Արմեն Սարգսյանը քաղաքական հավակնություններ չունի՞

Արմեն Սարգսյանը քաղաքական հավակնություններ չունի՞

Նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից երկուսի՝ Դաշնակցության եւ «Ժառանգություն» կուսակցության վերնախավի հետ։ ՀՅԴ-ականների հետ հանդիպման հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա հայաստանյան «Մտքերի գագաթնաժողով» (Summit of Minds), որը «համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական եւ քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների»: Մենք ճշտեցինք, որ մի քանի օրից, առաջին անգամ, Հայաստանը կհյուրընկալի «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը, որը կանցկացվի Դիլիջան քաղաքում։ Այն մեկ հարկի տակ կհավաքի աշխարհի առաջատար քաղաքական ու ռազմական գործիչների, տնտեսագետների ու գործարարների, գիտնականների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր կքննարկեն ժամանակակից աշխարհի մարտահրավերները, կառաջարկեն նոր գաղափարներ։

Արմեն Սարգսյանն «անդրադարձել է նախագահական մյուս նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հաստատմանը»: Ժառանգականների հետ հանդիպմանն էլ քննարկվել են ներքին եւ արտաքին հարցեր։ «Հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ»,- տեղեկանում ենք պաշտոնական լրահոսից։ 

Արմեն Սարգսյանի վերջին հանդիպումներից ակնհայտ է դառնում, որ ինչպես իշխանության հետ է նա լավ հարաբերությունների մեջ, ոչ պակաս համախոսությամբ էլ շփվում է ընդդիմադիրների հետ։ Երբ մեկ տարի առաջ ՀՀԿ-ի ձեռամբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ, նրա հասցեին տարբեր կողմից քննադատությունների այնպիսի չափաբաժին կար, որ թվում էր՝ իշխանափոխությունից հետո նա էլ կբռնի ՀՀԿ-ի ճանապարհը։ Բայց Արմեն Սարգսյանը մինչ իշխանափոխությունը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում ու այդտեղից էլ կերտեց իր քաղաքական նոր ապագան։ Հանրապետության հրապարակում Փաշինյանի հետ ունեցած հանդիպումը նրա համար վճռորոշ դարձավ, մարդիկ սկսեցին ընդունել Արմեն Սարգսյանի կերպարը՝ մոռանալով, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ընդդիմադիրներն էին թմբկահարում Արմեն Սարգսյանի անծայրածիր բիզնեսների, կեղծ փաստաթղթերով նախագահ դառնալու, ՀՀԿ-ի «բերած նախագահը» լինելու մասին։ Արմեն Սարգսյանն էլ առիթը բաց չթողեց, պատսպարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների նեղ շրջանակում եւ Նիկոլ Փաշինյանից հետ չմնաց ամբոխահաճո քայլերի մեջ՝ փորձելով նվաճել «ժողովրդի նախագահի» տիտղոսը։

Նա մի օր պաղպաղակ կերավ մանուկների հետ, մի օր նրանց հրավիրեց իր նստավայր, մեկ ուրիշ օր պարեց իր դեմ ելած ցուցարարների հետ ու այդպես շարունակ։ Պատասխանատու քայլերի, հայտարարությունների փոխարեն նախագահի բոլոր քայլերում ակնհայտ է երկվությունը։ Մի կողմից նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխական իշխանությանը, մյուս կողմից ընդդիմության, արտաքին աշխարհի հետ իր շփումներն է սերտացնում։ Բոլորովին վերջերս, երբ Փաշինյանի կոչով շրջափակվեցին դատարանները, հանրությունն անհամբերությամբ սպասում էր, թե ինչ գնահատական է տալու նա իբրեւ Սահմանադրության երաշխավոր, պետության գլուխ, անգամ կոչեր էին անում՝ քայլ անել, միջամտել, բայց նույնիսկ հանրային պահանջի պարագայում Արմեն Սարգսյանն ընդամենը մի անհասկանալի, վախվորած հայտարարություն տարածեց, որն իշխանությունների սրտով էր, բայց նաեւ միջազգային հանրությունը եւ Փաշինյանի ակցիայից դժգոհ հանրությունը կառչելու տեղ չէր գտնի։ «Ո՛չ շիշը, ո՛չ քյաբաբը» կարգախոսով նա խուսափեց գնահատական տալ Փաշինյանի կոչին, ինչպես նաեւ հրաժարվեց խոսել դատական համակարգի խնդիրների մասին։ Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը լռեց անգամ այնպիսի կրիտիկական պահերին, երբ Փաշինյանը մարդկանց «ասֆալտին էր փռում», «պատերին էր ծեփում», հասարակությանը բաժանում էին սեւերի ու սպիտակների։ 

Եվ ուշագրավ է, որ Փաշինյանի մոտ «նախագահ աշխատող» Արմեն Սարգսյանը զուգահեռ շփումների մեջ է ընդդիմադիրների հետ։ Նա ընդդիմության հետ շփումների, միջազգային հանրության հետ ամրապնդվող կապերի միջոցով իր դիրքն է ամրացնում, որ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվի եւ ստանձնի ողջ իշխանության պատասխանատվությունը։ Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան, որ նախագահը քաղաքական լուրջ հավակնություններ ունի, չի բացառվում՝ հեռահար պլաններում վարչապետական հայտ ներկայացնի։ Այդ նպատակին հասնելու համար անգամ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու ծրագրեր ունի։ Մամուլի տեղեկություններով՝ նա նորահայտ «Մեկ Հայաստան» կուսակցության մեկենասն է, իսկ կուսակցության ղեկավարն Արթուր Ղազինյանն է՝ իրավաբանականի երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանի որդին։ 

ՀԳ․ Նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Հայաստանում կա մեկ իշխող ուժ, հիմա ում հետ նախագահը հանդիպի, պետք է ասեք՝ ընդդիմության հետ սերտ շփումների մե՞ջ է»։ Նա ասաց, որ ցանկացած ուժ, սուբյեկտ, որը ցանկություն է հայտնում նախագահի հետ հանդիպելու, վերջինս, հարմար լինելու դեպքում, հանդիպում է․ «Ինքն ասել է, չէ՞, որ բոլորի նախագահն է»։ Թեւան Պողոսյանը հիշեցրեց Արմեն Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությունը եւ պնդեց, որ նա քաղաքական հավակնություններ չունի․ «Դա ի պաշտոնե էլ հնարավոր չէ»։ Ի դեպ, Արմեն Սարգսյանի գրասենյակի անդամները՝ գրեթե բոլորը, հստակ քաղաքական հայացքներ չունեցող եւ բոլոր իշխանությունների հետ կամուրջներ գտնող անձինք են՝ Էմիլ Տարասյան, Թեւան Պողոսյան, Համլետ Գասպարյան, Հասմիկ Պետրոսյան, Գագիկ Նահապետյան, Շահեն Ավագյան, ԱԱԾ տնօրենի մայրը՝ Մարգարիտա Ազարյան, Զոյա Բարսեղյան, Տիգրան Լիլոյան եւ այլք։