Իրավիճակ է փոխվել. լրագրային շանսոն

Իրավիճակ է փոխվել. լրագրային շանսոն

Դեպք Երևանում
Քաղաքապետարանից հայտնում են, որ մի քաղաքացի իր ոչխարի հետ բարձրացել է ավտոբուս:
-Վայ, մամ, տես՝ ոչխար, ոչխար,- բացականչել է մոր գրկին նստած փոքրիկը:
Ժողովուրդը խառնվել է իրար, խուճապ է սկսվել: Ոչխարատերը հանգստացրել է ուղևորներին.
-Վայ, չէ, սա ի՞նչ ոչխար է որ, ոչխարին թաղապետ են նշանակել, սա մաղարիչն է, մաղարիչը:

Օրինակ վերցրեք
Մարալիկցի կանայք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խոստացել են տարվա մեջ 3 անգամ ծննդաբերել, միայն թե իրենց ծննդատունը չփակեն…

Բժշկի կաբինետում
-Բարև բժիշկ, կարելի՞ է
-Համեցեք, իհարկե, բայց ձեր դեմքն ինձ ծանոթ է:
-Ես «իմքայլից» եմ:
-Հա՛ա՛ա՛, շատ լավ, ես էլ եմ «իմքայլից», դե պատմիր, ինչո՞ւ ես եկել, ի՞նչ գանգատներ կան:
-Սկսել եմ գիշերները վատ քնել, բժիշկ:
-Այդքան բա՞ն:
-Այո, այդքան բան:
-Վայ, տնաշեն, ես էլ մտածեցի՝ երևի պարգևատրում չես ստացել… Անքնությունը ոչինչ, ամուսնացիր կանցնի…

Հակերները
Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը անհայտ անձինք մուտք են գործել ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստարկղ, ամեն ինչ տակնուվրա արել և, ոչինչ չգտնելով, ձեռնունայն հեռացել: Նկատելով «հարձակման» հետքերը՝ պատգամավորուհին ՖԲ-ում գրել է. «Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։
Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

Տղեն որն ա, աղջիկը՝ որը
ԱԺ պատգամավորները չգիտեն ինչ անել՝ ծննդյան վկայականում նշե՞ն նորածնի սեռը, թե՞ չնշեն: Թեժ քննարկում է ընթանում:
Այդ ժամանակ ծնարանից դուրս է գալիս բժիշկն ու դիմում սպասող տղամարդուն.
-Շնորհավորում եմ, ձեր երեխան ծնվեց:
-Հա՞, վայ շատ շնորհակալ եմ բժիշկ ջան,-ուրախանում է նորընծա հայրիկը,- տղա՞ է, թե՞ աղջիկ…
Բժիշկը լրջանում է.
-Մի շտապեք քաղաքացի, սպասեք տեսնենք ԱԺ-ն ինչ է որոշում, նոր կհայտարարենք:

Մատների առեղծվածը
Մարդ կա, որի մատները ոչնչի հետ շփոթել հնարավոր չէ, մարդ էլ կա՝ մատը կպնում է «լայքի» կոճակին, աշխատանքից ազատում են: