«Մեզ էլ հետը ծախել են». կառավարությունը, վաճառելով «Նաիրիտ-2»-ի տարածքը, կռիվ է գցել գործարարների մեջ

«Մեզ էլ հետը ծախել են». կառավարությունը, վաճառելով «Նաիրիտ-2»-ի տարածքը, կռիվ է գցել գործարարների մեջ

ՀՀ էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի միջոցով 02.26.2018թ․ «ՌՄԻԱ» եւ «Մաքուր օդ» ՍՊԸ-ներին վաճառել է դեռեւս 2006-ից այս ընկերությունների կողմից «Նաիրիտ-2» ՓԲԸ-ից վարձակալված տարածքները՝ կնքելով նոտարական առքուվաճառքի պայմանագրեր: Գույքի վաճառքն իրականացվել է աճուրդի միջոցով (անշարժ գույքի աճուրդի 03.05.2016 թ․ ՆՏ-2 արձանագրություն)՝ փաստաթղթերը ձեւակերպելով «ՌՄԻԱ» եւ «Մաքուր օդ» ՍՊԸ-ների հիմնադիրների  որդիների՝ Գոռ Գուրգենի Սանոյանի եւ Լեւոն Գուրգենի Մարգարյանի անուններով:   
Սակայն առքուվաճառքի պայմանագրի կնքումից քսան օր անց Կ. Կարապետյանի վարչակազմը, ՀՀ կառավարության 01.03.2018 թվականի 200-Ա որոշմամբ անտեսելով արդեն իսկ վաճառված գույքը, «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող ք. Երեւան, Շենգավիթ, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող ամբողջ գույքը եւ դրանով զբաղեցրած ամբողջ տարածքը, ուղղակի վաճառքի ձեւով օտարում է 7 օրվա պատմություն ունեցող «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին:
Գուրգեն Սանոյանը պարզաբանում է պահանջում.

1. Ինչպե՞ս պատահեց, որ նախկին վարչակազմը, անտեսելով մեզ վաճառված գույքի նոտարական գրանցման պայմանագիրը, ընդունեց նույն գույքի ուղղակի վաճառքի՝ ՀՀ կառավարության 01.03.2018 թվականի 200-Ա որոշումը:

2. Ի՞նչ շահագրգռություն պետք է ունենա նախկին վարչապետի խորհրդական ներկայացող ոմն Հայկ Դավթյանը, որը մեզ երկու անգամ հրավիրել է Արշակունյաց պողոտայում գտնվող իր գրասենյակը՝ բերելով ինչ-որ անհիմն ու անիմաստ հիմնավորումներ, շատ արհամարհական ձեւով հայտարարել, թե մեր հետ գործարքները սխալ են ձեւակերպվել, եւ աճուրդն ու գույքի գնման նոտարական պայմանագիրը չեղյալ են համարվելու, եւ որ մենք կարճ ժամանակում պետք է ազատենք մեր կողմից արդեն իսկ գնված գույքը: Երկրորդ հանդիպման ժամանակ Հայկ Դավթյանը «լավության կարգով» «Նաիրիտի» տարածքում մեր կողմից գնված տարածքների փոխարեն ինչ-որ շինություն է առաջարկում եւ հայտարարում, որ «չհամաձայնելու դեպքում ձեզ դուրս կհանենք ձեր տեղից, մուծված գումարների հատուցումն էլ կմնա ֆինանսական հնարավորություններ չունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի վրա:

3. Խնդրում ենք պարզել` ինչպե՞ս է ստացվում, որ յոթ օրվա պատմություն ունեցող «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին Կ. Կարապետյանի վարչակազմն ուղղակի վաճառում է այս ահռելի գույքը: Սա հերթական կոռուպցիոն գործարք է, քանի որ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ի միակ սեփականատեր ու տնօրեն 25-ամյա Գեւորգ Հակոբյանն ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ազգականն է, եւ ենթադրվում է, որ նա այդ տարիքում չէր կարող կուտակել այդքան գումար:

4. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է անտեսվում այն հանգամանքը, որ «Նաիրիտ-2»-ի տարածքի գնահատման փաստաթղթերում պարզ երեւում է, որ մեր կողմից գնված շենք-շինությունների գինն ընդհանուր արժեքի մեջ չի մտնում, եւ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ն չգնահատված գույքը գրանցում է «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ի անվամբ (հավանաբար՝ կոռուպցիոն թյուրիմացության հետեւանքով)։  
5. Ինչո՞ւ կառավարության կողմից գույքի ուղղակի վաճառքի որոշման մեջ (հավանաբար՝ կոռուպցիոն թյուրիմացության հետեւանքով) նշված չէ, թե քանի քառակուսի մետր մակերեսով շենք-շինություններն են վաճառվել: Մեր դեպքում մեկ մետր քառակուսի շինությունը վաճառվել է 23 հազար դրամ: 

Փաստերի լեզվով ՀՀ էներգետիկայի նախարարությունը  եւ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ն մինչեւ առքուվաճառքի իրականացումը տեղյակ են եղել, որ տարածքում կան շինություններ, որոնք արդեն վաճառված են: 

Երկու գործարարների միջեւ այժմ լարված հարաբերություններ են։ Հակոբ Հակոբյանի որդին անջատել է Սանոյանի արտադրամասի հոսանքը, եւ երբ Սանոյանը հոսանքը միացնելու կապակցությամբ լեզու գտնելու փորձ է արել, օլիգարխի որդին կոպիտ ձեւով պատասխանել է՝ խի՞ պտի Գուրգենն աշխատի։ 

«Ստացվում է՝ իրոք խնձորը ծառից հեռու չի ընկնում՝ հայրն ասում է՝ խի՞ պտի ժողովուրդը միս ուտի, տղան էլ ասում է՝ խի՞ պտի Գուրգենն աշխատի»։

Լեւոն Մարգարյանն ու Գուրգեն Սանոյանն ակնկալում եւ պահանջում են արդարության վերականգնում, իրենց սեփականության վերադարձ եւ 45-50 աշխատատեղի պահպանում: 
Պատասխանելով «Հրապարակի» հարցերին՝ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ սեփականատեր Պարույր Հակոբյանն ասաց, որ ինքն է առաջինը փորձել հարթել հարաբերությունները Գուրգեն Սանոյանի հետ:

Տեղեկանալով, որ տարածքում այլ տնտեսվարող է գործում, մոտեցել է, փորձել ինչ-որ կերպ հարթել խնդիրը եւ կոպիտ պատասխան է ստացել. «Դու հո իմ հորեղբոր տղե՞ն չես: Եկել ես ինձ ադալժենի ես անում: Ես ում որ փող եմ տվել, նրանից էլ իմ գույքը կստանամ»: «Հետո նա դիմել է դատարան մեր դեմ»,- ասում է Պարույր Հակոբյանը: Նա հայտնեց, որ Գուրգեն Սանոյանը չունի սեփականության վկայական:  «Նա ունի ընդամենը առքուվաճառքի պայմանագիր, որը գրանցված չէ պետական մարմնում՝ կադաստրում: 2016 թվականին նա մասնակցել է աճուրդի, ձեռք է բերել գույք, որը չի գրանցել, չի ունեցել այս տարածքի հանդեպ սեփականության իրավունք, իսկ աճուրդի օրինականությունը մենք վիճարկում ենք դատարանում: Մենք կառավարությունից գնել ենք այդ հողը, կադաստրում գրանցել ենք եւ այդ ամբողջ գույքի նկատմամբ ունենք սեփականության իրավունք»,- ասաց Հակոբ Հակոբյանի որդին: Ի սկզբանե նա ծրագրել է այստեղ մեծ արտադրական բազա ունենալ, բայց երբ սկսվել են դատական պրոցեսները, այդ ծրագրերի վրա խաչ է քաշվել:

Ըստ Պարույր Հակոբյանի՝ իրենց ձեռք բերած տարածքը 10,5 հեկտար է (ի դեպ, կառավարության որոշման մեջ այս թիվը եւ որեւէ թիվ նշված չեն), շենք-շինություն ասվածն էլ ավերակներ են: «Ես այնտեղ ամեն ինչ հավասարեցնում եմ հողին, շենքերն օգտագործման համար պիտանի չեն»: Ինչ վերաբերում է հոսանքին, ապա Գուրգեն Սանոյանի հոսանքը կտրել են «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: «Մեր հողի մեջ «Ցանցերն» ուներ ենթակայան, որից սնում էր 17 բաժանորդների: Մենք խնդրեցինք այն տեղափոխել, եւ տեղափոխման ընթացքում կտրեցին Սանոյանի հոսանքը: Քանի որ նրանք պետք է նոր բաժանորդ դառնան, իսկ սեփականության վկայական չունեն, որ պայմանագիր կնքեն, մնացին առանց հոսանքի: Ինձ խնդրեցին, որ իրեն հոսանք տամ, իսկ մենք ուզում ենք, որ ամեն ինչ պարզվի՝ նոր»,- ասում է Պարույր Հակոբյանը, նաեւ վստահեցնում, որ գույքը ձեռք բերելիս տեղեկացված չի եղել, որ այլ գործարարի հետ դրա հետ կապված առքուվաճառքի պայմանագիր կա:  
ՀԳ. Հայաստանում վերջին տարիներին տասնյակ դատական գործեր են քննվել ու վճիռներ կարդացվել իրավախախտ կառուցապատողների դեմ, որոնք նույն գույքը վերավաճառել են տարբեր մարդկանց: Քրեական այդ պատմությունները երբեմն ողբերգական վախճան են ունեցել, ինչպես ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի դեպքում: Էներգետիկայի նախարարությունը կամ կառավարությունն այս դեպքում նույն խարդախի դերում է, մի տարբերությամբ՝ պետական չինովնիկներն իրենց կատարած խարդախության համար պատասխանատվություն չեն կրում, իսկ կուժն ու կուլան կոտրվում է գործարարների գլխին: