Սև ամպեր՝ «Հրազդանի անտառտնտեսություն» տնօրենի գլխին

Սև ամպեր՝ «Հրազդանի անտառտնտեսություն» տնօրենի գլխին

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ բնապահպանության նախարարության Կոտայքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերի տնօրենները հարցաքննության են կանչվել Կոտայքի մարզային քննչական վարչությանում: Բանն այն է, որ տարիներ շարունակ  «կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար գումարներ է փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) մասնաճյուղերին, սակայն այդ գումարները նպատակին չեն ծառայել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատեց տեղեկությունը. «Կա հարուցված քրեական գործ 179 հոդված 3 մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ, նախաքննությունը շարունակվում է: Այս պահին ձերբակալվածներ չկան»:

Հավելենք, որ միայն 2016 թվականի հունիսի 2-ի 564 -Ն որոշմամբ գործադիրը 46 264 000 դրամ է հատկացնելու ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը անտառի համար: Այդ գումարի ամենամեծ մասնաբաժինը՝ 17 683 900 դրամը, ուղղվելու է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար:

Հաջորդ խոշոր մասնաբաժինը՝ 13 708 400 դրամը հատկացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) 100 հա տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար: 2015թ-ին, գործադրի որոշմամբ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեկ այլ 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 14. 730. 000 դրամ: