Հարգանքի արժանի քայլ

Հարգանքի արժանի քայլ

Վիլնյուսի շրջանային դատարանը հեռակա կարգով տասը տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովին: Վերջինս մեղադրվում է որպես պատերազմական հանցագործ:

Գործի փաստական հիմք են հանդիսացել Վիլնյուսի 1991թ. հունվարի 13-ի դեպքերը, երբ խորհրդային զինված ուժերը հարձակվել են խաղաղ բնակչության վրա, ինչի հետեւանքով եղել են մարդկային զոհեր: Գործով անցնում են նախկին խորհրդային այլ զինվորականներ եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Շատերի նկատմամբ կայացվել է հեռակա դատավճիռ, դատարանի առջեւ կանգնել են ՌԴ երկու քաղաքացիներ: Իրավական ակտն, այսպիսով, վերջակետ է դնում քաղաքական բանավեճին. փորձ է արվել անկախություն հռչակած Լիտվան զինված միջամտությամբ վերադարձնել ԽՍՀՄ կազմ: Նման դատավճիռ կայացնելու համար լիտվական արդարադատությունը մանրակրկիտ աշխատել է շուրջ երեսուն տարի: Դա հարգանքի արժանի քայլ է եւ վկայում է, որ մերձբալթյան երկիրը վերջնականապես փակում է խորհրդային անցյալի ողբերգական էջը եւ նպատակադրվում ապագա ազատ եւ օրինական զարգացման: Վիլնյուսի շրջանային դատարանի վճիռն ակամայից մղում է մտածել, թե ինչու՞ անկախություն հռչակած Արցախում այդպես էլ  քրեական գործ չհարուցվեց «Կոլցո» օպերացիայի գործով, մեղադրանք չառաջադրվեց այն անմիջապես իրականացնողներին եւ քաղաքական պատվիրատուներին: Ի՞նչը խանգարեց գնալու մարդկության դեմ այդ հանցագործությունն իրավական վճռով դատապարտելու քայլին:

Ինչու՞ մենք բավարարվում ենք միայն առիթից-առիթ որեւէ խորհրդարանականի կամ դեպքերի ականատեսի մակարդակով արվող, շատ հաճախ ոչինչ չասող, հայտարարությամբ, չենք միջազգայնացնում խաղաղ բնակչության ռազմական ուժով դեպորտացիայի ենթարկելու իրողությունը: Չե՞նք ուզում խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ, որը ԽՍՀՄ իրավահաջորդն է:

Ըստ երեւույթին՝ այո, պատճառը դա է: Եւ դա նոր երկյուղածություն չէ: ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարի ամբիոնից մերձբալթյան պատվիրակները բարձրացրին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հակաօրինականության հարցը, պնդեցին, հասան նրան, որ Խորհրդային Միությունը բացեց արխիվները, ընդունեց գերմանա-խորհրդային գաղտնի պայմանագրի գոյության փաստը: Նույն համագումարի ամբիոնից արցախցի պատվիրակները երկու տարի անընդմեջ Ռուսաստանին, ռուս ժողովրդին նվիրվածության հրավառություն էին կազմակերպում:

Ոչ ոքի մտքով չանցավ՝ քննարկման առարկա դարձնելու հարցը՝ բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն իրավասու՞ էր որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ոչ ոք չբարձրացրեց այդ որոշումը միջազգային իրավունքին հակասող, հետեւաբար՝ իրավական ուժ չունեցող ճանաչելու հարցը: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք՝ եթե ԽՍՀՄ-ում ԳԿՉՊ-ն 1991-ի օգոստոսին հաղթեր, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը «լուծվելու էր» ռազմական դրության իրավիճակին հարիր ձեւով եւ միջոցներով: Բայց մենք լռում ենք նաեւ այսօր: Որեւէ մեկը փորձել է պարզել՝ գուցե Մոսկվայի  1991թ. մարտի 16-ի ռուս -թուրքական պայմանագի՞րն էլ ունի գաղտնի հավելված, որով կանխորոշվել է ԼՂ կարգավիճակի հարցը: