Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

Io so che tu sai che io so (իտլ.)՝ «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ». իտալացի ռեժիսոր եւ գլխավոր դերակատարներից մեկի՝ Ալբերտո Սորդիի ֆիլմը ես դիտել եմ հեռավոր 1983-ին: 1982թ. Իտալիայում առաջին ցուցադրումից մեկ տարի անց այն ցուցադրվում էր նաեւ ԽՍՀՄ-ում: Ֆիլմում նկարահանվել է Ջաննի Լետտան՝ Il Tempo թերթի խմբագիրը, որ հետո Բերլուսկոնիի կառավարության պետքարտուղարն էր: 

Այս տխուր կատակերգությունը բանկի ֆինանսիստ Ֆաբիո Բոնետիի ընտանիքի՝ կնոջ՝ Լիվիայի, եւ անչափահաս դստեր՝ Վերոնիկայի մասին է: Նկատելով, որ կնոջը հետեւում են, Բոնետին պարզում է, որ մասնավոր խուզարկուն սխալվել է. պետք է հետեւեր հարեւանի՝ խոշոր ֆինանսիստի եւ քաղաքական գործչի կնոջը: Լիվիան, ամուսնուց տեղեկանալով, որ վերջին հինգ շաբաթվա ընթացքում իրեն անվերջ հետեւել են՝ գաղտնալսել, տեսաձայնագրել, սկսում է տարօրինակ վարք դրսեւորել: Ֆաբիոն որոշում է գնել այդ տեսաժապավենները, սակայն մասնավոր հետախույզի գրասենյակին մոտենալիս տեսնում է այնտեղից մեծ ճամպրուկով դուրս եկող իր կնոջը: Լիվիան տեսաձայնագրություններով լի ճամպրուկը թաքցնում է ամառանոցի նկուղում: Դրանք գաղտնի դիտելիս Բոնետին պարզում է, որ դուստրը թմրամոլ է, որ կինը գիտե քարտուղարուհու հետ իր երկարամյա սիրավեպի մասին, որ ինքը՝ Ֆաբիոն, հիվանդ է, եւ բժիշկները մեկ ամսվա կյանք են կանխատեսել: Բոնետին սկսում է կյանքին այլ կերպ նայել: Լիվիան հասկանում է, որ Ֆաբիոն դիտել է ժապավենները, եւ բոլորն ամեն ինչ գիտեն միմյանց մասին:

Այս ֆիլմը ես հիշում եմ ամեն անգամ, երբ հետեւում եմ հին ու նոր Հայաստանի բախումներին, երբ լսում եմ Միքայել Մինասյան-Նիկոլ Փաշինյան ինքնաեթերային փոխհրաձգությունները, երբ դիտում եմ նախկինների եւ ներկաների հարատեւ կռիվը, երբ մտածում եմ այն ամենի մասին, ինչը Հայաստանում փոխարինել եւ փոխարինում է քաղաքականությանը: 

Իրականում այն ամենը, ինչ տեղի է ունեցել հին Հայաստանում, քրեական թրիլլեր էր, այն ամենը, ինչ տեղի է ունենում նոր Հայաստանում, տխուր կատակերգություն է, իսկ այնտեղ, ուր ուզում են մեզ հրել միավորյալ նախկինները, սարսափ ֆիլմ է՝ ժանրին բնորոշ տեսարաններով: Ողջ խնդիրն այն է, որ հայկական այս խառնիճաղանջ ֆիլմարտադրության մեջ մենք պարզ կինոդիտողներ ենք:
Հայաստանում, ուր տարիներ շարունակ քաղաքականությանը փոխարինել են քաղտեխնոլոգիաները, պետական կառավարմանը՝ կոռուպցիան, քաղաքական պայքարին՝ խառնակչությունները, քաղաքացիականությանը՝ կրավորականությունը, քաղաքական բանավեճին՝ կոմպրոմատները, Հայաստանում հին ու նոր բացահայտումների կայծակից ու տեղումներից թեպետ գետի ջրերը պղտորվում են, հոսանքը նաեւ տիղմ է բերում, բայց հայաստանյան այդ գետը, երբեմն-երբեմն վարարելով՝ այդպես հոսում է արդեն երեսուն տարի: Քաղաքական եղանակները շատ բան չեն փոխում փոփոխությունների կարոտ Հայաստանում: 

