Տասնյակ տարիներով այս հիվանդանոցը մոռացվել է

Տասնյակ տարիներով այս հիվանդանոցը մոռացվել է

Մոտ 3 ամիս առաջ փոխվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի»՝ նախկինում «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի» տնօրենը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Վանեսյանը, ում նկատմամաբ և հարուցվեց քրեական գործ, այժմ կետնրոնի տնօրենը նախկինում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն է։ Ձեզ ենք ներկայացնում «Հրապարակի» հացազրույցը Սերգեյ Խաչատրյանի հետ․ 


-Պարոն Խաչատրյան, 3 ամիս է, ինչ Դուք կենտրոնի տնօրենն եք, ի՞նչ խնդիրներ եք նկատել , և ի՞նչ եք փոխել։ 

 - Եթե մեղմ ասեմ, ապա հիվանդանոցը բարվոք վիճակի մեջ չէ, դա բոլորը տեսել են, բոլորը գիտեն, սանիտարական վիճակը այդքան լավը չէ՝ և՛ զուգարնները, և ՛ սանիտարական վիճակը որոժակի խնդիրներ ունեն։ Տարիներ ի վեր այս հիմնարկում կոյուղու խնդիր կա, լցվում է, բացվում է, հետո էլի է լցվում։ Հիամ այդ կոյուղու խնդիրը սրացել է։ Հիմա մենք կամ պետք է փող ունենանք՝ քանդելու և նոր կոյուղի կառուցելու , կամ պիտի պայմանավորվենք, որ մեր գործընկերները ջմուղից, «Վիոլա»-ից գան և բացեն։ Մենք գնացել ենք 2-րդ ճանապարհով։ Ես արդեն խոսել եմ բազմաթիվ մասնագետների հետ, ունեմ պայմանավորվածություններ։ Հին կոյուղագծերը, որոնք 79 թվականին կառուցվել են, արդեն մարշվել են։ Իհարկե, անընդհատ ինչ-որ վերանորոգման աշխատանքներ կատարվել են, բայց դրանք նորից ամբողջությամբ փոխելու խնդիր կա։ Ջրամատակարարման համակարգը էլի նույն փտած խողովակներով է։ Երբ որ ես առաջին օրը եկա, ամեն ծորակից ջուր էր ծորում։ Հունվարի 1-ից սկսած մեր աշխատակիցները հատիկ առ հատիկ ձգել են, այստեղ այդ խիստ խնայողության մոտեցումն էլ կարողա լինի, որովհետև ջուրը ծորում է, մենք ջրի փող ենք տալիս և խնդիր ենք ունենում մեր պարտքները փակելու հետ։ Խնդիրները բազմաթիվ են, սկսած պահեստից՝ այնտեղ պատշաճ սանիտարական պայմաններ ստեղծելու հետ կապված։ Սննսի պահեստը բերել ենք իդեալական վիճակի։ Մեր սննդի մատակարարները պայմանագրին համապատասխան բերում և հասցնում են այն ամենը, ինչ  ճաշացակով և սննդակարգով անհրաժեշտ է մեր հիվանդների համար։ Հիվանդների կերակրման ժամանակահատվածի հետ կապված փոփոխություններ ենք իրականացնել․ 11-ից շուտ չէին նախաճաշում, հետո մի հատ էլ 15 ։30-ից  16 ։00-ին ճաշում, հետո, քանի որ աշխատանքային օրը ավարտվում էր, ընթրիքն էլ 18։ 30-ին էր։  15 ։30-ից 18։30 ընկած ժամանակահատվածում հիվանդը չէր հասցնում լիարժեք սովածանալ։  Հիմա փոխել ենք, առաջին սնունդը իրեն ստանում են պարտադիր 9։30-ին։ Երբ , որ հիվանդը սնվում էր վերջին անգամ 18։30-ին, մինչ առավոտյան 11-ը նա սովածանում էր, մենք՝ բոլորս էլ գիշերը մի ինչ-որ փոքր բան ընդունում ենք, այս մարդիկ այդ հնարավորությունը չունեն, դրա համար բերեցինք ժամը 9-ին։ 15։ 00-ի փոխարեն ճաշը դարձրինք ժամը 14։00-ին, դրանից հետո արդեն 18։00-ին։ Հիմա որոշակի փոփոխություններ ենք անում աշխատավարձերի հետ կապված, մեր ավտոբուսի երթուղին ենք ուզում ճշտել, նաև որքան հավելյալ գազ է պետք, որպեսզի սնունդը բաժանող մեր աշխատակիցները կարողանան տուն գնալ ոչ թե ժամը 18։30, այլ 19։30։ Աշխատանքային օրենսգրքի հետ կապված խնդիր կա, բայց արդեն գրեթե կարգավորել ենք, իրենք որոշակի հավելյալ աշխատավարձի դիմաց պատրաստ են և համաձայն են աշխատել։

- Իսկ ինչերից է բաղկացած հիվանդների սննդակարգը։

-  Կառավարության որոշմամաբ հաստատված սննդակարգ կա հոգեբուժական հիվանդանոցների համար, թե որոշակի կալորիականությունից բացի նաև ինչ պետք է պարունակի։ Մինչև հիմա ոչ մի խնդիր չի եղել, ամբողջությամբ ապահովել են։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում կարագի մատակարարման հետ կապված խնդիրներ են եղել, հիմա վերկանգնել ենք։ Ասեմ նաև, որ այդպիսի օր չկա, որ ես չգնամ և չփորձեմ իրենց սնունդը, որ չնայեմ ու ինձ չզեկուցեն, թե ինչի կարիք ունեն և ինչ են պատրաստում։ Նախկինում՝ շատ վաղուց, բոլոր հիվանդանոցներում հերթապահ բժիշկը պարտադիր ստորագրում էր սննդամթերքի համային հատկանիշների հետ կապված, հիմա դա էլ ենք վերականգնել, ինձ ամեն օր զեկուցում են, որ հերթապահ բժիշկը ամեն օր պարտադիր գալիս է խոհանոց, խոհանոցում տեսնում է, թե ամեն բան նորմալ է, պատրաստվող ճաշերն է տեսնում, փորձում է, և անպայման գրանցում, որ ճաշը նորմալ է։ Ինձ օրինակ այսօր եկան, ասացին, որ հիվանդները շատ գոհ են  այդ վերաբերմունքի համար։

- Այցելությունների կարգն ինչպե՞ս է, հարազատները հաճախ են այցելում։

- Մենք ոչ մի խոչնդոտ չենք ստեղծում, իրենց հարազատները այցելում են, այցելությունների մատյանում գրանցվում է, թե որ ժամին է իր հարազատը կամ խնամակալը եկել իրեն տեսնելու։ հատուկ սենյակ ունենք, որը առանձնացված է, և այդտեղ իրենք կարող են շփվել այնքան, որքան որ ցանկանան։ Մենք այժմ օրակարգ ենք հաստատելու, և այդտեղ հստակ գրված է լինելու, որ ժամը 11-ից սկսած մինչև երեկոյան 21։30  այցելությունները ազատ են, ոչ ոք իրենց չի խոչնդոտելու։

- Նրսում մարդիկ տեղյա՞կ են, թե ինչեր է կատարվում Հայաստանում, հեռուստացույց ունե՞ն, հետևում են ներհայաստանյան զարգացումներին։

- Կան մարդիկ, ովքեր հետրևում են, կան մարդիկ, ովքեր իրենց հիվանդությունից ելնելով չեն կարողանում հետևել։ Տարբեր մարդիկ են այստեղ։ Այն տպավորությունը, որ կա մարդկանց մոտ, թե այստեղ ինչ-որ հուսահատության մթնոլորտ է, դա իրականություն չէ։ Այստեղ մարդիկ ապրում են իրենց կյանքով , որոշակի սահամանափակումներով, բայց իրենք իրենց ցանկությունները իրականացնելու հնարավորություն ունեն։ Օրինակ՝ եթե ինքը կարիք ունի ինչ-որ մի բան ձեռք բերելու, մենք հատուկ ձևեր ունենք, ու եթե այդ մարդը գումար ունի՝ իր թոշակը  կամ իր հարազատների տված փողը, տալիս է բուժքրոջը՝ հատուկ ձևի մեջ նշելով, թե ինքը ինչ է ուզում, քույրը ձեռք է բերում, տալիս է իրեն և ստորագրվում է։ Այսինքն՝ այնպես չէ, որ այդ մարդիկ ամբողջությամբ կտրված են այս կյանքից, կարծես անհույս մի մութ տեղում են գտնվում, դա այդպես չէ։ Մենք ունենք գրադարան, ճիշտ է՝ այդ գրադարանից շատ քչերն են օգտվում, մենք ունենք մարդիկ, ովքեր նկարում են, մենք ունենք մարդիկ, ովքեր երգում ու երաժշտություն են գրում։ Այստեղ կյանքը շարունակվում է։ Մեր միսիան այդ կյանքը ապահովելն է, իրենց իրավիճակը ավելի ճիշտ գնահատող դարձնելն է, իրենց համար նորմալ սնունդ ու շոր ապահովելն է։ Մենք տաք շորի խնդիր ունեինք և հիմա էլ ունենք։ Երբ որ իրենց հարցնում էինք, թե ինչու դուրս չէին գալիս զբոսնելու, մեծ մասն ասում էին, որ տաք շոր չունեն, դրսում ցուրտ է։ Ակցիա կազմակերպեցինք, շատ մարդիկ, մենք էլ մեր տներից, մեր աշխատեղները իրենց տներից շորեր բերեցին։ Ամեն տանն էլ շոր կա, չէ՞, որ չեն օգտագործում։ Բերեցինք, և հիմա կտրուկ մեծացել է, բաժանմունքներ ունենք, որ մարդիկ 100 տոկոսով դուրս են գալիս զբոսանքի։

- Իսկ հարազատները չե՞ն բերում հագուստ կամ սնունդ։

- Պետք է հասկանալ, որ հիվանդների մեծ մասի ընտանիքները սոցիալապես անապահով են, չունեն այդ հնարավորությունը։ Որ ունենային, հաստատ կօգնեին։ բայց, ցավոք սրտի, չեն կարողանում օգնել, իրենց հոգսերն էլ են շատ։ դա մեզ վրա է։ Երևի այդ մարդասիրական ճանապարհով օգնություն ստանալը վատ չէ, որովհետև մարդիկ ինչ-որ մի բանով օգնում են, հոգու պարտք են կատարում։ Շատ մարդիկ են արձագանքել, ահագին շերեր էին բերել, նույնիսկ բավականին թանկարժեք։

- Պարոն Խաչատրյան, տնօրենի պաշտոնը ստանձնելուց ի վեր խախտումներ հայտնաբերե՞լ եք, որոնց համար կարող եք նաև իրավապահներին դիմել։

- Գիտեք՝ ճիշտն ասած ես չգիտեմ թե դա խախտո՞ւմ է,  բայց ես հասկանում եմ մի բան, որ այն, ինչ ես տեսնում եմ, նորմալ չէ։ Մենք խոսեցինք սանիտարական վիճակի մասին, մենք խոսեցինք մաշված անկողինների մասին։ սա է հնարավորությունը, բայց ինձ համար անընդունելի է այդ իրավիճակը։ Դրա համար ես դիմել եմ շատ կազմակերպությունների՝ այդ թվում իմ ընկերներին , որ եթե հնարավորություն ունենան, մեզ մահճակալներ ուղարկեն։ 410 մահճակալի տեղ ունենք, ոչ մի հատ նորմալ մահճակալ չունենք։ Տասնյակ տարիներով այս հիվանդանոցը մոռացվել է ու ուշադրութ չեն դարձրել, ֆինանսավորումը չի հերիքել , դա անելու համար։ Դա խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Խախտում չէ, դա կրիմինալ չէ։ Յուրաքանչյուր տնօրեն իր ձևով է աշխատում, հնարավորություն  ունեցե՞լ է արել է, հնարավորություն չի ունեցել, չի արել, չի էլ փորձել օրինակ։ կամ գուցե փորձել է, չի ստացվել, այդքան հեշտ էլ չէ»։
 

Շարունակելի