Ալիեւը հավատարմության երդում տվեց
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել Ռոսիա 24 հեռուստաընկերությանը: Նույն օրը ծննդյան տարեդարձի կապակցությամբ նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ակնհայտ է Պուտինի ուղերձի եւ ռուսաստանյան հեռուստաընկերությանն Ալիեւի բավական ծավալուն հարցազրույցի միջեւ կապը: Ըստ էության հարցազրույցը գրեթե ամբողջովին հավատարմության երդում է Ռուսաստանին եւ Պուտինին: Այս իմաստով հատկանշական է , որ խոսելով իրականացվող էներգետիկ նախագծերի մասին, Իլհամ Ալիեւը զուգահեռաբար այն միտքն է առաջ մղել, որ արտաքին ինչ-որ շրջանակներ փորձում են Անդրբեջանին ներգրավել արկածախնդրությունների մեջ:
Հասկանալի է, թե ակնարկն ինչի մասին է: Բանն այն է, որ ԱՄՆ-ը, պաշտպանելով Ադրբեջանի կողմից իրականացվող «Հարավային գազային միջանցք» նախագիծը, այն դիտարկում է որպես Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորություն: Իսկ Եվրամիության էներգետիկ անվտանգություն ասելով՝ Միացյալ Նահանգներում նկատի են ունենում մի քաղաքական խնդիր՝ Եվրամիության անդամ երկրներին ապահովագրել Ռուսաստանի ազդեցությունից: Գլխավոր հարցում Ադրբեջանը հասել է նպատակին՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցները չեն տարածվի «Հարավային գազային միջանցք» նախագծում ներգրավված ընկերությունների վրա:
Այժմ եկել է Ռուսաստանին հավատարմության երդում տալու, Մոսկվային համոզելու ժամանակը, որ Ադրբեջանը գազի եվրոպական շուկայում չի մրցակցի «Գազպրոմի» հետ եւ չի խոչընդոտի ռուսական շահերին: Ավելին, մամուլում տեղեկություններ են սպրդել, որ ռուս-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այսպես ասած ադրբեջանական խողովակն ռուսական գազով լցնելու թեմայի շուրջ: Բանն այն է, որ Եվրոպական գազային շուկա Ադրբեջանը կարող է տարեկան առաքել ոչ ավելի, քան տասը միլիարդ խորանարդ մետր բնական գազ, մինչդեռ կառուցվող խողովակաշարի թողունակությունն ավելի մեծ է: Տրանսկասպյան խողովակաշար անցկացնելու եւ թուրքմենական գազի հաշվին պակասը լրացնելու հարցով բանակցություններում, երեւում է, առաջընթաց չկա: Իսկ ռուսական գազն արդեն հասնում է Թուրքիա, որի տարածքում էլ կարող են միանալ ադրբեջանական եւ ռուսական խողովակները:
Արկածախնդրություններին Ադրբեջանի չմիանալու մասին Ալիեւի հավաստիացումը կարելի է ընկալել որպես Ռուսաստանին արված առաջարկ: Հակառակ դեպքում «Հարավային գազային միջանցք» նախագիծը պարզապես կպայթի: Իհարկե, աջակցության դիմաց Ռուսաստանն էլ Ադրբեջանից որոշակի ակնկալիքներ ունի: Ամենահիմնական երաշխիքն արդեն առկա է՝ Ադրբեջանը կողմնորոշվում է դեպի եվրասիական միջավայր, որտեղ իրեն անհամեմատ կոմֆորտային է զգում: Իսկ եվրասիական տարածքի դոմինանտն Ռուսաստանն է: Այսինքն, Ադրբեջանը երաշխավորում է ռուսաստանյան ազդեցության գոտուն հավատարմությունը: Այս համատեքստում հարկ է եւս մի դիտարկում անել: Երեւում է՝ Ադրբեջանը մերժել է հակաիրանական պատժամիջոցներին միանալու՝ ԱՄՆ-ից եւ Իսրայելից արված առաջարկությունները:
Անցյալ շաբաթ փակ այցով Ադրբեջանում է գտնվել Իրանի տեղեկատվության եւ անվտանգության նախարար Ալավին: Ակնհայտ է, որ նա Ալիեւին է փոխանցել նախագահ Ռուհանիի ուղերձը: Պատասխանը չի ուշացել, այս օրերին Իրան է մեկնել Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Ասադովի գլխավորած պատվիրակությունը: Ասադովին ընդունել է ԻԻՀ նախագահ Ռուհանին: Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ բանակցություններ է վարել արտաքին գործերի նախարար Զարիֆի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Շամխանիի հետ:
Հանդիպումների այս ձեւաչափը վկայում է, որ Ասադովը Թեհրան է ուղեւորվել որպես Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց եւ իրանական կողմին կարեւորագույն ուղերձներ է փոխանցել: Իրանա-ադրբեջանական հարաբերությունների այս վերջին դրսեւորումները նույնպես տեղավորվում են երդմնատվության քաղաքականության շրջանակներում: Խնդիրն այն է, թե փոխադարձաբար ի՞նչ սպասելիքներ ունի Ալիեւը Մոսկվայից, մասամբ՝ նաեւ Թեհրանից: Մի՞թե դրանով է պայմանավորված եկող տարի ԼՂ հարցում առաջընթացի նրա սպասումը:
Կարծիքներ