Ինչ են քննարկել Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ

Ինչ են քննարկել  Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ

Այսօր իշխող Իմ Քայլը խմբակցությունը փակ հանդիպում էր նախաձեռնել  Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեկ ժամից ավել տեւած հանդիպումից հետո Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկել են Հայաստանի եւ Արցախի համար առաջնահերթություն ունեցող մի շարք հարցեր.«Ես կարեւոր եմ համարում նման հանդիպումները, երբ ստեղծվում են նման իրավիճակներ, երբ քաղաքական, հասարակական գործիչները չեն կարողանում իրենց մասնակցությունը բերելու, կամ հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի չլինեն իրավիճակներ, որոնք խորթ են մեր հայրենիքին»:

Բակո Սահակյանը փակագծեր չի բացել եւ պատասխանելով հարցին, թե ինչ մտահոգություններ ունեին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները եւ ինչ հարցեր են իրեն տրվել, Արցախի նախագահն ասել է, որ ամենատարբեր հարցերը.«Խոսել ենք անվտանգության, միջխորհրդարանական հարաբերությունների մասին, խոսել ենք բանակցային գործընթացի մասին, այն մասին, թե ինչպես տնտեսությունը առաջանցիկ տեմպերի վրա դնել եւ այլն»:

Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակն է, Բակո Սահակյանն ասել է.«Վարչապետն իրավասու է նման գործընթաց սկսելու: Իմ գնահատականը եղել է այն, որ նման կառույցում ներգրավվեն մասնագետներ, որոնք իվիճակի են իրենց իմացությամբ օգնելու եթե կան չբացահայտված բաներ բացահայտելու, ճշտումներ մտցնելու, ես խնդիր չեմ տեսնում»: