Վերջին 5 տարում նոր հաստիքով դիվանագետներ չեն ավելացել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է «Հրապարակին»

Վերջին 5 տարում նոր հաստիքով դիվանագետներ չեն ավելացել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է «Հրապարակին»

Ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչության շուրջ։ ՌԴ շուկաներում հայկական արտադրողների ամրապնդման համար պատասխանատու կառույցը շուտով փոխելու է կարգավիճակը։ 2001 թվականի փետրվարին ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրամանով ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Կարեն Ասոյանը, որն այսօր էլ նույն պաշտոնին է։ Իսկ նրա կնոջ՝ Ալվարդ Ասոյանի հիմնադրած «Արմիմպորտ» մասնավոր ընկերությունն արդեն 15 տարի Հայաստանի լիազոր մարմինն է հայ-ռուսական առևտրային հարթակում։ Վերջերս ՀՀ-ն ներկայացնող լիազոր մարմին ճանաչվեց ՀՀ դեսպանատունը, իսկ ներկայում կառավարությունում որոշում են, թե ինչ ուղղությամբ են վերափոխելու Հայաստանի տնտեսական շահերը ներկայացնող մարմինը։ Իսկ առևտրային ներկայացուցչությունը պայքարում է նախկին դիրքերը պահելու համար, բողոք-նամակներ է ուղարկում ԶԼՄ-ներին՝ ընդդեմ դեսպանատան ու ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի։ Նրան են մեղսագրում հայկական տոնավաճառների աշխատանքի արգելակումը Մոսկվայի փողոցներում, դեսպանատանը սիգար-ակումբ բացելը, դեսպանատանը նորոգումներ կատարելը և նույնիսկ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության բացասական շարժը։ Օրերս հարցում էինք ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն և ստացանք պատասխաններ, որոնք հրապարակում ենք ամբողջությամբ։ 

- Տեսակետ կա, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն ամեն ինչ անում է, որ Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի) հայկական տաղավարը  վերակազմավորվի, փոխանցվի ՀՀ դեսպանատանը։ Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը։ 

- Տեղեկատվությունը, որը փորձում են տարածել առանձին խմբեր տաղավարի վերաբերյալ, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ինչին բազմիցս անդրադարձել ենք։ Այն նպատակ է հետապնդում կոծկելու որոշ գործարար շրջանակների իրական շահերը, որոնք նշյալ տաղավարը տարիներ շարունակ օգտագործել են սեփական բիզնեսի ձևաչափով՝ սահմանափակելով հայկական արտադրողի հնարավորությունները ռուսաստանյան շուկայում ներկայանալու համար։ Տաղավարի հարցում լիազոր մարմնի փոփոխությունը նոր որոշում չէ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է գալիս որպես լիազոր մարմին «Մոսկվա քաղաքում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում Հայաստանի Հանրապետության «Արմենիա» ցուցահանդեսաառևտրային կենտրոնի ստեղծման մասին» ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2011թ. հունիսի 28-ի համաձայնագրի իրագործման հարցերում։ Լիազոր մարմնի կարգավիճակի ամրագրման նպատակն է տաղավարի գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդիականացումը՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին համահունչ։

ՀՀ-ն ներկայացնող լիազորված մարմնի փոփոխությունը, ինչպես նշել ենք նախկինում, որևէ կերպ չի անդրադառնում տաղավարում ներկայացված ընկերությունների հետագա գործունեության վրա՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դեսպանությունը չի զբաղվում տաղավարի կառավարման գործունեությամբ։ Տաղավարի գործունեության ապահովումն համակարգվում է ՀՀ առևտրական ներկայացուցչության կողմից, իսկ կառավարումը՝ «Արմիմպորտ» ՍՊԸ-ի կողմից, որը կառավարության որոշմամբ լիազորված է ներկայացնելու ՀՀ առևտրատնտեսական շահերը ՌԴ տարածքում։

Եթե հակիրճ, ապա՝ դեսպանության լիազորությունները սահմանափակվում են տաղավարի գործունեության հայեցակարգային ուղղությունների, այսպես ասած՝ կոնցեպտի մշակման գործընթացի համակարգմամբ՝ ռուսաստանյան պատկան մարմինների հետ համատեղ։ Դեսպանությունն իր լիազորությունների շրջանակներում որևէ կերպ չի առնչվում առևտրացուցահանդեսային գործունեության կամ դրա առանձին բաղադրիչների հետ։

Այս հարցում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր դեսպանությունը կարծում է, որ տաղավարը վաճառակետի ձևաչափից պետք է վերաճի հայկական արտադրանքի ժամանակակից և արդիականացված ցուցահանդեսային տաղավարի, որում ներկայացված կլինեն հայկական արտադրանքի նմուշները՝ սկսած գյուղատնտեսական ոլորտից մինչև IT բնագավառ։ Սա ժամանակի պահանջ ու թելադրանք է և մեծ հնարավորություն՝ խթանելու հայ և ռուս գործարար շրջանակների միջև կապերի զարգացմանն ու արտահանման ծավալների ընդլայնմանը։ Ընդ որում, տաղավարում ներգրավված գործարարները դեսպանության հետ շփումներում բազմիցս նշել են, որ համակարծիք են այն մտքի հետ, որ տաղավարը պետք է արդիականացվի և ձևավորի նոր հայեցակարգային ձևաչափ՝ շուկայում հայկական արտադրանքի առավել նպատակային տարածման նպատակով։

Ի դեպ, դեսպանությունը կարծում է, որ հայկական արտադրանքի ցուցահանդեսային հարթակներ պետք է հիմնվեն նաև ՌԴ տարբեր մարզերում։

- Ճի՞շտ է, որ 2017 թվականին ՌԴ-ում ՀՀ դեսպանը նպաստել է, որ Մոսկվայի իշխանությունը դադարեցնի հայկական տոնավաճառների գործունեությունը, որ սպառնացել եք ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանին և տոնավաճառներով զբաղվող գործարարին՝ ասելով, որ ոստիկանությանը կբողոքեք։

- ՌԴ տարածքում տոնավաճառների անցկացման կամ դրանց մասնակցության գործունեությամբ զբաղվել է ՀՀ առևտրական ներկայացուցիչը և Մոսկվայի ВДНХ-ի «Արմենիա» տաղավարի կառավարումն իրականացնող «Արմիմպորտ» ՍՊԸ-ն, որը կառավարության որոշմամբ հանդես է գալիս որպես ՌԴ տարածքում ՀՀ առևտրատնտեսական շահերի ներկայացուցիչ։ Կարևորելով տոնավաճառների անցկացումը՝ միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք մի շարք թերացումներ ու տարատեսակ խախտումներ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տոնավաճառների ընթացքում ոչ հայկական ծագմամբ արտադրանքի ներկայացմանը, ինչի մասին ահազանգել են նաև Մոսկվայի քաղաքային իշխանությունները, որոնք հանդես են գալիս որպես այդ տոնավաճառների կազմակերպիչներ։

Այս առումով դեսպանը նախազգուշացրել է տոնավաճառով զբաղվող գործարարին, որ նա հարկադրված կլինի դիմել ոստիկանություն, եթե հայկական արտադրանքին նվիրված տոնավաճառին ներկայացվեն այլ ծագմամբ ապրանքատեսակներ։

- Ճի՞շտ է, որ դեսպանը վերացրել է Հայաստանի ներկայացուցչությունը ԱՊՀ տնտեսական խորհրդում՝ Ձեր գործողությունները բացատրելով Հայաստանի բյուջեի միջոցները խնայելու նպատակով։ Եվ արդյոք Դուք խորհրդականի լրացուցիչ հաստի՞ք եք պահանջել՝ տարեկան 80-100 հազար դոլար վարձատրությամբ։

- Դեսպանությունը որևէ իրավասություն չունի «վերացնելու» կամ սահմանափակելու այս կամ այն ներկայացուցչության/ներկայացուցչի լիազորությունները որևէ տարածաշրջանային մարմնում։

ԱՊՀ տնտեսական խորհրդում ներկայացուցչի պաշտոնի փոփոխությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից, 2017 թ․-ին։ Նշյալ խորհրդում ներկայացուցչի կողմից իրականացվող գործառույթները փոխանցվել են դեսպանությանը՝ մի շարք ԱՊՀ երկրների օրինակով։

Ինչ վերաբերում է հաստիք տրամադրելու հարցին, ապա նշենք, որ դեսպանության հաստիքացուցակում վերջին 5 տարում որևէ լրացում չի կատարվել, և նոր հաստիքով դիվանագետներ չեն ավելացել։ Ավելին, վերջին մի քանի ամիսներին դեսպանությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ միասին կարողացել է ապահովել որոշ ֆինանսական խնայողություններ։

- Ի՞նչ արտ-ակումբ է բացվել դեսպանատանը։ Արդյոք ունե՞ք նման գործունեության իրավունք։ Ե՞րբ և ի՞նչ միջոցներով է նորոգվել դեսպանատան շենքը, արդյոք դա համաձայնեցվա՞ծ է եղել ՀՀ կառավարության հետ։

- Դեսպանությունում, որը տեղակայված է Լազարյանների պատմական առանձնատանը՝ կառուցված ավելի քան 200 տարի առաջ, ներկայումս շարունակվում են վերանորոգման աշխատանքները։

Վերջերս դեսպանության ջանքերով վերականգնվել է պատմական առանձնատան մաս կազմող 17-րդ դարի շինությունը, որտեղ ներկայումս տեղակայված է դեսպանության մշակութային կենտրոնի նոր արվեստի սրահ (արտ-ակումբ)։

Նշյալ սրահում իրականացվում են հայկական արվեստի ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, հայ արվեստագետներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ։ Վերականգնված տարածքը ծառայում է նաև որպես յուրօրինակ հարթակ հայկական արտադրանքի շնորհանդեսների, տարբեր ոլորտների հայ-ռուսական մասնագիտական խմբերի համատեղ նախաձեռնությունների ու զբոսաշրջային ոլորտին ուղղված ծրագրերի ներկայացման համար։ Ի դեպ, դեսպանության սոցիալական ցանցերի էջերում մշտապես լուսաբանվում են նշյալ սրահում տեղի ունեցող բազմաթիվ նախաձեռնությունները։

Անդրադառնալով շենքի վերանորոգմանը՝ նշենք, որ աշխատանքներն իրականացվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ պատմական արժեք ներկայացնող երկուհարյուրամյա շինությունը պահանջում է հատուկ խնամք, իսկ տասնամյակներ շարունակ այն գտնվել է բարձիթողի վիճակում։

Որևէ պետական միջոց՝ շինության վերանորոգման համար, վերջին երկու տարիների ընթացքում չի օգտագործվել։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել և շարունակում են ընթանալ ռուսաստանաբնակ հայ բարերարների ոչ դրամային աջակցությամբ։