Այսօրվա իշխանությունը մեր ժողովրդին առաջարկել է ազնվաբարո կյանք

Այսօրվա իշխանությունը մեր ժողովրդին առաջարկել է ազնվաբարո կյանք

Կառավարության կազմակերպած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Նրան մի քանի հարց ուղղեցինք։

- Պարոն Ամիրխանյան, անկախության տոնի առթիվ ո՞րն է Ձեր բարեմաղթանքը հայ ժողովրդին։

- Ինձ համար ամենամեծ արժեքը, որը մարդուն կարող է դարձնել իրական ապրող եւ ոգեւորությամբ ապրող մարդ, իրոք իր արժանապատվության զգացումն է, մեր հանրապետությունը գտնվում է որոշակի փորձությունների մեջ, կարծես թե մենք բարեկամ չունենք աշխարհում։ Մեզ հարկավոր է գտնել այն ճանապարհը, որը մեզ տանում է գոնե ձեւական հասկացողության ճանապարհով։ Աշխարհը չի ուզում հասկանալ ուրիշի պրոբլեմները, ամեն մեկն ապրում է իր սեփական խնդիրներով, իսկ հայոց պրոբլեմը աշխարհի համար ամենադժվարամատչելի խնդիրներից մեկն է։ Մենք պետք է խելացի գտնվենք, եւ այսօր մեր անկախության օրը պետք է գնահատել այն վիճակը, որի մեջ մենք ենք, եւ ավելի համախմբվել, փոխարենը մեկս մյուսին փնովենք, փոխարենը մենք իրար մեջ սխալներ տեսնենք, այլ համախմբենք մեր ուժերը՝ միասնական դառնալու համար եւ ավելի զորավոր դառնալու համար, որպեսզի մեր մենակությունը մենք կարողանանք դարձնել աշխարհի զգոնությունը։

- Այսօրվա իշխանությանը մեղադրում են հասարակությանը պառակտելու, սեւերի եւ սպիտակների բաժանելու մեջ, Դուք տեսնո՞ւմ եք այդ բաժանումները։

- Նույն բանը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, յուրաքանչյուր երկրի մեջ, որտեղ ինչ-որ զգացումներ բավարարված չեն, բոլոր տեղերում դա նորմալ է։ Այսօրվա իշխանությունը մեր ժողովրդին առաջարկել է ազնվաբարո կյանք, ապրել պարկեշտ, նվիրումով, ապրել ազնվորեն, եւ այդ մոդելի մեջ ինչը կա խոցելի, ես չգիտեմ։

- Օրինակ այն, որ դպրոցական դասագրքերի չափորոշիչներն անընդունելի են հանրության համար։

- Իհարկե, պրոբլեմներ միշտ էլ լինում են, ամեն տեղ պրոբլեմներ կան, բայց այսօր մեր խնդիրը ոչ թե այդ պրոբլեմների համար մեկին քարկոծելն է, այլ հավաքվել, միասնական դառնալ, որպեսզի կարողանանք մենք այդ պրոբլեմները միասնաբար լուծել։ Իսկ օգտվել առիթից, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ թերություններ կան, եւ դա դարձնել մատի փաթաթան ու դրանով փորձել քաղաքական որոշակի շահարկումներ անել, ես չեմ կարծում, որ շատ ճշգրիտ քայլ է ապրելու համար։ Ես այսօր Հայաստան աշխարհը տեսնում եմ միակ ճանապարհի վրա՝ համաժողովրդական միասնություն այն պրոբլեմների առաջ, ինչ որ թուրքը պրոբլեմներ է ստեղծում մեր կողքը, լիքը չուզողներ կան մեր կողքը։ Ես չեմ ուզում անուններ տալ, շատ ավելի մեծ են այդ պրոբլեմները, քան մենք կարող ենք խոսել այդ մասին, բայց գիտակցել, դա մեզ պետք է։ Այսօր ես կոչ պիտի անեի, որ մեր անկախության դրոշը, ազատության դրոշը դարձնել այն կանչը, որը մեզ կօգնի ավելի միասնական լինելու։ Ես չեմ ընդունում այդ նեգատիվը՝ որպես այսօրվա հրատապ խնդիր։ Այո, մենք ունենք լիքը պրոբլեմներ, իսկ ո՞վ չունի այդ պրոբլեմները։

 - Դուք պատերազմի վտանգ չե՞ք տեսնում։

- Ես ինձ նման բաների խորացումներ չեմ կարող թույլ տալ, ես քաղաքագետ չեմ, ես այն անալիտիկը չեմ, որ պիտի տեսնեմ, բայց վտանգ ամեն վայրկյան կա, մեր թշնամին անպարկեշտ թշնամի է, եթե նա խելացի լիներ, մենք ավելի դժվար վիճակի մեջ կլինեինք։ Նրանք դեկլարատիվ հայտարարություններ են անում, ես զարմանում եմ, թե աշխարհն ինչպես չի ուզում տեսնել, որ թուրքը կողքս հորինում է պատճառներ, որպեսզի դրա միջոցով արդարացնի իր քայլերը։ Այսօր իմ միակ խնդիրը Հայաստանի ներքին արժանապատվության հարցն է, որ նույնիսկ ուրիշների համար նկատելի կլինի, դրա համար մեր խնդիրն է՝ այսօր թողնել հրապարակային այս մեղադրական խնդիրները եւ միասնաբար ձեռքը դնել մեկ ուրիշ մարդու ուսին եւ ասել՝ ինչո՞վ կարող եմ քեզ օգտակար լինել, որպեսզի մենք շենացնենք երկիրը։

- Իսկ վարչապետը նման կոչ պե՞տք է անի, որ միանանք եւ միասնաբար պայքարենք արտաքին թշնամու դեմ։

- Վարչապետը պիտի շարունակի իր գործունեությունն այնպես, ինչպես ինքն անում է, մինչեւ որ մարդիկ իրենք հասկանան, որ իրենք ավելորդ են այս պահին՝ այն բարձրագոչ թերությունների գնահատականով, որը ոչ մի նշանակություն չի ունենում այսօր։ Չկա ճիշտ՝ առանց սխալի, կա մի ընդհանուր խնդիր, որ մենք բոլորս ենք իրագործում միասին՝ մեր ապրելու խնդիրն է, մեր ապահով լինելու խնդիրը։ Աշխարհն անապահով վիճակի մեջ է, բայց մեզ այսօր առավել եւս հարկավոր է ամրացնել մեր գոտիները եւ լինել ավելի միասնական։

- Բայց մարդիկ լավ չեն ապրում, տուգանվում են ամեն օր։ Ասում են, որ 2 տարի անցել է՝ որեւէ մեկի կյանքը չի լավացել։

- Ուզած որեւէ տեղ կարելի է նման խոցելի բաներ ասել, բայց կլավանանք ավելի հեշտությամբ, եթե միասնական լինենք մեր խնդիրների մեջ։

ՀԳ․ Հիշեցնենք, որ Ամիրխանյանը նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիներից էր գոհ, նա 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ակտիվ ջատագովներից էր։