Ահա, այս անփոփոխ միջավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայկական իրականության պղտոր գետ են նետում փոխադարձ մեղադրանքների քարերը: 

Սերժ Սարգսյանի դստեր ամուսնուն՝ Միքայել Մինասյանին, միշտ ուղեկցել է գորշ կարդինալի համբավը: Նրա կերպարը պատված է եղել առեղծվածով եւ առասպելներով, որոնց միջից դժվար էր զանազանել իրականն ու կեղծը, երեւութականն ու աներեւույթը: Եվ ահա Մինասյանը, վրայից նետելով գորշ կարդինալի քղամիդը, իր անհայտ հեռուներից, արդեն տեւական ժամանակ է՝ որոշել է առասպելազերծվել եւ առասպելազերծել: «Ստի վերջը» վերնագրված իր տեսաշարով, որը լատինամերիկյան հին սերիալներ է հիշեցնում, Մինասյանը կոչ է անում «բացել աչքերը, տեսնել եւ հասկանալ իրականությունը, հասկանել, թե ով է ղեկավարում մեր երկիրը, քանի որ Հայաստանում բոլորի դիմակները պատռված են»: 

Ռուսական շարադասությամբ, երեւույթները դասակարգելու հմտությամբ Մինասյանը ներկայացնում է Փաշինյան ընտանիքի «կոռուպցիոն գործունեությունը»՝ Ռուսաստան առաքվող մաքսանենեգ ծխախոտի խմբաքանակներ, ադամանդներ, զենքի վաճառք, կադրային շահադիտական նշանակումներ: Այդ շարքը զարմանալիորեն զուգադիպեց այն ժամանակահատվածին, երբ Մինասյանի դեմ քրեական գործ հարուցվեց փողերի լվացման հոդվածով: Թեպետ նրա պատումները բավականին հավաստի են թվում նախկինների կոռուպցիոն բացահայտումներից ուշքի չեկած Հայաստանի հանրության մի մասի համար: Եվ այժմ Փաշինյանն ու Մինասյանը ներքաշվել են տեղեկատվական լայնածավալ պատերազմի մեջ: Եվ երբ հունիսի 20-ի տեսապատումում Մինասյանը խոստովանեց, որ Փաշինյանի շանտաժին տրվելով՝ տարիներ շարունակ ֆինանսավորել է «Հայկական ժամանակը»՝ չվաճառված տպաքանակը գնելով եւ թերթի համար անվերադարձ իրացում ապահովելով, հանրայնացվեց Փաշինյան-Մինասյան երբեմնի համագործակցությունը: Միքայել Մինասյանը մեդիա մագնատ է, աներոջ՝ Սերժ Սարգսյանի տեղեկատվական-քարոզչական, երբեմն նաեւ՝ կադրային նշանակումների համակարգողը, լավատեղյակ այն ամենին, ինչ կատարվել է Սարգսյանի կառավարման ընթացքում: 
Փաշինյանը կուլ է տվել Մինասյանի նետած խայծը եւ պատերազմին պատասխանում է պատերազմով, որից պարզ է դառնում այն, ինչ Հայաստանում բոլորը գիտեն՝ պետության կողոպուտի, Սարգսյանների ընտանիքի հարստության, Փաշինյանի կնոջ գլխավորած հիմնադրամների համալրման մեթոդների եւ այլնի մասին: 

