Ալիեւի աստեղային ժամն ու տղայական պարծենկոտությունը

Ալիեւի աստեղային ժամն ու տղայական պարծենկոտությունը

Առաջին կիսամյակի արդյունքները ներկայացնելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին անսպասելի հայտարարություն է արել. «Մենք բյուջեն ավելացրել ենք ոչ միայն նավթի գների բարձրացման արդյունքում։ Դա հնարավոր դարձավ ճշգրտումների, ինչպես նաև իրականացված բարեփոխումների շնորհիվ։ Այո, աշխարհում նավթի գները բարձրացել են, բայց դրա հետ մեկտեղ կապիտալի համաշխարհային շուկաները անկում են ապրել, սա պետք է հասկանան բոլորը»։ Ըստ Ալիեւի, պետական բյուջեն ավելացել է ոչ այդքան նավթի գնի բարձրացմամբ, որքան՝ իր վարած «լուրջ» տնտեսական քաղաքականությամբ ու «բարեփոխումներով»: Ադրբեջանի բյուջեի եկամուտները հասել է 29,2 միլիարդ մանաթի և ծախսերը բարձրացել 32,3 միլիարդ մանաթից, ինչը վկայում է պետական գանձարանի ընդհանուր եկամուտների աճի մասին: Նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումներն այս տարվա ընդամենը վեց ամսում թույլ են տվել հարկային ոլորտում հավաքել երկու միլիարդ մանաթ ավելի, քան կանխատեսվում էր։ Նախագահն այս փաստը բացատրում է նրանով, որ Ադրբեջանի կառավարության գործունեությունը ձեռք է բերել թափանցիկություն, ճշգրտություն և հաշվետվողականություն։

«Մենք ապրում ենք մեր հաշվին»,- ընդգծել է Իլհամ Ալիևը, -«Մեզ ոչ ոք չի օգնում, երբեք չի օգնել ու չի օգնի։ Հետևաբար, մենք ինքներս ենք ստեղծում մեր կյանքը: Մենք ոչ մեկի գործերին չենք խառնվում, բայց միևնույն ժամանակ թույլ չենք տալիս որևէ մեկին խառնվել մեր գործերին։ Նորից եմ ասում՝ տնտեսական անկախությունը քաղաքական անկախության հիմնաքարն է»։
Ադրբեջանական քարոզչամեքենան այս հաջողությունները կապում է նաեւ Ալիեւի՝ մի քանի տարի առաջ գործարարներին ուղղված կոչի հետ՝ հրաժարվել «ստվերային» տնտեսության արատավոր մեթոդներից.  «Նրանց համար, ովքեր չեն լսել նախագահի կոչը կամ ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել նրան, տպավորիչ դաս է տրվել. Արդյունքում ավելացել է պետության հարկերի հավաքագրումը, բարձրացել է բնակչության կենսամակարդակը»։

Ստացվում է, որ Ալիեւը հիմարի տեղ է դնում իր հասարակությանը: Նա համաշխարհային շուկայում նավթի գնի արդյունքում իր երկրի ունեցած ֆինանսական հաջողությունները կապում է իր տնտեսագիտական «տաղանդի» հետ: Եթե նավթի գինը բարձրացել է, ապա, բնականաբար, նավթային Ադրբեջանը պետք է հարստանա: Սա պարզ տրամաբանություն է: Ադրբեջանի բյուջեի ավելացումը համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների արդյունք է: Այստեղ, պարազապես, պարծենկոտ Ալիեւի բախտը բերել է, եւ նա հերթական անգամ տղայական գլուխգովանությամբ է զբաղված: Եթե ադրբեջանցի գործարարաներին նա «մաքուրով» աշխատելու կոչ է արել մի քանի տարի առաջ, ապա ինչո՞ւ է դրա դրական արդյունքը երեւում միայն այսօր: Իակ արդյո՞ք այդ կոչը վերաբերել է նաեւ ալիեւյան կլանի գործարարներին, որոնք իրենց բռի մեջ են պահում ողջ ադրբեջանական տնտեսությունը, իրենց անձնական հարստությունն ապահովելով եւ ավելի աղքատացնելով շարքային ադրբեջանցիներին: Այս հայատարարությամբ Ալիեւը պարզապես ուզում է դիվիդենտներ հավաքել եւ մեղմել Արբեջանում օր-օրի հասունացող սոցիալական բողոքն` իր ընտանեկան կլանի ու բռնապետության դեմ: 

Վերջին տարիները, կարելի է ասել, Ալիեւի աստեղային ժամն է. նրա համար բախտի անիվը աջ է պտտվում եւ, անձնական հարստության մոլուցքով տառապող այդ անտաղանդ ու փոքրոգի ղեկավարի վարկանիշը բարձրանում է արտաքին գործոնների «շնորհիվ»: Իսկ Հայաստանում արտաքին ուժերի ազդեցությամբ իշխանության եկավ մի մարդ՝ իր թիմով, ով, ի տարբերություն իր նախորդների, ոչ միայն թույլ է, այլեւ ենթարկվող ու հայրենիքի արժեքը չիմացող: Սա պարզապես իսկական նվեր է Ալիեւի համար: Ի վերջո, չենք մոռացել, թե ինչ գլխիկոր վիճակում էին հայր եւ որդի Ալիեւները ՀՀ նախորդ ղեկավարների օրոք: Իսկ այսօր, Փաշինյանի կողքին Իլհամը հոխորտում է, գլուխ գովում, մատ թափ տալիս, սպառնում: Իսկ Հայաստանից իշխանական մակարդակով նրան պատասխանող չկա… Դա ավելի է ոգեւորում Իլհամին ու, նա վեյելում է իր «աստեղային» ժամի ողջ հաճույքը: Բայց չէ՞ որ դա կարող է ունենալ ավարտ…