Ե՞րբ է հասնում օրապահիկ եւ գիշերավարձ

Ե՞րբ է հասնում օրապահիկ եւ գիշերավարձ

Արարողակարգի, վարչապետի  այցերի ժամանակ կազմված պատվիրակությունների մասին սպառիչ տեղեկություններ ստանալու նպատակով Hraparak.am-ը օրերս հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին։ 

Հետաքրքրվել էինք, թե ըստ արարողակարգի՝ ո՞ր դեպքերում է պարտադիր, որ երկրի ղեկավարի՝ վարչապետի, նախագահի տիկինն ուղեկցի ամուսնուն արտերկրյա այցերի ժամանակ։ Արդյո՞ք դա հավասարապես վերաբերում է թե՛ պետական, թե՛ պաշտոնական, թե՛ աշխատանքային այցերին։ 

Հետաքրքրվել էինք նաեւ, թե ըստ արարողակարգի՝ պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի ժամանակ պետության ղեկավարին կարո՞ղ են ուղեկցել նրա մերձավորները, օրինակ՝ զավակները։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն, ի պատասխան մեր հարցման, արձագանքել է․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ, անկախ այցի ձեւաչափից՝ երկրի ղեկավարի ամուսնու, ինչպես նաեւ զավակների մասնակցության վերաբերյալ որեւէ արարողակարգային սահմանափակում չկա։ Վերջիններիս մասնակցությունը՝ կախված այցի ձեւաչափից, օրակարգից եւ արարողակարգային միջոցառումներից, որոշվում է վարչապետի հայեցողությամբ։ Բոլոր դեպքերում էլ երկրի ղեկավարի ամուսինը/ զավակները չեն ստանում օրենքով սահմանված կարգով նախատեսված օրապահիկ եւ գիշերավարձ»։