Մենք գիտենք, թե ինչպես են տարիներ շարունակ՝ «փողի վրա նստած» ղարաբաղյան ծագմամբ ղեկավարները կողոպտել Հայաստանը: Գիտենք, թե ինչպես են կեղծվել ընտրությունները, ընտրակաշառք բաժանվել, կուսակցությունների համամասնական ցուցակները կազմվել ՀՀ նախագահի նստավայրում: Մենք չենք մոռացել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընդունեց 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները, իսկ 2015թ. սահմանադրական հանրաքվեի «ոչ» քարոզարշավն անվանեց «կեղծ օրակարգ»: Մենք տեղյակ ենք, թե ինչպես են վերահսկվել ֆինանսական հոսքերը, ինչ հրահանգներ են կատարել գործարարները, ինչպես է Հայաստանը մեկ գիշերում հայտնվել ԵՏՄ-ում, եւ Մոսկվայի կամքին հնազանդ կադրային նշանակումներ արվել, եւ ինչպիսի տարօրինակ նշանակումներ են արվում հիմա, ինչպես են օտար պետությունները ֆինանսավորել քաղաքական պայքարը Հայաստանում, ում անուններն են եղել Մոսկվայի եւ Երեւանի կողմից մերժված տարաբնույթ «սեւ ցուցակներում»: Մենք գիտենք, թե ինչպես է Հայաստանում արդարադատությունը վաճառվել, սահմանադրական արդարադատությունը՝ գնվել, եւ թե ովքեր են ՍԴ հին ու նոր դատավորները: Մենք գիտենք, թե ինչպես է սուպերվարչապետությունը գայթակղել այն մերժող Փաշինյանին:

Մենք գիտենք, որ նրանք գիտեն, որ մենք գիտենք. ճիշտ այնպես, ինչպես իտալական ֆիլմում է: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրականում այդքան անտեղյակ եւ միամիտ չենք, ինչպես կարծում են Փաշինյանն ու Մինասյանը: Գուցե շատ բաներ դեռ նաեւ չգիտենք: Մինասյան-Փաշինյան կրակահերթերը դեռ գուցե նոր բացահայտումներ անեն՝ իրականն ու մտացածինը միախառնելով:
2015թ. փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը կոչ արեց «համազգային մոբիլիզացիայի՝ հասնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից», փակելու «մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը, Հայաստանը մաքրել գաղջ մթնոլորտից», որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նետեց. «Ծառուկյանն իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, նա լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ: Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ»,- ահա մեկշաբաթյա այդ պատերազմի ժամանակ ընկերներիցս մեկը նկատեց. «Խնդիրն այն է, որ երկուսն էլ՝ Սարգսյանն ու Ծառուկյանն էլ ճիշտ են»:

Համանման իրավիճակ է ստեղծվել նաեւ հիմա՝ նախկինների եւ ներկաների, Մինասյան-Փաշինյան պատերազմի այս ընթացքում, երբ կողմերը հիմնականում ճիշտ են իրենց գնահատականներում:
Միքայել Մինասյանը վերջին տեսապատումում ներողություն է խնդրում, որ «նաեւ իմ պատճառով Հայաստանը խենթի ձեռքում է, անցնում է դրամատիկ էջերից մեկը»: Կոչ անելով «մոռանալ անցյալը» եւ չամաչել անցյալից՝ հավարտ նա ներկայացնում է Աստրո Պիացցոլայի «Օբլիվիոն»՝ արգենտինական տանգոն, ընդգծելով, որ «օբլիվիո» նշանակում է մոռացություն, անցյալի ժխտում։ «Ես հույս ունեմ, որ մենք կբացենք մեր աչքերը եւ դուրս կգանք այդ ժխտման միջից»,- ընդգծում է Մինասյանը: 

Սակայն այդ անցյալը թե՛ մեր, թե՛ մեր երկրի կենսագրությունն է, որտեղ պարտությունները մեծաթիվ են: Քաղաքականության մեջ ոչինչ անհետեւանք չի անցնում, եւ պատմությունն ու մարդկային հիշողությունն անհնար է ջնջել:

Մեկ այլ կոմպոզիտորի՝ Ժոզեֆ Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիան» կատարվում է մոմերի լույսի տակ. ադաջիոյի ավարտին միմյանց հետեւից դանդաղ հեռանում են երաժիշտները, հանգչում՝ մոմերը, սիմֆոնիան ավարտում են միայն երկու ջութակահարներ:

Միքայել Մինասյանի առաջարկած «Օբլիվիոյից» ես գերադասում եմ «Հրաժեշտի սիմֆոնիան», միայն թե բեմից հեռանան բոլորը՝ նաեւ վերջին երկու ջութակահարները: