Հերիք է գլուխները հաշվեք

Հերիք է գլուխները հաշվեք

Այ ժողովուրդ, անհարմար է` բավական է հավաքների մասնակիցներին հաշվեք: Սա ի՞նչ հիվանդություն է: Ընդ որում` հաշվում են երկուստեք, եւ երկուսն էլ խեղաթյուրում են թվերը` կարծես դրանով է պայմանավորված իշխանությանը մնալը կամ գնալը: Իշխանությունը հաշվում է ու փառավորվում, թե քիչ են մասնակցողները, սրանով հեղափոխություն չեք կարող անել: Ընդդիմությունը հաշվում է եւ սկսում մարդկանց աղերսել, թե` եկեք, մասնակցեք, մեր հայրենիքի հարցն է վճռվում: Դե, իսկ կողքից տարբեր մուտիլովշչիկներ «պրոֆեսիոնալ» հաշվողներ են դարձել եւ ծառայություններ են մատուցում նրանց: Ո՛չ մասնակիցների մեծաքանակությամբ ուրախացեք ու տխրեք, ո՛չ էլ` սակավությամբ: Որովհետեւ ցույցերին մասնակցողները ոչխարի հոտ չեն, որ գլուխները հաշվեք եւ ուրախանաք դրանց բազմանալուց` ամեն մի գլուխը լրացուցիչ կաթ ու մածունի, այսինքն` եկամտի աղբյուր լինի: Ոչ էլ դուշմանի ոչխարի հոտն է, որի աճից տխրեք ու նախանձից տապակվեք:

Առհասարակ` ցանկացած երկրում ակտիվ զանգվածը` կախված իրավիճակից, տարբեր է լինում, եւ մարդկանց քանակով չէ պայմանավորված, թե դեպքերն ինչպես կզարգանան եւ ինչով կավարտվեն: Միամտություն է կարծել, թե հարյուր հազարների փողոց դուրս գալը հարցի լուծում է` Նիկոլ Փաշինյանը կամովին կհեռանա: Հենց միայն այն, որ 4 տարի շարունակ Սերժ Սարգսյանին մեղադրանքներ են ուղղվել, թե ինչու հրաժարական տվեցիր, բավական է, որ Փաշինյանը կամովին հրաժարական չտա: Բացի այդ` երկու անգամ նույն գետը մտնել հնարավոր չէ․ այս անգամ հեռացումը, փոփոխությունն այլ կերպ են լինելու: Իսկ որպեսզի շատ չկարեւորեք փողոցում գտնվողների թվաքանակը, ընդամենը հիշեք, որ 2017 թվականին ոչ մի մարդ չկար փողոցում, ՀՀԿ-ն 700 հազար ձայն էր ստացել, ու ընդդիմությունն էլ դա չէր վիճարկում: