Ո՞րն է ամենավատ երկիրը կանանց համար

Ո՞րն է ամենավատ երկիրը կանանց համար

Աֆղանստանը համարվում է կանանց համար ամենավատ երկիրը, որտեղ կանայք պայքարում են նույնիսկ կյանքի իրավունքի համար։ Այս մասին գրում է Time հանդեսը։ Պարբերականը ներկայացրել է 23 տարեկան Հադիջայի պատմությունը, որը երեք ամսական որդի ունի եւ փորձել է ինքնասպանություն գործել։ Բարեբախտաբար փորձը ձախողվել է եւ երիտասարդ կինը հայտնվել է հիվանդանոցում։ Հադիջան խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, որպեսզի ազատվի ընտանեկան բռնություններից։

Time-ը մանրամասնում է, որ չորս տարի շարունակ նրան ծեծել է ամուսինը՝ ասելով, որ նա հիմար է, տգեղ եւ ոչինչ է ներկայացնում իրենից։ «Կանայք ընտրության հնարավորություն չունեն եւ եթե նման հնարավորություն ունենայնի, երբեք չէին ամուսնանա։ Մենք բոլորս բանտարկյալի նման շղթաների մեջ ենք այդ երկրում»,- ասել է երիտասարդ կինը։ Հադիջան պատմել է, որ ամուսնու հարազատները ստանձնել են որդու խնամակալությունը, քանի որ ինքը դիմել է ոստիկանություն, եւ ամուսինը հիմա բանտում է։

Սակայն իրեն վերջնագիր են ներկայացրել, որ կկարողանա երեխային տեսնել, եթե բողոքը հետ վերցնի։ Պարբերականը գրում է, որ Աֆղանստանում կանանց մոտ 90 տոկոսը անգրագետ է, 80 տոկոսի դեպքում հարկադիր ամուսնության պարտադրանք կա՝ շատ դեպքերում նույնիսկ մանկական տարիքում։