Կարծես սուր ռեակցիաներ չեղան․ Ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ

Կարծես սուր ռեակցիաներ չեղան․ Ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ

ՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին նախօրեին թատրոնի աշխատակազմին հայտնել էր մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ըստ Ն․ Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆրեդ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը, ով թատրոնը ղեկավարում էր 1999թ-ից․ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։

Թատրոնի նորանշանակ տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշանակումը համաձայնեցվել է իր հետ եւ այն ընդունել է մեծ պատասխանատվությամբ․ «Սա իմ հարազատ թատրոնն է եւ հարազատ մշակույթի օջախում աշխատել, փորձել օգտակար լինել մեծ պատասխանատվություն է, որը սիրով եմ ընդունել, որովհետեւ սա մեր տունն է»։

Թե գործընկերների կողմից ինչպես է ընդունվել, Իգիթխանյանն ասաց․ «Կարծես թե սուր ռեակցիաներ եւ քննարկումներ չեղան, ամեն դեպքում ժողովն ընթացավ նորմալ»։ 

Իգիթխանյանը, չնայած թատրոնը եւ թատերական աշխարհի պռոբլեմները ներսից գիտի, բայց կարծում է, որ 6 ամիսը շատ փոքր ժամանակահատված է ինչ- որ հստակ լուծումներ տալու համար։ Այդուհանդերձ, երբ մրցույթ հայտարարվի ինքը մասնակցության հայտ կներկայացնի։ Նա նաեւ նկատեց, որ ունի արդեն նախկին տնօրեն՝ Ֆ․ Դավթյանի աջակցությունը․ «Մենք շատ ջերմ եւ լավ հարաբերություններ ունենք»: