Սփյուռքի հանձնակատարը Զարեհը լինի, Կիրակոսը, թե Պողոսը՝ պետք է լինի ապաքաղաքական եւ կոմպետենտ

Սփյուռքի հանձնակատարը Զարեհը լինի, Կիրակոսը, թե Պողոսը՝ պետք է լինի ապաքաղաքական եւ կոմպետենտ

Խոսելով նոր-նոր ստեղծվող սփյուռքի հանձնակատարի պաշտոնի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե նա չպետք է լինի նախարար, ով պարտականություններ ունի միմիայն երկրի ներսում, այլ պետք է հաճախակի ու երկար ժամանակով լինի արտերկրում, շփվի հայ համայնքի հետ: Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե այդ պաշտոնի հավանական թեկնածուն Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն է։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագծում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը ներկայացված է որպես պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնող անձը ենթակա է ՀՀ վարչապետին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ եւ բարձրագույն կրթություն ունեցող անձը։ Իսկ հայեցողական պաշտոնների համար երկքաղաքացիությունն արգելք չէ։ 

Ինչպես հաղորդում են ԱՄՆ մեր աղբյուրները, Զարեհ Սինանյանն ինքն է անհայտ պատճառներով ցանկանում նշանակվել այդ պաշտոնին, սրանից ժամանակ առաջ էլ դիվանագիտական՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի, հյուպատոսի պաշտոնին է հավակնել։ Բայց սփյուռքի տարբեր համայնքներում Զարեհ Սինանյանի թեկնածությանը դեմ տրամադրություններ կան․ լիբանանահայերը, հալեպահայերը եւ այլ համայնքների ներկայացուցիչները, իհարկե, կենցաղային զրույցների մակարդակով նշում, ակնկալում են, որ սփյուռքի հանձնակատարը պետք է իրե՛նց ներկայացուցիչը լինի, իսկ դիտարկմանն էլ, թե որ համայնքից էլ ընտրվի, մյուսները դժգոհ են մնալու, արձագանքում են, թե պետք է լինի մեկը, որը սփյուռքի անվերապահ աջակցությունը եւ մանավանդ այն միավորելու ներուժ ունենա։ Պարզվում է՝ ԱՄՆ-ում էլ Սինանյանի թեկնածությունը, եթե Փաշինյանի կողմից նշանակվի նա, միանշանակ չի ընդունվում։ Առնվազն ոգեւորված չեն սույն թեկնածությունից։ 

«Հրապարակի» հետ զրույցում ամերիկաբնակ լրագրող, «30 րոպե Արթուր Սահակյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արթուր Սահակյանը հաստատեց տեղեկությունները համայնքի կողմից Սինանյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքի վերաբերյալ։ Մասնավորապես ռամկավարները եւ այլք, բացառությամբ դաշնակցականների, դեմ են։ Արթուր Սահակյանն ասում է․ «Անձնական ոչինչ չունեմ Զարեհ Սինանյանի դեմ, կարծում եմ, որ ինքը պրոֆեսիոնալ կարողություններ ունի, եւ ողջունելի է, որ դրանք ծառայեցնի ՀՀ սփյուռքի պաշտոնակատարի պաշտոնում, իրեն կարող են օգտագործել այլ տեղ, օրինակ՝ դեսպան, հյուպատոս նշանակեն ինչ-որ մի երկրում։ Բայց ինչ վերաբերում է հանձնակատարին, ապա պետք է լինի մարդ, որը որեւէ կապ ու առնչություն չի ունեցել քաղաքական որեւէ կուսակցության հետ։ Այնինչ այստեղ բոլորը գիտեն, որ նա, մեղմ ասած, շատ սերտ հարաբերություններ ունի Դաշնակցության հետ։ Եվ համայնքում բոլորը գիտեն, որ նա Դաշնակցության մարդն է։ Հետեւաբար, պետք է նշանակվի մարդ, ով կնպաստի սփյուռքի միասնականությանը, ոչ թե պառակտմանը»։ Նշենք, որ, ինչպես փաստում է ազատ էլեկտրոնային հանրագիտարանը, Սինանյանը ոչ թե ՀՅԴ-ի «մարդն» է, այլ՝ ՀՅԴ անդամ։ Արթուր Սահակյանը հույս հայտնեց, որ գոնե այս պաշտոնում նշանակում անելիս Փաշինյանը սփյուռքի ձայնը լսի։ Զրուցեցինք հայ համայնքների այլ ներկայացուցիչների հետ։ 

«Գերմանիայի ակադեմիականների  միության» նախագահ Ազատ Օրդուխանյանն ասաց, որ չի ճանաչում Սինանյանին ու չունի կարծիք։ «Ով որ կոմպետենտ է, մասնագետ, ունի ցանկություն, ժամանակ, հնարավորություն, գիտելիքներ, նա պիտի լինի՝ Զարեհը կլինի, թե Պողոսը, Կիրակոսը կամ Ազատը։ Սա սկզբունք է։ Իսկ թե որ համայնքն է, կարեւոր չէ։ Կարեւորը՝ նվիրյալ հայ լինի, իր գործին, գաղափարներին ու իր ժողովրդին նվիրված լինի»,- ասում է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչն ու ավելացնում, որ մանավանդ այսօր սփյուռքի ոլորտում ծով անելիքներ կան։ «Գիշեր-ցերեկ, օրը եթե դարձնենք 48 ժամ, ու աշխատի, էլի չի հասցնի, որովհետեւ սփյուռքյան այս ողջ պոտենցիալը, որ կա, չի շրջանառում ի շահ մեր ժողովրդի՝ սկսած գիտությունից, տնտեսությունից, հակահետախուզությունից, հետախուզությունից»,- ընդգծում է մեր զրուցակիցը։ Օրդուխանյանի կարծիքով, կարեւորը՝ մշակվի սփյուռքի դոկտրին, ցավոք, այս հարցում ՀՀ նոր իշխանություններն էլ առաջընթաց չեն ապահովում։ 

Սիրիայի հայ համայնքից Գաբրիել Ջեմբերջին էլ ասաց, թե իզուր ենք իր կարծիքը հարցնում․ նախ, կառավարությունն «ուզած մարդը կնշանակե», եւ հետո՝ «սփյուռքի միությունները, կառավարությունն ու եկեղեցին իրենք պետք է խորամուխ ըլլան, ոչ թե անձերը»։ Պարոն Ջեմբերջին չի ճանաչում Սինանյանին, նրա մասին միայն լսել է ու հպարտ է, որ Գլենդելի քաղաքապետարանի մեջ հայեր կան։ «Եթե կրնա օգտակար ըլլալ մեր երկրին, ի՞նչ վատ է»,- ասում է նա։ Իհարկե, կցանկանար, որ Սիրիայի ներկայացուցիչը լիներ․ «Ավելի ճիշտ կլիներ՝ հայաշատ գաղութից ըլլար, Լիբանանեն կամ Սուրիայեն, որ Հայաստանին ավելի մոտ ու ավելի սրտացավ մարդիկ են»։