Ծիծաղով արձագանքեց իր առաջադրման փաստին

Ծիծաղով արձագանքեց իր առաջադրման փաստին

«ԵՊՀ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը որոշվել է, այն բաղկացած է 32 անդամից։ Նոր խորհրդի կազմում են ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ Արթուր Իսրայելյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներից են «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումն եւ մի շարք այլ հարցեր:

ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադառնալով հոգաբարձուների խորհրդի կազմում իր ընդգրկվելու փաստին, մասնավորապես ասաց․ «Բարձրագույն կրթությունը իմ ոլորտն է, համալսարանն էլ շատ կարեւոր ուսումնագիտական, կրթական հաստատություն է, այնտեղ լինելը շատ կարեւորում եմ»,-ընդգծեց նա ու հավելեց, որ տեղյակ չէ, թե երբ է լինելու հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այն, որ վերջին ամիսներին ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում ԵՊՀ-ում, իսկ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ հայտարարել էր, որ աղմկահարույց բացահայտումներ են սպասվում ԵՊՀ-ում, Դավիթ Գյուրջինյանն ասաց, որ իրավապահները պետք է զբաղվեն դրանով․ «Թեպետ համալսարանի ներկայիս ռեկտորը կարծես թե անհամաձայնություն էր հայտնել, բայց ամեն դեպքում իրավապահները պետք է զբաղվեն այս հարցով, մենք լուրը ընթերցող սովորական ընթերցողներ ենք։ Իրավական գնահատական պետք է տրվի»։

Հնարավոր համարո՞ւմ է, որ օրինակ իր թեկնածությունն առաջադրվի խորհրդի նախագահի կազմում, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խորհրդի ղեկավար կազմում այլեւս չպետք է լինեն չինովնիկներ, Գյուրջինյանը միայն ծիծաղով արձագանքեց՝ նշելով որ ոչնչից տեղյակ չէ։