«Ժողովուրդ». Սյունիքն աժիոտաժի մեջ է. ինչպես են պատրաստվում դիմավորել Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ». Սյունիքն աժիոտաժի մեջ է. ինչպես են պատրաստվում դիմավորել Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզից կսկսի սահմանադրական փոփոխությունների մարզային քարոզարշավը: Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետն առավոտյան ուղղաթիռով միանգամից իջնելու է Սյունիքի մարզի Ագարակ քաղաք, որտեղից էլ նախատեսված է սկսել քարոզարշավը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքներում աժիոտաժ է տիրում, քանի որ բոլորը ցանկանում են հավուր պատշաճի դիմավորել Նիկոլ Փաշինյանին:

Երեկ դա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ հայտարարելով, թե իրենք պատրաստվում են դիմավորել վարչապետին: «Իհարկե պատրաստվում ենք, հանրապետության վարչապետն է գալիս, մենք մեր մասով, կոմունալ ծառայությունը՝ իր մասով, մաքրությունը եւ այլն, այդքանը: Դե մենք միշտ էլ մաքրությունով զբաղվում ենք, բայց վաղը մի քիչ տարբերություն պետք է լինի էլի, ամեն դեպքում, լիքը հյուրեր են գալու մայրաքաղաքից, գան, ավելի մաքուր տեսնեն մեր համայնքը», – մեզ հետ զրույցում նշեց նա:

Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի ակտիվ քարոզարշավ իշխանության ներկայացուցիչներն, ըստ էության, սկսել են միայն մարտի 7-ից, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ էին: Եվ պատգամավորները, վարչապետից զատ, այս օրերին գնում են տնից տուն, անձամբ բուկլետ բաժանում եւ շփվում բնակիչների հետ: Իսկ, ահա, վարչապետը քարոզարշավ կանցկացնի նաեւ հանրահավաքների միջոցով:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվանից արձակուրդ է վերցնում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այսօրվա քարոզարշավին Նիկոլ Փաշինյանին կուղեկցեն «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում