Ղարսի խորոված՝ առանց հիգիենիկ կանոնների պահպանման

Ղարսի խորոված՝ առանց հիգիենիկ կանոնների պահպանման

Նույնիսկ Երեւանի կենտրոնում էլ այսօր գործում են սննդի օբյեկտներ, որոնք չեն պահպանում հիգիենիկ եւ սանիտարական տարրական նորմերը։
Ասենք մտնում ես Տիգրան Մեծ-Մհեր Մկրտչյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող եւ «Ղարսի խորոված» անվամբ ցուցանակը անցորդների աչքը խոթող սննդի օբյեկտ, պատվիրում ես խորովածը, եւ մատուցողը, առանց ձեռնոցի, առանց սանիտարական նորմերը պահպանելու, խորովածը փաթաթում է լավաշի մեջ եւ մատուցում հաճախորդին։ Ճշտող հարցին՝ թե արդյոք դա սանիտարական նորմերի խախտում չէ՞, մատուցողը պատասխանում է, որ որեւէ խնդիր ինքը չի տեսնում այդտեղ։ Հարցնում ես՝ թե իրեն տեսչական մարմիններից չե՞ն անհանգստացրել, նույն ինքնավստահ տոնն է՝ ոչ, խնդիր չկա։ Նույնիսկ տարակուսում է, որ օբյեկտից օգտվողների մեջ միայն դու ես նկատել ձեռնոցի բացակայությունը, այլ սանիտարական նորմերը չպահպանելը։ 

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը մեր ահազանգին ի պատասխան՝ նշում է․ «Եթե մարդիկ բողոքում են, մենք շատ արագ արձագանքում ենք։ Եթե ասեք կոնկրետ տեղը կոնկրետ հասցեով, ապա ես դա կգրանցեմ որպես բողոք, եւ մեր աշխատակիցները կարձագանքեն դրան։ Առաջին հերթին կստուգեն՝ ունե՞ն նրանք սանիտարական գրքույկներ, երկրորդը՝ խիստ հանձնարարականներ կլինեն, որ նրանք աշխատեն ձեռնոցներով։ Պետք է բողոք ներկայացնել, որ տեսուչը գնա ստուգման»։ Անուշ Հարությունյանը նշեց, որ թեժ գծից բացի լինում են նաեւ գրավոր բողոքներ։ 
Խախտումներ հայտնաբերելու դեպքում էլ տեսչական մարմինը կիրառում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքը՝ տույժ-տուգանք կիրառելով 100-300 հազար դրամի չափով։ 
«Առաջին անգամ պահանջներ ենք դնում, որ հետեւեն սանիտարահիգիենիկ նորմերին, եթե դրանք չեն կիրառում, տույժ-տուգանքներ ենք կիրառում»,- ասաց Անուշ Հարությունյանը։