կգերադասի դեսպանի երկարատեւ (եւ բարձր վարձատրվող) արտասահմանյան գործուղումից։ 
Քոչարյանի հակոտնյան է մյուս ոչ կադրային տեղակալը՝ Գրիգոր Հովհաննիսյանը։

Կառավարության վերջին նիստերից մեկում նա այնքան համոզիչ պարզաբանեց կադրային-ոչ կադրային դիվանագետների տարբերությունը, որ երկմտելու տեղ չթողեց՝ ինքը «կլասիկ» ոչ կադրային է։ Հովհաննիսյանը համակարգ է եկել Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի «թեժ կետերի» ՄԱԿ-ի կառույցներում 10-ամյա աշխատանքից հետո եւ սրընթաց կարիերա արել նախ Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսի (2009-13), ապա Մեքսիկայում (2013-16) եւ ԱՄՆ-ում (2016-18) ՀՀ դեսպանի պաշտոններում։

Անշուշտ, ԵՊՀ 21-ամյա շրջանավարտ Գրիգորը կարող էր մեկնել ռազմաճակատ, սակայն նախընտրել է պատերազմի տարիներին սովորել Բեյրութի Հայկազյան համալսարանում (1992-93), ապա ծառայության մտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակում։ Ասում են՝ 2009-18-ի նրա աննահանջ վերելքի երաշխավորը Ֆլեշի Բարսեղն է եղել, սակայն չենք կարծում, թե «բենզինի արքան» ի զորու էր 2018-ից հետո էլ սանիկի համար տեղ ամրագրել հեղափոխականների ճամբարում։ Այս եւ մյուս տեղակալների նշանակման հարցում իմաստակելու կարիք չկա՝ գործել է ամենազոր «մեր Զորիկը»։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ

25 անուն ընդգրկող այս ցանկը (աղյուսակ 3) տրված է ըստ նշանակման ժամանակագրության: Այն դեսպանների հիրավի հեղափոխական նշանակումների վկայությունն է (սրան գումարեք եւս 2 ոչ կադրայինների նշանակումը): ՀՀ ոչ մի առաջին դեմք պաշտոնավարման մեկ տարում այսքան դեսպան չի նշանակել: Թեեւ պետք է նկատի առնել, որ Փաշինյանի առաջին առաջադրումներն իներցիոն էին. նա համաձայնել է պաշտպանել մինչ այդ Ս․ Սարգսյանի կողմից դեսպանընկալ երկրներ ներկայացրած նոր դեսպանների թեկնածությունները` չմերժելով ոչ մեկին:

Տարիքային առումով նորանշանակ դեսպանները համաչափորեն դասակարգվում են երկու մեծ խմբի. 41-50 տարեկաններ` 11 հոգի, 51-60 տարեկաններ` 9 հոգի, եւ երկու փոքր խմբի, որոնք ընդգրկում են 2 նախաթոշակային եւ 3 թոշակային տարիքի դեսպաններ։ Վերջին խմբում է 67-ամյա Կարմիրշալյանը, որին Իսպանիայում, իսկ 66-ամյա ոչ կադրային Գեղամ Ղարիբջանյանին Կատարում դեսպան նշանակելն արտառոց իրողությունների շարքից է: 

Ցուցակում որոշ օրինաչափություններ կարելի է նկատել` դիտարկելով նորանշանակ դեսպանների դիվանագիտական ծառայության եւ արտասահմանյան գործուղման տեւողության հարաբերակցությունները: Ցուցակից 13-ը դիվանագիտական ծառայության կեսից պակասն են անցկացրել արտասահմանում, նրանցից 11-ը համաչափ ընդմիջումներով ծառայել է Հայաստանում եւ արտասահմանում: Ընդ որում` նշված 13-ից 8-ը «կրտսեր»` 41-50 տարիքային խմբին է պատկանում: Իսկ ահա 12 հնաբնակներն արտասահմանում են անցկացրել դիվանագիտական ծառայության մեծ մասը, որոնցից Արման Կիրակոսյանն ու Կարեն Նազարյանը՝ 70%-ը, ընդ որում՝ Ա. Կիրակոսյանն ԱԳՆ-ում աշխատած 27 տարուց 19-ը 11 եւ 8 տարի տեւած 2 գործուղմամբ է մաշել ու մաշում մինչ օրս: Անփոխարինելիների մասին ավելի աղաղակող փաստերը՝ ստորեւ:

Կենսաթոշակառու եւ անփոխարինելի Ք․ Տեր-Ստեփանյանը վերջին ալիքի միակ հայրենադարձն է․ այս անբացատրելի դեպքին չենք անդրադառնում՝ մոտեցման մոդուս չունենալու պատճառով։  
Կա՞ն արդյոք ԱԳՆ-ում կլաններ՝ դժվարանում ենք ասել։ Զուտ փաստական տվյալների համադրմամբ՝ երեւում է ընտանեկան գովելի ավանդույթների շարունակումը․ Արման Կիրակոսյանը հայտնի պատմաբան, արտգործնախարար Ջոն Կիրակոսյանի որդին է, Հրաչյա Փոլադյանը՝ արաբագետ, Սիրիայում դեսպան Արշակ Փոլադյանի որդին, Մհեր Մկրտումյանն Արգենտինայում դեսպան Էսթերա Մկրտումյանի եղբայրն է։ Մի քանի դեսպանների կանայք դիվանագետներ են եւ ծառայում են իրենց ամուսինների ենթակայությամբ։

Համապետական երեւույթ է, անշուշտ, Բալայան եղբայրների եռամիասնությունը․ նրանցից Տիգրանին Փաշինյանը դարձրել է Հոլանդիայում դեսպան, Գաբրիելին՝ պաշտպանության փոխնախարար, իսկ դատավոր Դավիթն այժմ առաջ է մղվում որպես հմուտ վեթթինգիստ։
Ցանկի մյուս զավեշտը բանասեր եւ բանակում չծառայած Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ներկայացուցիչ նշանակելն է։ Կրկին անդրադառնալով դեսպանների եւ առհասարակ, դիվանագետների զինվորական ծառայության եւ, ղարաբաղյան պատերազմին մասնակցության հարցին՝ ամփոփենք, որ դա նրանց համար խորթ ակոս է։ Նրանք ինքնազոհաբերվելու թուլությամբ չեն տառապել երբեք, ապրիլյան պատերազմում էլ ԱԳՆ-ն մասնակից չունեցավ։

Մինչդեռ տասնյակ պատգամավորներ եւ նախարարներ են 1988-94թթ․ եւ հետո մասնակցել ռազմական գործողությունների, ղեկավարել կամավորական եւ կանոնավոր զորամիավորումներ, ծանր վիրավորումներ ստացել, զոհվել։

Աղյուսակ 2

Աղյուսակ 3

Ա

ՀԳ․ Հեղինակը ներողամտություն է հայցում հնարավոր փաստական վրիպակների համար, քանի որ, չնայած ԱԳՆ լրատվական ծառայության ուռճացած կազմին,  այն չի հետեւում եւ օժանդակում, որպեսզի բոլոր դեսպանությունների կայքէջերը լինեն հասանելի, ամբողջական, եւ տեղեկատվությունը կանոնավորապես թարմացվի։

Շարունակելի