Պետք է ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի իրավունքը․ ուղերձ

Պետք է ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի իրավունքը․ ուղերձ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (ման­դատ) ստանալու առիթով։ 
Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համա­կարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության շնորհիվ եք դարձել ժողովրդական պատգամավորներ։

Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխա­նություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականա­տիրություն։ Եվ ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ սահմանման խախտումով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփա­կանությունն օտարվել ու դարձել օտար երկրների և տեղական մասնավոր ընկերու­թյունների սեփականություն։

Հատկապես ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների հակաիրավական օտարումով մասնավորեցումն ու դրանց մենա­շընորհային կարգավիճակ տալը, երբ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, աններելի հանցագործ ոտնձգություն էր մեր երկրի պետականության և ժողովրդի կյանքի անվտանգության նկատմամբ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համակարգն է ծնում թե՛ տոտալիտարիզմ, թե՛ այդ համակարգում առանցքային անձեր։

Եվ ուրեմն, առանց ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ դրույթին համապատասխան սեփականու­թյան իրավունքի կիրառության, և առանց ՀՀ քաղաքացիներին պատկանող երկրի հիմ­նական հարստության աղբյուրների արդարացի վերաբախշման, հնարավոր չէ նախ­կին վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մեջ կոսմետիկ փոփոխու­թյուններով ունենալ ժողովրդավարական պետություն։

Եվ քանի որ այսօրվա ՀՀ Ազ­գային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից սատարած «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը ենթադրում էր ոչ թե մեկ անձի պարզունակ մերժում, այլ վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մերժում, ապա մենք՝ «Համա­հայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամ­ներս, առաջարկում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակար­գում առաջին հերթին քննել հետևյալ կարևորագույն հիմնարար խնդիրները․

Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ նախագահների 
ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝ 

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական օտար­ման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,

2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի ծախ­սումների մանրամասններն ի լույս հանելով,

3) ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։  

Բ)  Փոխել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ Անկախության Հռչակագրով (7-րդ կետ) հաստատված է՝ 

«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակու­թային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:

Այս դրույթը վերահաստատված է 2015թ․-ին  ՀՀ Սահմանադրության  նախաբանում, սակայն նույն սահմանադրության 10-րդ հոդվածի  2-րդ կետով սահմանված է՝ «Ընդեր­քը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ինչը ակնհայ­տորեն հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին ու ՀՀ Սահմանադրության նախա­բանում ամրագրված «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին»: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը չի եղել ՀՀ Սահմանադրության նախագծում, որը ներկայացված է եղել ժողո­վըրդի քննարկմանը, այլ անօրինական կերպով ընդգրկվել է ՀՀ Սահմանադրության տեքստում անմիջապես հանրաքվեից առաջ։

Ժողովրդավարական պետության հիմնական, առանցքային և ուղղակի խնդիրն է ժողովրդի սեփականության պաշտպանությունը արտաքին ու ներքին ոտնձգություն­ներից: Սակայն 2015թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրվել է տրա­մագծորեն հակառակը՝ բնական ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը վերագրվել է պետությանը: Այսպիսով, տեղի է ունեցել ժողովրդի սեփակա­նության յուրացում և այդ հանցագործությունն ամրագրվել է պետության բարձրագույն 
օրենքով, որից ավելի հակաիրավական ակտ անհնար է պատկերացնել: Այդ հակաիրա­վական դրույթը պետք է անհապաղ փոխել ու սահմանադրորեն ժողովրդին վերա­դարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը:  

ՀՀ Ազգային Ժողովի hարգելի պատգամավորներ, 
Վերոնշյալ երկու հիմնարար խնդիրների նկատմամբ ձեր դրական դիրքորո­շումը, որն առանցքային է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքի և սեփա­կանության իրավունքի առումով, կլինի նախկին վարչաօլիգարխիկ համակարգի իրա­կան մերժում, և հայ ժողովրդի հավաքական ցանկությունը՝ հին համակարգի նկատ­մամբ հեղափոխությունը, իսկապես կմտնի իրագործման փուլ, որի համար դուք ստա­ցել եք ժողովրդի վստահությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հանձնագիրը (մանդատը)։   

Արթուր Արմին Բաբայան 
(Մշակութաբան, հրապարակախոս) 

Ստեփան Սահակյան
(Ֆիզիկամաթեմատիկական 
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Արամ Գաբրիելյան
(Բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական 
գիտությունների թեկնածու)

Հրաչիկ Հակոբջանյան
(Բանասիրական գիտությունների 
թեկնածու, դոցենտ)

Խաչատուր Խաչատրյան
(Գյուղատնտես)

Կարինե Հակոբյան
(Հասարակագետ, մշակութաբան)

Գևորգ Յազիչյան
(Պատմական գիտությունների թեկնածու)

Անի Կաղինյան
(Տնտեսագետ)

Վահե Անթանեսյան  
(Պատմաբան)

Բարսեղ Թումանյան
(Օպերային երգիչ, 
ՀՀ ժողովրդական արտիստ)

Սամվել Կարապետյան
(Մշակութաբան)

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՀ) շարժման նպատակը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր անօտարելի իրավունքների պահանջատերը դարձնելով և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններ կատարելով, Հայաստանի Հանրապետությունը ազգային ժողովրդավարական պետություն դարձնելն է։

Ըստ ՀԱՀ հիմնարար սկզբունքի՝ Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» շարժման գործունեությունը դառնալու է քաղաքական, հասարակական և մշակութային օրինական պայքար՝ Հայաստանի Հանրապետության և համայն հայության շահերի, իրավունքների, ծրագրային խնդիրների իրագործման և կայացման համար։

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» նախաձեռնությանը կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող այն անհատները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք կիսում են ՀԱՀ նախաձեռնության հիմնադրույթների էությունը (տես «Համակարգային Ժողովրդավարություն»)։