Արցախից բերված զինծառայողներին պահել են կառավարության շենքի նկուղում

Արցախից բերված զինծառայողներին պահել են կառավարության շենքի նկուղում

Այն, որ 2008 թվականի մարտի 1-ից մի քանի օր առաջ Արցախից զինվորական ստորաբաժանումներ էին հանվել տեղակայման վայրերից եւ տեղափոխվել Երեւան՝ հնարավոր ապստամբությունը ճնշելու համար, հանրահայտ փաստերից մեկն է, սակայն պաշտոնապես այն երբեւիցե չի հաստատվել։

Մարտի 1-ի քրեական գործի նյութերում այս փաստը հիմնավորված է համարվում։ Ըստ այդ նյութերի՝ փետրվարի 23-ի հայտնի 0038 հրամանով փետրվարի 23-25-ը Երեւան է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի մոտ 1000 պայմանագրային զինծառայողներից եւ սպաներից կազմված համահավաք գումարտակ, որոնց մի մասը տեղակայվել է կառավարության շենքի նկուղում, իսկ մյուս մասը՝ ՊՆ կենտրոնական հավաքակայանում։ Արցախի զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, տրանսպորտային միջոցների համարանիշները փոխարինվել են ՀՀ համարանիշներով։ Պարզվում է՝ այդ օրերին ղարաբաղցիների մի ծպտյալ խումբ էլ թաքնված է եղել «Հրազդան» հյուրանոցում՝ Արցախի Հանրապետության ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 զինծառայողներ։ Բոլորը զինված են եղել մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին տրվող տարբեր տեսակի հրազեններով եւ համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով։ Այս ստորաբաժանումները վարժություններ են կատարել՝ յուրացնելով հանրահավաքներ ցրելու «արվեստը»։

Ըստ գործի նյութերի՝ նրանց է այցելել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, «տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը՝ միաժամանակ արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին, անձնակազմի հետ ունեցել է ոգեւորիչ եւ խրախուսող կոչեր պարունակող ելույթներ»։ Նա ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված են խառնակիչներ եւ թմրամոլներ, հանցավոր տարրեր, որոնք ցանկանում են հեղաշրջում կատարել, իսկ բանակի խնդիրն է՝ լինել գլխավոր հրամանատարի կողքին եւ թույլ չտալ, որ նրանք հեղաշրջում կատարեն։ Սեյրան Օհանյանը, ինչպես հայտնի է, մեղադրանքն ամբողջությամբ անհիմն եւ անհասկանալի է համարել ու հրաժարվել ցուցմունք տալուց։

Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն ասում է, որ նման բան չի եղել։ «Իրականությանը չեն համապատասխանում նման բովանդակության արտահայտությունները»։ Իսկ թե ինչու է պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել ցուցմունք տալուց, նա այսպես է բացատրում․ «Դեռեւս հուլիսին, երբ նա չուներ մեղադրյալի կարգավիճակ, արգելել էին նրա սահմանահատումը։ Տեսնելով, որ նման ապօրինություններ են տեղի ունենում, նա հայտարարեց, որ չի վստահում Հատուկ քննչական ծառայությանը եւ ցուցմունք չի տալու»։