Հայ մարդը հայ մարդուն մեկ տարուց ավել շարունակում է աննախադեպ ատել

Հայ մարդը հայ մարդուն մեկ տարուց ավել շարունակում է աննախադեպ ատել

Ձե՞ր Ազգային ժողովն էր որակական առումով ավելի լավը, թե՞ ներկայիս՝ 7-րդ գումարման խորհրդարանը՝ հարցրինք նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանին։

Նա միանշանակ պատասխան դժվարացավ տալ՝ «երեւի թե այս պահին զերծ մնամ նման գնահատական տալուց»․ «Շատ բարդ խնդիր է նման գնահատական տալը, ժամանակը ցույց կտա, քանի որ դեռեւս շատ կարճ ժամանակ է անցել պառլամենտի գործունեությունից, սակայն խնդիրներ տեսնում եմ։ Տեսնում եմ, որ պառլամենտն օրենսդրական գործունեության մասով այսօր շատ լուրջ խնդիրներ ունի, մենք չենք տեսնում բարեփոխումներին միտված լուրջ օրենսդրական աշխատանքներ, որն օրենսդիրի եւ գործադիրի փոխգործակցության արդյունք է։ Այսինքն՝ իշխանական թիմի գործունեության մասով կա հստակ երեւացող խնդիր, մնացածն արդեն ածանցյալ է։ Եթե գործող իշխանությունը հստակ ծրագիր չունի, գաղափար չունի, «իզմ»-եր չունի, ինչպես իրենք են հայտարարում, պառլամենտական ընդդիմությունն ի՞նչ անի։

Այսինքն՝ պետք է ծրագրերի մասին խոսակցություն գնա, որպեսզի բանավեճ լինի, իրենք էլ կարողանան իրենց տեսակետները փաստարկներով ներկայացնել։ Բախում լինի, առաջ գա ճշմարտությունը։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում։ Այդքանը կարող եմ ասել այս պառլամենտի մասին»։

- Հեղափոխության պատճառների մասին խոսելիս Դուք այդ իրադարձություններին տարբեր բնորոշումներ եք տվել, վերջինը «ատելության հեղափոխություն» ձեւակերպումն է։ Սակայն Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ասաց, որ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ։ Կուսակցության ղեկավարի այս հայտարարությունը չի՞ խանգարում Ձեզ այսօր քննադատել իշխանությանը։

- Ինչպես ասվել է՝ ժամանակը կգա, նախագահ Սարգսյանն այդ մասին իր կարծիքը կհայտնի եւ կպարզաբանի, ուղղակի ես տեսնում եմ, որ այսօրվա իրողություններում ոչ թե խոսքը գնում է սիրո, հանդուրժողականության, հեղափոխության մասին, երբ որ մի թիմը՝ օրինակ, իշխանության համար պայքարող, հաղթել է իշխանության մեջ գտնվող մեկ այլ թիմի, եկել է իշխանության եւ ինքը բոլորի իշխանությունն է, փորձում է բոլորի շահերից ելնելով, փորձում է բոլորի հետ համագործակցության եզրեր գտնել, այլ դրա փոխարեն ես տեսնում եմ ատելության հեղափոխություն՝ եղբայրը եղբոր դեմ, ազգականը՝ ազգականի, հայ մարդը՝ հայ մարդու դեմ։ Հայ մարդը հայ մարդուն մեկ տարուց ավել շարունակում է աննախադեպ ատել։

Ես 34 տարեկան եմ եւ իմ 34 տարվա կյանքի ընթացքում առաջին անգամ եմ առնչվում ատելության այն դրսեւորումներին, որ ամեն օր ու ամեն ժամ հանդիպում ես։ Խոսքն իմ մասին չէ, խոսքն այն դրսեւորումների մասին է, որ մենք տեսնում ենք մամուլում, փողոցում, քաղաքական եւ քաղաքականի նման գործընթացներում։ Փոխադարձ անհանդուրժողականության այս մթնոլորտը, անընդհատ գեներացվող ատելության այս զզվելի իրավիճակից մինչեւ մենք երկիրը չհանենք, չփորձենք մարդկանց բարիշացնել միմյանց հետ, տեղ չենք հասնի, լավ տեղ այս ամենը չի տանելու։

