Վարչապետից լա՞վ «տղա» է Լենա Նազարյանը

Վարչապետից լա՞վ «տղա» է Լենա Նազարյանը

ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, երեկ՝ մեկ, էսօր՝ երկուս, արդեն իր պահանջներն է դրել լրագրողների հետ շփումներում։ Նա այսօր լրագրողներին հայտնել է, որ հեռախոսային տեսագրությամբ հարցազրույցներ չի տալիս։ Եւ դա մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Պատճառը չի նշել, ուղղակի հենց այդպես է ուզում։ Նախ նկատենք, որ կին պատգամավորների հետ հարցազրույց անելը հեշտ բան չէ՝ նրանք կանացի «կապրիզներ», քմահաճույքներ ունեն, որոնց հետ պետք է «հաշվի նստել»։ Եւ դրանք հիմնականում վերաբերում են նախևառաջ իրենց լուսանկարներին՝ «ինձ կողքից մի նկարի էլի, գեշ եմ դուրս գալիս», «բայց սիրուն նկար կդնես, լա՞վ», «մի հատ ցույց տուր նկարս տեսնեմ՝ ոնց է ստացվել, նոր դիր» և այսպես շարունակ։

Մենք երբեմն ընդառաջում ենք նրանց պահանջներին՝ համարելով, որ կին են, մի քիչ սենտիմենտալ են, մի քիչ էլ թիթիզ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ պատգամավորներին, նույնիսկ՝ կին պատգամավորներին, բացառիկ դեպքերում կարելի է ընդառաջել, այն էլ որոշ տեխնիկական հարցերում, բայց «երես տալ»՝ ոչ մի դեպքում։ Հակառակ պարագայում, կսկսեն արդեն պահանջներ դնել, ուլտիմատումներ անել, թե «հեռախոսով նկարած հարցազրույց չեմ տալիս, «ընդդիմադիր լրագրողների հարցերին չեմ պատասխանում», «հարցերը պետք է լինեն միայն հեշտ ընկալելի և ոչ քննադատական» և այսպես շարունակ։ Եվ դրան արդեն սկսում ենք ականատես լինել նոր խորհրդարանում։ Լենա Նազարյանը, որ երկու-երեք օր է ընդամենը, ինչ ԱԺ փոխխոսնակ է, արդեն հասցրել է մեծամտանալ, դառնալ կամակոր, քմահաճ, կոնֆորմիստական պահանջներով։

Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ ինքն էր ձգտում, որ լրագրողներն իրենից հարցազրույց վերցնեն, անկախ նրանից՝ իր արտահայտած մտքերը, իր տված պատասխանները բովանդակային առումով ինչ արժեք ունեն։ Տիկին Նազարյանն ինքն էր հաճախ դիմում իր ծանոթ, մտերիմ լրագրողներին և խնդրում, որ հարցազրույց տա, լրագրողներն էլ չէին մերժում նրա խնդրանքը։ Եվ այսօր այդ նույն տիկին Նազարյանը, այդ նույն մտերիմ կամ ոչ մտերիմ լրագրողներից արդեն խուսափում է, դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին, նաև պահանջներ է առաջադրում՝ այսուհետ հեռախոսով տեսագրվող հարցազրույցներ չի տալիս։

Փոխարենը նա դեմ չէ կոլեկտիվ ճեպազրույցների ժամանակ հեռախոսով իրեն նկարելուն։ Չգիտես՝ սա համարես կանացի՞ տրամաբանություն, թե՞ միայն Լենա Նազարյանին հատուկ լոգիկա։ Այսինքն՝ այն, որ նրան կարող են միաժամանակ հեռախոսով 20 լրագրող նկարել, դա՝ նորմալ է, իսկ մեկ հոգու նկարածը Նազարյանի համար նորմալ չէ։ Թե ինչու, երբվանի՞ց, չի բացատրում։ Երևի, որ ասում են՝ իրավիճակ է փոխվել, հենց նման դեպքերի համար են ասում։ Լենա Նազարյանի համար հավանաբար պետք է հատուկ մի քանի հազար դոլարանոց թանկարժեք տեխնիկա ձեռք բերել, որ նորահայտ իշխանական տիկինը բարեհաճի կանգնել և պատասխանել հարցերին, կամ որ նրա կանացի հմայքը այդ տեխնիկայով առավելագույնս ընդգծված երևա։

Նման կամակորություններ ունեին նաև ՀՀԿ-ական կին պատգամավորները, նրանց հետ էլ էր բարդ,երբեմն լինում էր, որ ասում էին՝ «հեռախոսով մի նկարի, էլի, սիրուն դուրս չեմ գալիս», բայց երբևէ չէր եղել, որ պաշտոնապես հրաժարվեին հեռախոսով տեսագրվող հարցազրույցներից՝ կխոսեն միայն պրոֆեսիոնալ տեսախցիկների առաջ։ Թեպետ՝ նկատենք, որ մեծ տեսախցիկների հանդեպ պատգամավորները միշտ էլ հատուկ թուլություն են ունեցել, նրանց թվացել է, որ եթե մեծ տեսախցիկով են նկարում, ուրեմն հարցազրույցը շատ ավելի լուրջ կարող է ստացվել՝ անկախ նրանից, թե իրենց ուղղված հարցերն ու պատասխանները ինչ աստիճանի անլուրջ ու ծանծաղ կարող են լինել։

Հ․Գ․ Հատկանշական է, որ Լենա Նազարյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առանց քաշվելու կարող է ամեն օր «լայվ» մտնել հենց հեռախոսով, այն էլ՝ դիմացի տեսախցիկով, որի որակը շատ ավելի ցածր է, իսկ Լենա Նազարյանի համար ամոթ է հեռախոսով հարցազրույց տալը, նրա էլիտար, իշխանական քիմքին հաճո չեն նման «էժան» բաները։ Կամ նույն Փաշինյանը կարող է հեռախոսի առաջ կանգնել, հարցազրույց տալ, իսկ Նազարյանը՝ ոչ։ Հետո էլ Նիկոլ Փաշինյանը նեղանում է, երբ իրենց համեմատում ենք հանրապետականների հետ։ Ու ճիշտ է անում՝ պետք չէ համեմատել, քանզի այլևս համեմատելու տեղ չեն թողել, հերթով գերազանցում են ՀՀԿ-ի բոլոր ռեկորդները։