Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ եւ ՄԻԵԴ բողոք կներկայացնեն

Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ եւ ՄԻԵԴ բողոք կներկայացնեն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, և մերժեց գրավի կիրառման միջնորդությունը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն  որոշման վերաբերյալ ասաց. «Դատարանի որոշումն այժմ կստանանք և վերլուծելուց հետո ավելի մանրամասն կասենք։ Բայց, ըստ էության, 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչև այժմ առկա չորս այլ ակտերով, այսինքն՝ ըստ էության դատարանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք, չնայած բողոքարկված են Վճռաբեկ դատարանում, բայց դրանք ուժի մեջ էին, և դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը։

Դատարանը նշել է, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքն այն է, որ ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը։ Դատարանը նաև նշել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ դատական ակտը բողոքարկվելու է, կներկայացնեն վերաքննիչ բողոք, միևնույն ժամանակ քննարկում են Եվրոպական դատարան ևս մեկ բողոք ներկայացնելու հարցը, քանի որ Վճռաբեկ դատարանը ողջամիտ ժամկետում որևէ անդրադարձ չի կատարել իրենց ներկայացրած բողոքին։

Մեր հարցին ի պատասխան Արամ Օրբելյանն ասաց, որ Քոչարյանը նիստին ներկա է եղել։