Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը (մաս 2)

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը (մաս 2)

Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքից հատվածներ։ Այժմ ներկայացնում ենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հատվածի շարունակությունը։ Սկիզբը կարող եք կարդալ այստեղ։

Դեկտեմբերին անսպասելիորեն Ֆրանսիա մեկնելու հրավեր ստացա նախագահ Ժակ Շիրակից: Դա զարմացրեց ու տարակուսանքի մեջ գցեց ինձ. ինչո՞ւ է նախագահը այցի հրավեր ուղարկում վարչապետին: Բայց այնքան կլանված էի աշխատանքով, որ չմտածեցի այդ ուղղությամբ: Այն ժամանակ ակտիվորեն փորձում էի խոշոր արտասահմանյան ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի սեփականաշնորհման նախագծերի վրա և մտածեցի, որուղևորությունը կարող է շատ տեղին լինել:

Ելիսեյան պալատում կայացած հանդիպման ժամանակ պարզվեց հրավերի պատճառը. Շիրակը ցանկանում էր ինձ հետ քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցերը: Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում էր միջնորդական գործընթացինու աջակցում ԵԱՀԿ-ի փուլային ծրագրին: Շիրակի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ստորագրել այն, բայց հղում էր անում դժվարություններին. «Ես շատ համառ վարչապետ ունեմ, ոչ մի կերպ չի համաձայնում: Նա Ղարաբաղից է: Փորձեք ինքներդ համոզել նրան»: Շիրակը որոշել էր դեմառդեմ խոսել ինձ հետ, ու հենց դա էր ինձ Ֆրանսիա հրավիրելու պատճառը. մեր զրույցի առաջին իսկ րոպեներին անկեղծորեն ներկայացրեց ամբողջ նախապատմությունը:  Հասկացա, որ Շիրակի նպատակն է համոզել ինձ, որ միակ հնարավոր ելքը Ադրբեջանի տարածքների վերադարձն է՝մինչև ԼՂ-ի կարգավիճակի հստակեցում:

«Դե ինչ…»,- մտածեցի ես ու Ֆրանսիայի նախագահի առաջ բացեցի քարտեզը: Ակնառու ցույցտվեցի, թե այդ տարածքների վերադարձն ինչպես կանդրադառնա մեր անվտանգության վրա:

-Չորս շրջանների վերադարձը հարավում՝ Արաքսին հարող տարածքում, շփման գիծը 22-ից կհասցնի 220 կիլոմետրի: Շփման գիծն ավելի մեծ համամասնությամբ կերկարի  Քելբաջարի հանձնման դեպքում, որտեղ մենք պահում ենք միայն մեկ լեռնանցք՝ 3200 մետր բարձրության վրա: Առողջ դատողությամբ մարդը կգնա՞ այդպիսի ինքնասպանության՝ առանց իրական երաշխիքների: Ի՞նչ ուժերով ենք ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը:

Եվս մեկ անգամ կրկնեցի, որ մեր կողմից այդ տարածքների վերահսկողության իմաստը բացառապես ռազմական է, և այդտեղից հեռանալու մասին կարելի է խոսել միայն սպառնալիքի լիարժեք բացակայության դեպքում: Նշեցի, որ զինադադարը պահպանվում է ոչ թե խաղաղապահների, այլ ուժերի հաստատված հավասարակշռության շնորհիվ, և հենց այդ տարածքներն են հավասարակշռության կարևորագույն մասը: Ապա նրան պարզ հարց տվեցի. «Պարո՛ն նախագահ, պատրա՞ստ եք այնտեղ ուղարկել խաղաղություն երաշխավորող ձեր զորքերը»:

Պատասխանը լռությունն էր: Ոչ ոք չէր կարող այդպիսի երաշխիքներ տալ:

Ցույց տալով, թե Արցախի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ «փուլային» ծրագիրը, մի կարևոր փաստարկ էլ բերեցի. բանակցություններն արդյունավետ կավարտվեն միայն այն դեպքում, եթե ամբողջ ընթացքում երկուկողմերը գործընթացը շարունակելու շարժառիթ ունենան: Տարածքները վերադարձնելուն պես Ադրբեջանն ընդհանրապես կկորցնի այդ շարժառիթը: Ինչի՞ շուրջ պայմանավորվի, եթե արդեն ստացել է  այն, ինչ ուզում էր: Ընդ որում՝ մենք մեր ձեռքով ենք ամբողջ Ղարաբաղը ուժով վերադարձնելու գայթակղություն ստեղծում նրա համար: Դուք դա՞ եք ուզում:

Եվ զրուցակիցներս դարձյալ պատասխան չունեին:

Տպավորություն ստացա, որ նման համատեքստում Շիրակի հետ երբեք խոսակցություն չի եղել, և ինձ հաջողվել է ներկաներին հասցնել իմ տեսակետը՝ ստիպելով խնդիրը դիտարկել նոր՝ իրենց անծանոթ անկյան տակ:

Հանդիպման արդյունքը մտածվածի ճիշտ հակառակը եղավ. ոչ թե Շիրակը համոզեց ինձ, այլ հենց ինձ հաջողվեց ակնառու ցույց տալ նրան, որիրենց ծրագիրը չի աշխատի, և այն պետք է արմատապես փոխել: Տրամաբանական ու ծանրակշիռ փաստարկներ էի բերել, և դրանք բավարար էին՝ բոլորին մտածել ստիպելու համար: Իմ հերթին հասկանալ տվեցի, որ բաց եմ քննարկման համար և պատրաստ եմ դիտարկել լուծումների բոլոր տարբերակները, որոնք չեն վնասի Հայաստանի ու Ղարաբաղի կենսական շահերին: Երբ դուրս էի գալիս բանակցությունների սրահից, նկատեցի ֆրանսիական ԱԳՆ-ի՝ ղարաբաղյան կարգավորման համար պատասխանատու ներկայացուցչի սրտնեղած դեմքը: Ակնհայտ էր, որ ցավում է տեղի ունեցածի համար. ընդամենը մի քանի ժամում նրա ջանքերը ջուրն էին ընկել:

Իսկ ինձ համար ուղևորությունը շատ արդյունավետ եղավ: Ժակ Շիրակը հասկացավ մեր դիրքորոշումը ու հետագայում՝ երկար տարիներ, օգնում էր բանակցություններում: Բացի դրանից՝ մեր առաջին հանդիպումը բազմամյա ընկերության սկիզբ դարձավ: Պարզվեց՝ Շիրակը շատ հետաքրքիր զրուցակից է. արտասովոր մտածողությունը, հանրագիտարանային գիտելիքները և քննարկվող հարցի մեջ արագ խորամուխ լինելու ունակությունը նրա հետ ցանկացած թեմայով զրույցը գրավիչ էր դարձնում: Մենք հաճախ էինք հանդիպում, ու եթե նույնիսկ ճանապարհին էի իջնում Փարզում, միշտ հրավիրում էր միասին ճաշելու, տարբեր տնտեսական ու քաղաքական հարցեր քննարկելու և պարզապես շփվելու: Ես նրան մեծ հարգանքով էի վերաբերվում, և մեր ջերմ հարաբերություններն ու կանոնավոր հանդիպումները շարունակվեցին մինչևիր և իմ նախագահության ավարտը:

Ի դեպ, այդ ուղևորության ընթացքում ինձ հաջողվեց PernodRicard ընկերությանը ներգրավել Երևանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման տենդերում, և արդյունքում ընկերությունը հաղթեց:

***

Շարունակելով առաջ մղել իր որոշումը՝ Տեր-Պետրոսյանը հունվարի 8-ին այն քննարկման դրեց Հայաստանի անվտանգության խորհրդում: Մեկ անգամ չէ, որ այդ թեմայով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել, և նիստերն այն ժամանակ անցկացվում էին հենց Տեր-Պետրոսյանի աշխատասենյակում: Նախագահական վարչակազմի մեծ շենքի սրահների մի մասը, որոնք հարմար էին այդպիսի նիստերի համար, բարձիթողի վիճակում էր, ուստի չէր օգտագործվում. հանդիպումների մեծ մասը Տեր-Պետրոսյանն անցկացնում էր իր մոտ: Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված էին Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամներ և Հայոց համազգային շարժման առանցքային դեմքերը՝ հավանաբար, ղարաբաղյան խմբակցությանը հակակշռելու համար:

Ընդհանուր առմամբ տասնհինգ մարդ էր հավաքվել:

Ամեն անգամ Արցախի ճակատագրի շուրջ վեճերն ավելի ու ավելի թեժ էին դառնում, և այդ օրն էլ քննարկման տոնը հենց սկզբից բնավ հանդարտ չէր: Իրավիճակը ծայրահեղ լուրջ էր: Տեր-Պետրոսյանի որոշման պատճառով մենք կարող էինքկորցնել այն ամենը, ինչի համար Ղարաբաղում պայքարում էինք արդեն մի քանի տարի: Ես, իհարկե, լարված էի ու չափից դուրս կտրուկ: Ինձ և իմ գաղափարակիցների համար Ղարաբաղը դարձել էր կյանքի գործ, իսկ նիստի բազմաթիվ ներկաների համար պարզապես ձանրացրած գլխացավանք էր: Եվ ինչո՞ւ հիմա այդ մարդիկ պիտիորոշեն Ղարաբաղի ճակատագիրը: Ես երևի չափից դուրս կոպիտ էի ընդհատում նրանց՝ առաջարկելով չխցկվել մի խնդրի մեջ, որը չեն հասկանում ու չեն զգում: Բախման չէի գնում, պարզապես թեման այնքան ցավոտ էր ինձ համար, որ դրա մասին հանգիստ խոսել չէի կարող:

Այդ թեժ քննարկումների ընթացքում ինձ ակտիվորեն պաշտպանում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և, իհարկե, Ղարաբաղի ղեկավարությունը: Տեսնում էի, թե որքան բարդ էր Վազգենի համար առաջին անգամ հակաճառել մի մարդու, որի առաջնորդ լինելը տարիներ շարունակ ընդունել էր առանց առարկության, ինչպիսի ներքին ջանքեր էին պահանջվում նրանից, որ հաղթահարի Տեր-Պետրոսյանի խարիզմայի ազդեցությունը: Բնավորությամբ շատ զգացմունքային և աշխարհ ընկալմամբ խորապես ազգային Վազգեն Սարգսյանը սրտին այնքան մոտ էր ընդունում Ղարաբաղի շահը, որ նրան այլընտրանք չէր մնում: Ինչ-որ իմաստով ինձ համար ավելի հեշտ էր. ինձ Տեր-Պետրոսյանի հետ չէր կապում անձնական ընկերությունը: Ես ապրում էի Ղարաբաղում, նա՝ Հայաստանում, մենք հանդիպում էինք միայն կարևոր հարցեր լուծելու համար: Հարգանքով էինք վերաբերվում իրար, համագործակցում՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Ինձ համար նա միշտ գործընկեր էր մնում, բայց ոչ պետ, առավել ևս՝ կուռք:

Անվտանգության խորհրդի այդ նիստն այդ օրերի առանցքային իրադարձությունը դարձավ, հստակություն մտցրեց ստեղծված իրավիճակում: Ակնհայտ էր, որ նախագահը չի հրաժարվի իր մտադրությունից, ուորմենք նրան չենք աջակցի: Անվտանգության խորհրդի նիստը վերջնականապես մեզ բաժանեց տարբեր ճամբարների՝ փշրելով դիրքորոշումների մոտեցման հնարավորության վերջին պատրանքները:

Բախումը տեղափոխվեց բաց փուլ:

Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ առաջին անգամ հրապարակավ հայտարարեց նախագահի դիրքորոշմանը իր կտրուկ անհամաձայնության մասին: Սարգսյանը հանդես եկավ շատ զգացմունքային, բայց միևնույն ժամանակ բովանդակալից ելույթով: Ասում էր, որ «մենք չենք կարող գնալ այդ քայլին», խոսում էր զայրացած ու կրքոտ, ու ես տեսնում էի, որ շատ է ցավում տեղի ունեցողի համար:

Ներքաղաքական ճգնաժամն ակնհայտ էր: Վարչապետը, պաշտպանության նախարարն ու ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը դեմ արտահայտվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ ստորագրելու նախագահի մտադրությանը: Տեր-Պետրոսյանը, որ շատ իշխանատենչ մարդ էր,- պետք է արժանին մատուցել,- երբեք չէր միջամտում միկրո մենեջմենթին՝ իրեն դրանից վեր դասելով, բայց եթե մեծ հարցերով որոշում էր կայացնում, երբեք չէր փոխում որոշումը:

Ամբողջ երկիրը քարացել էր՝ սպասելով հանգուցալուծմանը: Դա կարող էր կա՛մ նախագահի հետ համաձայնության չեկածների հրաժարականը լինել, կա՛մ  հենց նախագահի հեռանալը: Քայլը նրանն էր:

Տեր-Պետրոսյանի համար ծայրահեղ բարդ իրավիճակ էր ստեղծվել: Նման ներքաղաքական ճգնաժամի պայմաններում Մինսկի խմբի ծրագրի իրագործման գնալ նա չէր կարող. թեման չափազանց զգայուն էր, պետք էր ներքին լայն համախմբում: Պաշտոնանկ անել վարչապետին և ուժայինների՞ն: Չափազանց ռիսկային էր: Այդ ժամանակ ես արդեն ամբողջովին վերահսկում էի գործադիր իշխանությունը: Բացի դրանից՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը «Երկրապահի»՝ պատերազմից անմիջապես հետո ստեղծված վետերանների շարժման անվիճելի առաջնորդն էր: «Երկրապահն» այն ժամանակ բավական ծանրակշիռ ուժ էր: Պատերազմը նոր էր ավարտվել, և վետերանների կազմակերպությունը, որը, ի դեպ, բավական կառուցիկ մարմին էր, ահռելի ազդեցություն ուներ, այդ թվում և ընտրական գործընթացների վրա:

Ղարաբաղի ղեկավարությունը նույնպես չէր աջակցում Տեր-Պետրոսյանին:

Պետք է հասկանալ, որ այս իրադարձությունները ծավալվում էին 1996 թվականի խնդրահարույց ընտրություններից հետո, և դրանից հետո սկիզբ առած զանգվածային դժգոհությունն այն ժամանակ հարթվեց իմ Հայաստան տեղափոխվելով: Բայց նախագահի սուր հակասությունը քաղաքական ընդդիմախոսների հետ պահպանվել էր, և մեր՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը կհանգեցներ հենց Տեր-Պետրոսյանի անխուսափելի հրաժարականին:

Այն ժամանակ բոլորս ապրում էինք կառավարական ամառանոցներում: Այնտեղ սքանչելի ծառուղիներ կային, ու երեկոյան՝ աշխատանքից հետո, հաճախ դուրս էինք գալիս զբոսնելու և զրուցելու: Հիմա մեր զրույցների հիմնական թեման Ղարաբաղի խնդրիշուրջ տարաձայնություններն էին Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ժամանակ իմ շփումը նախագահի հետ արդեն լրիվ դադարել էր: Նրա հետվերջին հանդիպումը միայն սրեց փոխադարձ դժգոհությունները: Այն ժամանակ ես նրան ասացի.

-Լևո՛ն, ես ոչ մի դեպքում չեմ գնա նրան, ինչ առաջարկում ես: Հակառակը, ամբողջ ուժով կհակազդեմ դրան: Ես Ղարաբաղում վերընտրվել եմ նախագահ և ընտրություններից ընդամենը երեք ամիս անց եկել եմ այստեղ՝ բացառապես քո խնդրանքով: Դու կարող ես պաշտոնանկ անել ինձ. թեկուզ հենց հիմա հրամանագիր ստորագրիր, ու ես կհեռանամ: Բայց ինքս դիմում չեմ գրի: Իսկ Սահմանադրությունը քեզ թույլ չի տալիս նախարարներին հեռացնել առանց ինձ:

Ինչպես Վազգենը պատմեց՝ ինքն էլ նախագահի հետ նմանատիպ խոսակցություն էր ունեցել:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանի հետ կապի միակ ալիքը Սերժ Սարգսյանն էր. նրա միջոցով նախագահին էինք փոխանցում մեր հարցերն ու առաջարկները: Պահպանվել էր շփումը նաև Բաբկեն Արարքցյանի հետ, որի հետ հատուկ ջերմ հարաբերություններ էին հաստատվել: Նա անկեղծորեն ցավում էր տեղի ունեցող իրադարձությունների համար և փորձում էր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ հարթել, բայց՝ ապարդյուն:

Իսկ այդ ընթացքում երկիրն անհանգիստ սպասման մեջ էր: Ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը՝ խաղա՞ղ, թե՞ բախումն անխուսափելի է: Ո՞վ հաղթող դուրս կգա, և ի՞նչ հետևանքների կհանգեցնի դա: Օդում կախված անորոշությունը, իշխանության հնարավոր վերաբաժանման կանխազգացումն ազդում էր ամեն ինչի վրա՝ պետական ապարատի աշխատանքից մինչև հանցավորության մակարդակ: Բոլորը հասկանում էին, որպետք է շտապ շտկել իրավիճակը:

Հունվարի վերջին մենք Տեր-Պետրոսյանից անսպասելի առաջարկ ստացանք: Նա իր մոտ հրավիրեց Սերժ Սարգսյանին ու ասաց. «Տեսնում եմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Լավ: Ինքներդ որոշեք: Փոխանցիր Ռոբերտին ու Վազգենին, որ ես կարող եմ ֆորմալ նախագահ մնալ ու ոչնչի չմիջամտել, «անգլիական թագուհու» պես: Արեք՝ ինչ ճիշտ եք համարում, կնայենք՝ դրանից ինչ դուրս կգա: Թող պատմությունը դատի՝ մեզնից ով էր ճիշտ»:

Ես կտրականապես դեմ արտահայտվեցի այդ տարբերակին: Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները չափազանց մեծ էին՝ ի տարբերություն անգլիական թագուհու: Բացի դրանից՝ բոլորը գիտեին, որ Տեր-Պետրոսյանը պարտվել չի սիրում ու երբեք չի մոռանում վիրավորանքը: