Շիրակի մարզում տղամարդը սպանել է քրոջը, դանակահարել քրոջ որդուն և ինքնասպան եղել

Շիրակի մարզում տղամարդը սպանել է քրոջը, դանակահարել քրոջ որդուն և ինքնասպան եղել

Այսօր առավոտյան Շիրակի մարզի Բասեն համայնքում արտակարգ դեպք է գրանցվել։ 59-ամյա տղամարդը անասնագոմում դանակահարել է 61-ամյա քրոջը, որը տեղում մահացել է։ Այնուհետև դանակահարել է նույն քրոջ որդուն, և տղամարդը ինքնասպանություն է գործել։ Քրոջ որդին այս պահին գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Բասեն համայնքի վարչական տարածքի ղեկավար Ռոմիկ Համայակյանն ասաց, որ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել և, հավանաբար, հիվանդության սրացման շրջանն է եղել։

Մեր հարցին, թե նախորդե՞լ են վեճեր, վիճաբանություններ, ասաց, որ ոչ։ Տղամարդը՝ Ալբերտ Կանադալյանը, ունի նաև ընտանիք։ Նա գյուղի բնակիչների հետ որևէ խնդիր չի ունեցել, ավելին սիրված է եղել, սակայն տարիներ առաջ վախի պատճառով նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ 

Քրոջը՝ Սուսաննային, փրկել չի հաջողվել։ Նա նույնպես հարգված կին էր և եղբոր հետ որևէ խնդիր չի ունեցել։

Այս պահին իրավապահները զբաղվում են գործով․ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։