- Ինչպիսի՞ն են Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ Ձեր դիտարկմամբ։

- Թուրքիան եւ Ադրբեջանը, որ իրենց տարիներ շարունակ տարածաշրջանում հայտարարել են մեկ ազգ՝ երկու պետություն, բայց երբեք չեն ունեցել համագործակցության այն մակարդակը, ինչ ունեցել են Երեւանն ու Ստեփանակերտը, միեւնույն է՝ ես չեմ հիշում, որ հետխորհրդային շրջանում՝ 1992 թվականից սկսած, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ հրապարակային մակարդակով նման հակասություն եղած լինի, ինչը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ որ ինքն իրեն թույլ տվեց հրապարակայնորեն Արցախի ղեկավարության հետ խոսել այդ տոնով։

Սա ես համարում եմ ամենավտանգավոր իրողությունը, որը մենք այսօր ունենք, եւ ինչ-որ մի ձեւով՝ խնդրելով, պարտադրելով, պահանջելով կամ այլ կերպ, բայց այս հարցը լուծել է պետք։ Եթե Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ կա խնդիր, ապա, որպեսզի այն ուղղաթիռն էլ չփչանա, թող ուղղաթիռ նստի, գնա Ստեփանակերտ, այդ հարցը լուծի, կա՛մ Բակո Սահակյանը գա, կա՛մ հեռախոսով խոսել, բայց հրապարակային մակարդակով նման ելույթները կարող են կործանարար հետեւանքներ ունենալ։

- Դուք խոսում եք կործանարար հետեւանքների մասին, բայց Փաշինյանն ասում է, որ ամեն բան լավ է, 100 փաստ է բերում, որ իր իշխանության ժամանակ տնտեսական աճ կա, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները փայլուն են, իր ընտանիքը կոռուպցիայով չի զբաղվում, մարդիկ ավելի շատ են գիրք կարդում ու ամուսնանում։

- Դե, դա ծիծաղելի է, ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում այդ հայտարարությունները մեկնաբանել։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ինչ-որ ցուցանիշից խոսելու՝ խոսում է, ես այդտեղ ողբերգություն չեմ տեսնում։ Նշում է, որ կոռուպցիա չկա, բոլորն էլ ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ նշում են, ժամանակը ցույց կտա, թե ով ինչ արեց, ով ինչ չարեց, որը ինչ բացթողում ունեցավ։ Ամեն դեպքում, կոռուպցիայի բացակայության մասին խոսելը ծիծաղելի է, կոռուպցիայի դեմ պայքարում են համակարգային եղանակով, օրենսդրական ճանապարհով, սիստեմային մոտեցում են կոռուպցիային ցուցաբերում, եւ իր հայտարարությունից հետո, որ Հայաստանում կա 0 կոռուպցիա, մենք ձերբակալություններ ենք տեսել, այդ թվում՝ նաեւ քրեական գործեր՝ իր անմիջական շրջապատի մասով։ Սրանք քայլեր են կոռուպցիայի դեմ, բայց սրանք քայլեր են այն հայտարարությունից հետո, թե Հայաստանում կոռուպցիա չկա։

Դա այն դաշտից է, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է։ Հիմա ինչպե՞ս մեկնաբանես, ինչպե՞ս գնահատական տաս։ Երեւի ճաշակի հարց է, այդպես են ուզում՝ այդպես են ասում։ Համենայնդեպս, նույն Հանրապետական կուսակցությունում մարդկանց անուն էին տալիս՝ «օդիոզ», հիմա իրենց ընկերներն են, իրենց շրջապատն են, դոնորներն ու պարտնյորներն են իրենց հիմնադրամների, թող իրենց հետ հարաբերվեն, որոշեն՝ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։ Ամեն դեպքում՝ գործող իշխանությունն է պատասխանատու արդյունքների, մարդկանց կյանքը լավացնելու համար։ Ես իրենց միայն կարող եմ հաջողություն մաղթել, իմ գործունեությամբ էլ նպաստել, որ սխալներն ակնառու դառնան։