Թելադրությունը լավ միտք է, բայց խորքային լուծումներ են պետք

Թելադրությունը լավ միտք է, բայց խորքային լուծումներ են պետք

Մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին 8 երկրների (Բելառուս, Գերմանիա, Ռուսաստան, Չեխիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Սիրիա, Հայաստան) ավելի քան 25 հարթակներում անցկացվելու է համահայկական թելադրություն։ 

Կամավորական ուժերով անցկացվող թելադրությունը հասարակական նախագիծ է եւ առաջին անգամ մեկնարկեց անցած տարի, որին մասնակցեց 333 հոգի։ Նախաձեռնության նպատակը եղել եւ մնում է հայոց լեզվի տարածումն ու գրագիտության բարձրացումը։ Թելադրությանը մասնակցել կարող են բոլորը, չկա տարիքային կամ որեւէ այլ սահմանափակում։ Մասնակցելու համար նախ պետք է գրանցվել http://teladrutyun.am կայքում, ընտրել հարթակը, այսինքն, այն վայրը՝ դպրոցը կամ թանգարանը, որտեղ ցանկանում եք գրել թելադրությունը, եւ ստանալով հատուկ համար գնալ թելադրության, որն անցկացվելու է միաժամանակ մի քանի հարթակներում, նույն ժամին, նույն բնագիրը գրելու են հազարավոր մասնակիցներ։ Գնահատումը կատարվելու է 5 բալանոց համակարգով՝ լեզվաբանի կողմից նախօրոք սահմանված չափանիշներով: Յուրաքանչյուր քաղաքում ստուգող հանձնաժողովը գլխավորելու է պրոֆեսիոնալ բանասեր-մանկավարժը, իսկ արդյունքներն ապրիլի 2-10-ն ուղարկվելու են մասնակիցների էլեկտրոնային հասցեին: 

Թելադրություն գրելու համար հարթակ դառնալու առաջարկ են արել մշակութային ու կրթական տարբեր հաստատություններ: Հովհաննես Թումանյանի թանգարանը, Դերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի ագրարային համալսարանները, Երեւանի թիվ 142, 134 դպրոցները, «Վարդանանք» կրթահամալիրը, մարզերում՝ Էջմիածնի «Էռնեկյան դպրոցը», Աբովյանի թիվ 10-ը, Եղվարդի թիվ 3-ը: Թելադրություն տվողների շարքերում են լինելու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։   
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ այդ օրը մեկնում է Շիրակի մարզ՝ երեխաների հետ աշխատելու, հակառակ դեպքում սիրով կմասնակցեր։

Նա, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում այս նախաձեռնությունը, ասում է՝ նման մոտեցումները շատ մոդայիկ են դարձել՝ մեկանգամյա ակցիաներով իրազեկվածությունը բարձրացնելը, բայց հայոց լեզվի խնդիրը դրանով չի լուծվի․ «Վիճակը հիմա ահագին վատացել է, մարդիկ շատ քիչ են կարդում, գիրք չկարդալու արդյունքում նրանք, ովքեր մի քանի տարի առաջ տառասխալ չէին անում, հիմա այնքան չեն կարդացել, որ իրենք էլ են սկսել տառասխալներով գրել։ Ողջունում եմ այդ ակցիան, բայց կարծում եմ, որ ավելի խորքային միջամտություններ են պետք՝ իրավիճակը բարելավելու համար։ Նույնը շաբաթօրյակի դեպքում էր, այսինքն՝ պարբերաբար աղբ հավաքելու փոխարեն մենք պետք է սովորենք աղբ չթափել, նման ֆունդամենտալ լուծումներ են պետք հասարակությանը։ Հիմա եթե ես պետք է մի օր թելադրություն գրեմ, մնացած օրը գիրք չկարդամ ու գնամ թելադրություն գրելուց մի հատ սելֆի անեմ, նկարվեմ, որ, ահա, տեսեք՝ ես թելադրություն եմ գրում, իմաստ չունի, կարծում եմ՝ ավելի խորքային լուծումներ եւ միջամտություններ են պետք»։ 

Համացանցում նույնպես պարբերաբար հայատառ գրելու օրեր են հայտարարվում, բայց դրանից իրողությունը շատ չի փոխվում․ «Կան նաեւ գիտական ապացույցներ, որ մեկանգամյա ակցիաները ոչինչ չեն փոխում։ Հիմա, օրինակ, մի օր Թումանյան արտասանեցինք, բայց դրանից հետո մինչեւ տարեվերջ հետաքրքրվեք տեսեք՝ Թումանյանի գրքերի վաճառքը կավելանա՞, թե՞ չէ։ Հիմա հասարակությունը դարձել է ավելի էքսպրեսիվ, մարդիկ սիրում են արտահայտվել, ցույց տալ, ոչ թե խորանալ»։ 

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը մարտի 30-ին թելադրելու է Գավառի թիվ 7 դպրոցում։ Նա ընդգծում է՝ նախաձեռնությունն այս տարի ունեցավ նաեւ աջակիցներ՝ ի դեմս լեզվի կոմիտեի եւ ԿԳՆ-ի։ «Այս զորակցությունը նպաստեց նրա շրջանակների ընդարձակմանը, եւ հիմա արդեն 8 երկիր է միացել՝ բազմաթիվ հարթակներով։ Նպատակը շատ հստակ է՝ հայերենի նկատմամբ հետաքրքրության աճ ապահովել եւ նպաստել գրագիտության մակարդակի բարձրացմանը։ Ես կարեւորում եմ այստեղ նաեւ հավելյալ այլ հանգամանքներ, օրինակ՝ սա առիթ պետք է լինի, որ մարդիկ կապվեն իրենց ավարտած դպրոցի հետ, դրանից հետո դպրոցը հետաքրքրության կենտրոնում կարող է հայտնվել։

Բացի այդ՝ հարթակներ են դառնում մշակութային օջախները՝ տուն-թանգարանները։ Սա եւս մեկ առիթ է, որ թանգարանի դուռը բացվի, եւ մարդիկ մտնեն այդ մշակութային հաստատություններ։ Մեկ ուրիշ խնդիր էլ կա, որ այս կամ այն հաստատությունն ունի՞ հնարավորություն՝ ընդունելու հաշմանդամություն ունեցող մարդկանց»։ 
Այս տարի համահայկական թելադրությունը նվիրվում է Թումանյանի 150-ամյակին, եւ թելադրվող տեքստի բնագիրն էլ մոտ է հեքիաթի ժանրին, որտեղ Թումանյանի խորհրդանշական կերպարն էլ կա։ Բնագրի հեղինակը մանկագիր, կոմիտեի աշխատակից Երազիկ Գրիգորյանն է։ Բնագիրը վերածվել է նաեւ արեւմտահայերենի եւ Հայաստանից դուրս այդ տարբերակով կհնչի։ «Դրսում ապրող մեր հայրենակիցները խնդիր ունեն հայերեն գրելու, սովորելու, խոսելու։ Սա մի փոքրիկ քայլ է, որն արձագանք ունեցավ, նշանակում է, որ դրա կարիքը կա, եւ որքան շատ լինեն այդպես ինքնատիպ, երիտասարդական՝ թեկուզ այսպես մեկ որոշումով նախաձեռնություններ, այնքան մենք ավելի շուտ կմոտենանք մեր նպատակակետին՝ պահպանել հայերենը եւ հայերեն գրելու ավանդույթը հատկապես հայրենիքի սահմաններից դուրս»,- ասում է Գյուրջինյանն ու նկատում, որ եթե այս նախաձեռնությունը դառնա ընդհանուր շարժում, շատ լավ կլինի։