Չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է արվեստագետներին օգնեն, փող տան, որ գիրք տպի

Չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է արվեստագետներին օգնեն, փող տան, որ գիրք տպի

18 նախարարությունները կրճատելու, միավորելու եւ դրանք 11-ի մեջ մեկտեղելու մասին խոսակցությունները կամաց-կամաց «միս ու արյուն» են ստանում այն առարկայական պատճառաբանությամբ, որ շռայլություն է այդքան գերատեսչություն պահելն աղքատ երկրում, երբ շատ երեխաներ դպրոց գնալու համար հագուստի եւ կոշիկի գումար չունեն։

Մասնագետներն էլ իրենց հերթին են փորձում քննարկել, թե որ նախարարություններն է պետք միավորել, որպեսզի պետական կառավարման ոլորտը ոչ թե տուժի, այլ շահի։ Առաջնահերթ խոսակցություններից է, որ պետք է միավորվեն մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարությունները։

Արվեստագետ Նորայր Այվազյանը կարծում է, որ արվեստագետն այնքան ազատ պետք է լինի իր գործով, ասելիքով, որ այդ նախարարության կարիքը չզգացվի։ «Ի՞նչը պետք է կորդինացնի այդ նախարարությունը։ Եվ ընդհանրապես կրթությունն ու մշակույթը ես իրարից չեմ տարբերում, դրանք անջատել հնարավոր չէ։ Եթե կա հանրակրթություն, ապա պետք է լինի պարտադիր գեղարվեստական հանրակրթություն։ Այնպես որ՝ եթե միավորումը ճիշտ է։ Դպրոցից սկսած՝ մշակույթն ու կրթությունը մինչեւ վերջ պետք է իրար հետ լինեն։ Պետք է սովորեցնել մշակութային լեզուն այնպես, ինչպես այբբենարանը։ Գեղարվեստական կրթությունն էլ ունի իր օրինաչափությունները, եւ դրանք պետք է նայել մեկ ամբողջության մեջ։ Իսկ այն, որ պետք է արվեստագետներին օգնեն, փող տան, որ գիրք գրի, ես չգիտեմ տենց բան։ Այդ բոլորը պետք է կորդինացվի մի համակարգի մեջ, օգնությունը պետք է լինի պետական միջամտությունը, որ ունենան արվեստանոցներ, կապեր լինեն աշխարհի հետ։ Կարծում եմ, որ նախարարությունները միավորելը ճիշտ է»,- մեզ հետ զրույցում նշեց Նորայր Այվազյանը։