Նիկոլ Փաշինյանը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց (տեսանյութ)

2017 թվականին «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով նիստն այսօր հետաձգվեց, քանի որ նիստին ներկայացել էր միայն ամբաստանյալը՝ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը։ Այսօրվա նիստին որպես վկա նախատեսվում էր հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա նիստին չէր ներկայացել։

Ամբաստանյալը ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելը նպատակահարմար չէ եւ չի կարող էական հանգամանքներ հայտնել։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 5֊ին, ժամը 14։00֊ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում Եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում գործադրվել էր զենք: Արթուր Այվազյանին (Մանախ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):