Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով. նախագահ

Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով. նախագահ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Այնուհետև Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։ 

Իր երախտագիտության խոսքն ուղղելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ, արժանապատվորեն և բարեխղճորեն կատարելու համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները»։ Շնորհակալություն հայտնելով նրանց՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր ես ոչ միայն ասելիք ունեմ, այլև՝ լսելիք։ Եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարեւոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։

«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նաև հպարտությամբ նշել է, որ Թալիշում մեր համահայկական ներկայությունն է զգում։ «Այստեղ կան Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բազմաթիվ անհատ բարերարների նվիրատվությամբ կառուցված շենքեր։Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Խրախուսական նվերներ հանձնելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողներին և ազատամարտիկներին՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար: