Արսեն Թորոսյանի մտերիմի նկատմամբ քրգործ է հարուցվել․ կասկածվում է խարդախության մեջ

Արսեն Թորոսյանի մտերիմի նկատմամբ քրգործ է հարուցվել․ կասկածվում է խարդախության մեջ

«Նուբարաշեն» հոգեկան առողջության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

«ՀՀ Քննչական կոմիտե է ստացվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի (Խոշոր չափերով խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) հոդվածներով հարուցված քրեական գործը: Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը: Հունվարի 8-ին քրեական գործ է հարուցվել և արդեն հունվարի 16-ին վարույթ ընդունվել ՔԿ։ Կատարվում է նախաքննություն»,-նշեց ՔԿ-ի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

ՔԿ-ց նաեւ փոխանցեցին, որ Հունվարի 16-ին Վանեսյանին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ, սակայն մինչ այս պահը նա չի ներկայացել։

Նշենք, որ Նարեկ Վանեսյանը համարվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմը, եւ հենց Թորոսյանն էր նրան աշխատանքի «տեղավորել» հոգեկան առողջության կենտրոնում։