Ռոբերտ Քոչարյանի կալանքը կերկարացվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Ռոբերտ Քոչարյանի կալանքը կերկարացվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Ռոբերտ Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՔԾ֊ի միջնորդության՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը։

Դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18֊ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին:

Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է:
Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1֊»ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։