Վտանգի պահին․․․ փոփոխություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խրոխտ էր՝ առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Թե դա ինչքանով կապ ունի Սահմանադրության , մարդու իրավունքների հետ, մի կողմ թողնենք։ Պարզապես մարդկայնորեն հետաքրքիր է՝ եթե Փաշինյանի մոտ լիներ ատոմային զենքի օգտագործման կոճակ ու իր համար չընդունելի մարդկանց կյանքը կախված լիներ այդ սեղմումից, Փաշինյանը կսեղմե՞ր այն․․․ Կսեղմե՞ր՝ առանց երկար- բարակ մտածելու, առանց հետևանքները հաշվի առնելու։
․․․Ատելության, մարդկանց պատժելու, ոչնչացնելու, նսեմացնելու, ստորացնելու հոտ է գալիս այս ամենից։ Այն, ինչ մարդկայինից դուրս է, թեկուզ թշնամուդ նկատմամբ, չի ընդունվում։
Ղեկավարի կողմից ատելության դրսևորումից ավելի սարսափելի բան չկա։ Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին, չի հնչում, որովհետև թշնամու հետ խաղաղ ապրող մարդու հոգեբանությունն իր քայլերին չի համապատասխանում։ Իր քայլերը բոլորովին հակառակն են ապացուցում։ Ինքը ատում է մարդուն։ Սեր․ դա իր թավշյա հեղափոխության հիմքն էր, հենասյունը։ Ու՞ր է այդ սերը։
Մարդու քաղաքական հայացքները կարելի է չկիսել, բայց մարդուն ատել չի՜ կարելի, այդչափ ատել չի կարելի։ Այնքան ատել մարդկանց, որ ուղերձ հղել՝ արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այն, ինչ կարելի էր ժամանակին լուծել օրենքների հարթությունում՝ առանց վիրավորելու մարդկանց արժանապատվությունը, դա չարվեց։ Ինչու՞։ Հազար ու մի պատճառաբանություն են բերում փաշինյանական զանգի- զրանգիները, բայց ոչ մի պատճառաբանություն արժեք չունի, որովհետև անունը պատճառաբանություն է։
Գուցե վարչապետին հետաքրքրի, թե իր ռազմական կոչին ինչու քչերն արձագանքեցին։ Դա իր շրջապատը չի ասի։ Նայեք վարչապետի նշանակած կադրերին։ Դա՞ էր փոփոխությունը։ Անձերը փոխարինել այլ անձերով։ Երբ յուրայինների «սուրբ քողի տակ ազատվեցին ոչ յուրայիններից»։ Մարդիկ են նշանակվել պատասխանատու պոստերում, երբ տորիչելլյան դատարկության մասին պատկերացում կազմելու համար կարելի է զրուցել նրանց հետ։ Գործադիրի ու օրենսդիրի կադրերը փոխելուց հետո, հիմա գրոհ՝ դատական համակարգի դեմ։ Ուզում եք դատավորների՞ն փոխել։ Մնացած փոխածները՝ մարզպետները, նախարարները «շեշ ու բե՞շ են անում», մնացել են դատավորնե՞րը․․․ Եթե նշանակված կադրերը «քչից, շատից տանելի լինեին», Փաշինյանի կանչով, ինչպես առաջ, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգային։ Չեն արձագանքում, որովհետև տեսնում են, որ մարդկանց փոխելով և ձերերին նշանակելով, ոչինչ չի փոխվում։ Ժողովուրդը կադրային փոփոխություն չէր ուզում, համակարգային փոփոխություն էր ուզում։ Գիտեն, որ դատավորներին հանել փոխելով, բան չի փոխվելու, ընդամենը գալու են յուրայիններ։ Այն խորքային փոփոխությունը, որ պիտի անեիք ձեր գալու առաջին օրվանից, չեք արել, ու հիմա, երբ վտանգ եք զգում, ժողովրդին կոչ եք անում, որ փակե՞ն դատավորների ելք ու մոտքի դռները։ Վտանգի պահին․․․ փոփոխություն։
Պատերազմ եք սկսել ոչ թե համակարգի, այլ առանձին մարդկանց դեմ, դրանով իսկ արժեզրկելով և՛ մարդկանց, և՛ պետական ինստիտուտները․․․
Կարծիքներ