«Հրապարակ». Որ ընկերություններն են 2023 թվականին հարկեր թաքցրել

«Հրապարակ». Որ ընկերություններն են 2023 թվականին հարկեր թաքցրել

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է տնտեսվարողների ցուցակներ, ըստ որոնց՝ 2023 թվականի ընթացքում 19 միլիարդ 200 մլն դրամի չափով թաքցված հարկեր են գանձվել։ Ցուցակներից մեկը կապված է «Ակթրեյդ Սոֆթ» ընկերության գործունեության հետ։ Այս ընկերությունը, հիշեցնենք, ծրագրային ապահովմամբ է զբաղվում: «Զովք» սուպերմարկետների ցանցում սկսված ուսումնասիրությունների ժամանակ ձերբակալվեց, ապա կալանավորվեց այս ընկերության սեփականատեր Վլադիմիր Սարգսյանը, ում մեղադրեցին պետությանը խաբելու մեխանիզմներ գործադրելու մեջ։ Ձերբակալվել էին նաեւ «Զովքի» սեփականատերերը, սակայն բոլորն ազատվեցին, բացի Վլադիմիր Սարգսյանից։ Ավելին՝ թե՛ «Զովքը», հետագայում թե՛ «Ալեքս» ընկերությունը ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները, գումարներ են մուծել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ Վլադիմիր Սարգսյանը, ով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչ օրս կալանավորված է։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցակի առաջին հորիզոնականում հենց «Զովք» սուպերմարկետն է, որը ՊԵԿ-ին անցած տարի վճարել է 3 միլիարդ 728 մլն դրամ` որպես թաքցված հարկային պարտավորությունների մարում։ Ցուցակում են նաեւ «Բոմոնդ» ընկերությունը, որը զբաղվում է սալիկների եւ սանտեխնիկայի վաճառքով։ Այս ընկերությունը ՊԵԿ-ին փոխանցել է 723 մլն դրամ՝ իբրեւ թաքցրած հարկ, «Արտ մոդա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, թաքցրել է 41 մլն 329 հազար դրամ, «Մելանտե» ընկերությունը՝ 138.5 մլն, «Պոպոն»՝ 788 մլն, Սպիտակի թռչնաֆաբրիկան՝ 292 մլն, «Լատինո սուրճը»՝ 585 մլն, «Գնթունիկը»՝ 200 մլն դրամ, «Գուավան»՝ 49 մլն, «Մանոլը»՝ 640 մլն, Սամվել Ալեքսանյանի «Ալեքս» ընկերությունը՝ 1 միլիարդ 144 մլն, «Ռոբերտո» խանութների ցանցը` 212 միլիոն, «ԻՍՍՕ մոլը»` 170 մլն, «Վուդ թաունը»՝ 400 մլն դրամ եւ այլն։

Փորձեցինք կապ հաստատել այս ընկերությունների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են մեկնաբանում պետությունից այսքան հարկեր թաքցնելու վերաբերյալ ՊԵԿ հաղորդագրությունը, իրո՞ք թաքցրել են, թե՞ պարզապես պահանջել են` վճարել են, որ գլուխներն ազատեն ՊԵԿ ստուգումներից ու անխոչընդոտ շարունակեն աշխատել։ Պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Մելանտե» ընկերության արտադրամաս, որտեղից զարմանքով պատասխանեցին, թե ինչու ենք հետաքրքրվում ՊԵԿ-ի կողմից տարածված հերթական հաղորդագրությամբ։ Դիտարկմանը, որ խոսքն իրենց ընկերության կողմից հարկերը թաքցնելու, իսկ հետագայում դրանք վերականգնելու մասին է, եւ դա ամենեւին հերթական հաղորդագրություն չէ, ընկերության ներկայացուցիչն արձագանքեց․
«Դա ընկերության գործունեությունն է, ինչո՞վ ենք պարտավորված Ձեզ որեւէ մեկնաբանություն տալու, կարո՞ղ ենք հասկանալ… Մեկնաբանություն չենք տալիս, դա մեր տնտեսական գործունեությանն է վերաբերում, ընկերության տնտեսական գործունեությանն է վերաբերում, եւ որեւէ մեկնաբանություն տալու ցանկություն չունենք»։ Փաստորեն, պետությունից հարկեր թաքցնելը տնտեսական գործունեությո՞ւն է՝ հարցրինք։ «Տնտեսական գործունեությունը, հարկերը թաքցնելը կամ չթաքցնելը, առհասարակ ընկերության աշխատանքը համարվում է տնտեսական գործունեություն, եթե դա չգիտեք, ապա դա կարող եմ Ձեզ ասել։ Իսկ, առհասարակ, որեւէ մեկնաբանություն տալու ցանկություն չունենք, դա մեր ընկերության գործունեությանն է վերաբերում, որի վերաբերյալ հրապարակային որեւէ մեկնաբանություն անելու ցանկություն չունենք»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

Ահա այսպիսի ամբարտավան պատասխան մի ընկերության կողմից, որը միլիոնավոր դրամների հարկ է թաքցրել պետությունից եւ, ըստ էության, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել` բացի պետությանը պատճառված վնասը հետին թվով փոխհատուցելուց: