Գագիկ Ծառուկյան-իշխանություն առաջին ռաունդն ավարտվում է ոչ ոքի

Գագիկ Ծառուկյան-իշխանություն առաջին ռաունդն ավարտվում է ոչ ոքի

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կոչին՝ պարզաբանելով, որ պատգամավորական գործունեությանը զուգահեռ չի զբաղվում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ եւ, ըստ այդմ, չի խախտել Սահմանադրությունը:

Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահին էր դիմել արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որի ներկայացուցիչները կարծում են, որ ԱԺ վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումների ժամանակ «Արարատ ցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության կողմից խախտվել են Սահմանադրությունը եւ այլ օրենքներ, քանի որ Ծառուկյանն արել է հայտարարություններ, որոնք փաստում են նրա՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին։

Գլխավոր դատախազը հաղորդմանն ընթացք էր տվել՝ այն ուղարկելով Հատուկ քննչական ծառայություն, իսկ ԱԺ նախագահ Միրզոյանն «Իմ քայլում» ունեցած քննարկումներից հետո հրապարակային հորդորել է Ծառուկյանին փարատել կասկածները:

Գագիկ Ծառուկյանն իր ծավալուն բացատրական տեքստում փաստում է, որ առեւտրային կազմակերպություններում իր ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, 5 տարի ժամկետով: Անդրադառնալով իր այն բանավոր հայտարարություններին, որ հրահանգել է «10 հազար դրամով էժանացնել վաճառվող ցեմենտի գինը», ԲՀԿ ղեկավարը հայտարարել է՝ դա չի կարող նույնացվել ձեռնարկատիրական գործունեության հետ, քանի որ ինքը՝ որպես սեփականատեր, համաձայնել է աշխատել վնասով։ Նա անթույլատրելի է համարում քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին եւ սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելը։ Իր՝ ձեռնարկատեր լինելու մասին քննարկումները նա անվանում է «արհեստածին»։ 

«Սա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է»,- Ծառուկյանի բացատրությունից այսպիսի եզրահանգման է եկել ՔՈ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

«Պարոն Ծառուկյանն իր գրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշում է․ «…հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը…»։ Սա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ նա, այնուամենայնիվ, մասնակցել է ձեռնարկության կառավարմանը։ Պարոն Ծառուկյանը նշում է, որ այդ որոշումը չի հանգեցրել իր գույքային դրության բարելավմանը։ Բայց ձեռնարկատիրական գործունեությունը միայն շահույթ ստանալու մասին չէ, այնտեղ հնարավոր են նաեւ վնասներ։ Վնաս կրելը չի նշանակում, որ մարդը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում»,- հիմնավորում է նա։ Ի դեպ, Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացությունը, ըստ այդմ՝ «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»: 

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում երեկ չէին քննարկել Ծառուկյանի հայտարարությունը, շատերը՝ Գեւորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, հրաժարվում էին մեկնաբանություններից։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ փաստում է, որ Ծառուկյանի հիմնավորումները միայն «իրավաբանորեն» են ճիշտ․ «Իրավաբանորեն հավատում ենք, բայց ոչ իրավաբանորեն՝ ոչ»։ Աղազարյանի խոսքով, իշխանությունն այս հարցում անելիք չունի, իրականում ժողովուրդը պետք է իր խոսքն ասի․ «Տեսեք, ինքը սիրում է, չէ՞, հայտարարել, որ սիրում է ժողովրդին, ժողովուրդն էլ իրեն է սիրում, ու բոլորը գիտեն, որ ինքը զբաղվում է ձեռներեցությամբ։ Այո, իրավական առումով Ծառուկյանն անխոցելի է, որովհետեւ փաստաթղթային առումով բոլոր ձեւակերպումները տվել է, հավատարմագրային կառավարման է հանձնվել։

Միակ լուծումն այն է, որ հաջորդ անգամ ընտրողը դա հաշվի առնի ընտրությունների ժամանակ, ուրիշ ի՞նչ կարանք անենք»։ Աղազարյանի համոզմամբ, Ծառուկյանին հնարավոր չէր մերժել նաեւ ԿԸՀ-ում, քանի որ «հիմա ԱԺ-ում թերթերի, կայքերի խմբագիրներ կան, դա ձեռնարկատիրական գործունեություն չէ՞, հիմա իրենք տվել են ուրիշի կառավարմանը, բայց դրա սեփականատերն են, հետեւաբար, եթե այդպես առաջնորդվենք, ոչ մեկին չպետք է թույլ տան»։ Եթե ամեն ինչ «թղթերով ճիշտ էր», եւ ԿԸՀ-ն էլ թույլ է տվել առաջադրվել, ի՞նչ իմաստ ուներ իշխանության բարձրացրած աղմուկը։ «Խնդիրն այն է, որ մի ամբողջ խմբակցություն լծվել էր մի նախագծի դեմ պայքարին, որպեսզի «Արարատ ցեմենտ» գործարանն ունենա մոնոպոլ դիրք շուկայում, կամ պատգամավորը, որն իր սեփականությունը տվել է հավատարմագրային կառավարման, բայց ԱԺ ամբիոնից մի ճառ է ասում, որը պաշտպանում է իր բիզնեսը։

Իհարկե, իրավական առումով այլ է»։ Աղազարյանի համոզմամբ, օրենքի խախտումներ չեն գտնի Ծառուկյանի պահվածքում․ «Ես համոզված եմ, որովհետեւ չեմ կարծում, թե Ծառուկյանն այնպիսի օգնական-խորհրդականներով է շրջապատված, որ չկարողանային թղթաբանություն անեին ու խոցելի լինեին»։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, օրենքի բացը թույլ չի տալիս հարցին ճշգրիտ պատասխան տալ․ «Մի կողմից՝ մենք ունենք սեփականատեր լինելու հնարավորությունը, որը քաղաքական գործչին, օրենսդիր մարմնում աշխատողին թույլ է տալիս լինել սեփականատեր, բայց հնարավորություն չի տալիս զբաղվել ձեռնարկատիրությամբ, մյուս կողմից՝ գործ ունենք ենթադրյալ, փաստացի իրավիճակի հետ․ քանի որ գործընթացը գտնվում է իրավապահների տիրույթում, պետք է սպասել»։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր ԱԺ խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ քննել Ծառուկյանի հարցը: Իշխող կուսակցությունում այս հարցում էլ չեն կողմնորոշվել՝ կստեղծե՞ն հանձնաժողով, թե՞ ոչ։ «Էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է փաստացիորեն քաղաքական որոշումներով, սա վատ նախադեպ ունեցող սկիզբ կարող է լինել, սա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում, եթե չենք գնում, չենք ստեղծում հանձնաժողով, ստացվում է, որ ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն, լավագույն լուծումն է՝ սպասել իրավապահների գործողություններին»,- ասում է Մակունցը։