Թավշյա հեղափոխությունից հետո՝ թավշյա հարթակներ

Թավշյա հեղափոխությունից հետո՝ թավշյա հարթակներ

2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո ծնվել է «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը, որը, դատելով իր տարածած հայտարարությունից, իրականացնում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումներ՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ շահագրգիռ կողմերի, տարբեր մասնագիտական շրջանակների միջեւ։

 Նախաձեռնության երկրորդ հանդիպումը՝ «Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժիչ գործոն» թեմայով, կայացել է մարտի 23-ին, որին մասնակցել են կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից՝ Նաիրա Սուլթանյանը, «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամից՝ Օլյա Ազատյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի  Ղազարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական  եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչները, այլք։ 

Թե ինչու է հանդիպումը եղել  փակ, չի լուսաբանվել լրատվամիջոցներով, փորձեցինք պարզել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից։ 
Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը տարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ է կազմակերպում։
Նա հիշեց, որ քննարկմանը մասնակցել է «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրողը։ 
«Ծրագրի ձեւաչափն է այդպիսին, որ փակ լինի։ Իրենք նախ պետք է ինչ-որ բան մշակեն, հետո այն հանրայնացնեն։ Հնարավոր է, որ այդ ձեւաչափով իրենք համագործակցում են «Հետք»-ի հետ, որպեսզի հետո նյութ լինի»,- ասաց Սերոբ Խաչատրյանը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը մանրամասներին ծանոթ չէ։ 

«Ինձ նամակով հրավիրել են, ես գնացել եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 
«Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության ծրագրերի ղեկավար Արամայիս Ավետիսյանը հերքեց մեր տեղեկությունը, որ քննարկումը ԶԼՄ-ների համար փակ է եղել։
«Միջոցառման մի մասը բաց է եղել լուսաբանման համար, ընթրիքը՝ ոչ։ Մենք հրավեր ուղարկել ենք բոլոր ԶԼՄ-ներին»,-արձագանքեց Ավետիսյանը։
Իսկ ինչո՞ւ են միայն խորհրդարանական երկու եւ ոչ խորհրդարանական երկու քաղաքական ուժ մասնակցել այդ քննարկմանը։

«Մենք հրավիրել ենք այլ քաղաքական ուժերի եւս, ովքեր ընդունել են հրավերը, նրանք էլ մասնակցել են»,- ասաց Արամայիս Ավետիսյանը։ 
Առաջին քննարկումը, ըստ նրա,  վերաբերել է սոցիալական պաշտպանության հարցերին, եղել է ԱԺ ընտրություններից առաջ, մասնակցել են ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները։

«Նպատակը հաղորդակցություն ապահովելն է, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք զբաղվում են կրթության հարցերով, որոշում կայացնողներ են, հնարավորություն ունենան այդ խնդիրները քննարկելու։ Թե իրենք ինչպես կօգտվեն այդ հնարավարությունից, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան, թե ոչ, դա կախված է իրենցից։ Մենք ստեղծել ենք հարթակ ու հնարավորություն, որպեսզի իրենք այդ խնդիրները բարձրաձայնեն եւ բարեփոխումներ իրականացնեն»,- ասաց Արամայիս Ավետիսյանը։