Մեր հիմնի կոդը թշվառ, անտերն էր, դրա համար էլ երկիրը դարձավ թշվառ, անտեր

Մեր հիմնի կոդը թշվառ, անտերն էր, դրա համար էլ երկիրը դարձավ թշվառ, անտեր

Հարցազրույց ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ․

- Պարոն Հայրապետյան, վերջին շաբաթների ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ ՀՀ օրհներգի թեման, շատերի կողմից դա որակվեց կեղծ օրակարգ եւ հասարակության ուշադրությունը շեղելու փորձ, քանի որ երկրում ավելի կարեւոր ու առաջնահերթ խնդիրներ կան։

- Հնարավոր է շատ ավելի առաջնահերթ հարցեր կան, բայց մի ճշտում՝ մենք ուզում ենք օրհներգը ոչ թե փոխել, այլ իսկական օրհներգը դնել իր տեղը։ Ի դեպ, ժամանակին, առանց հարցնելու, Խաչատրյանի օրհներգը վերցրեցին ու շպրտեցին մի կողմ։ Հիմա ուղղակի ԱԺ փոխնախագահն ուզում է այդ ամեն ինչը հետ դնել իր տեղը։ Օրհներգի հարցը պակաս առաջնահերթ չէ։ Ինչպես մեր լեզուն, այբուբենը, այնպես էլ օրհներգը խորհուրդ ունի, դրանք մեր ժողովրդի, ազգի կոդերն են։ Մեր հիմնի կոդը թշվառ, անտերն էր, դրա համար էլ երկիրը դարձավ թշվառ, անտեր։ Արարատ լեռան անունն էլ է կոդ, «Ար»-ը արարիչն է, մեր այբուբենի «է» տառը էությունն է։ Պատահական չէ, որ Խաչատրյանը վերցրել ու իր օրհներգի մեջ շարական է դրել, դա էլ մեր հավատքի կոդն է։ Ներկայիս օրհներգը շատ գեղեցիկ է, երբ իր տեղում է, իսկ իր տեղը Գլազունովի «Ռայմոնդա» բալետն է։ Երբ ամեն ինչ իր տեղում է լինում, ամբողջը սկսում է աշխատել, նույնն էլ երկիրն է։ Մեր ֆուտբոլի թիմը սկսեց միանգամից պարտվել, որովհետեւ գլուխները կախ էին կանգնում այդ հիմնի տակ, աուրան է այդպիսին։

- Արամ Խաչատրյանի հիմնն էլ մեկնաբանում են որպես հետքայլ դեպի Սովետմիություն։

- Դա վատ երազներ տեսած մարդկանց մառազմատիկ մտքեր են, որովհետեւ Արամ Խաչատրյանը երբեք սովետական կոմպոզիտոր չի եղել։ Ի դեպ, նա ամենաըմբոստ եւ հակասովետական կոմպոզիտորներից մեկն է եղել։ Հետո՝ երաժշտությունը կուսակցական պատկանելություն չունի։

- Բայց կարծես թե «Մեր հայրենիքն» ունի, եւ այդ հարցում դաշնակներն են հիմնականում պահանջատեր ու դեմ հիմնի փոփոխությանը։

- Դաշնակները մնում են նույն դաշնակները, ինչ որ եղել են, կան ու կլինեն, բայց երաժշտությունը, հիմնը միայն դաշնակներին չի վերաբերում, այլ ամբողջ ազգին, որովհետեւ Արամ Խաչատրյանը ո՛չ դաշնակ է, ո՛չ հնչակ, ո՛չ ռամկավար։ Չեն կարող մեր օրհներգի մեջ մեռնելու մասին բառեր լինեն։ Հատկապես նոր Հայաստանում ինչքան հնարավոր է, պետք է ապրելու մասին գրել։ Մենք ապրող ժողովուրդ ենք։ 

- Արձագանքներն էմոցիոնալ են, հատկապես, երբ նշվում է, որ «Մեր հայրենիքի» ներքո Արցախյան պատերազմ ենք հաղթել։

- Դա մեր ոգին էր՝ անկախ ամեն ինչից․․․։ Հետո՝ օրհներգը երաժշտական առումով պետք է դեպի վերեւ լինի, ոչ թե ներքեւ, այսինքն՝ պետք է վեր հանի, ու գոնե վերջին նոտան պետք է բարձրում լինի, ինչը չկա «Մեր հայրենիքի» դեպքում։ Ես արդեն 10 տարի այս թեմայով խոսում եմ, պայքարում, նույնիսկ կատակով ասում են՝ քեզ ինչից հարցնում են, դու էլի գալիս՝ Արամ Խաչատրյանի օրհներգից ես խոսում։ 

- Քանի որ հիմնի հարցը տարիներ շարունակ բարձրաձայնվել է, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններն ընթացք չեն տալիս։ Ինչի՞ց են վախենում։

- Վախենալու բան չկա։ Ես Ալեն Սիմոնյանին կամ վարչապետին երբ հանդիպեմ, պիտի ասեմ, որ դա ընդամենը մի ստորագրություն է։ Ռուսաստանը ո՞նց արեց։ Հային հարցնում են՝ ձեր հիմնը ո՞վ է գրել, բոլորի բերանը փակվում է, բա դա մեր ամոթը չէ՞։ 

Արամ Խաչատրյանը մեր ազգի համար այն մարդն է, որ մի թուղթ ու մատիտով ներկայացրել է մեզ ամբողջ աշխարհում։ Ուրիշ էլ ո՞վ կարար գրեր մեր հիմնը։ Ես որ միջազգային փառատոների մասնակցում եմ, մեկ-մեկ մեր օրհներգն էլ է հնչում, ու երբ ինձ ասում են՝ Արամ Խաչատրյանն է, չէ՞, գրել ձեր օրհներգը, այսինքն՝ ուրիշ էլ ո՞վ պիտի գրեր, ամոթից ասում եմ՝ չէ, հո չե՞մ ասելու՝ Գլազունովը։ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը շատ լավն է՝ հայտարարել տեքստի մրցույթ Խաչատրյանի երաժշտության համար։ Ի դեպ, Արամ Խաչատրյանի օրհներգի վրա գրված բառերը վատը չեն, ուղղակի սովետական մասն է պետք հանել այդտեղից, իսկ ընդհանուր՝ այն մեր ստեղծագործ ազգի մասին է։ Երաժշտությունը հին ու նոր չունի, որ ասում են՝ Արամ Խաչատրյանը հին է․ նրա հինն ու նորը ո՞րն է, ուրեմն կարելի է Բախին ու Բեթհովենին ընդհանրապես մոռանալ, որովհետեւ հին են։

- Ի դեպ, մասնագետներից մեկի դիտարկմամբ՝ Գերմանիան էլ կարող է Բախի կանտատներից մի հատված դնել՝ որպես իր հիմն, բայց նման բան չի անում։

- Բայց Բախը Գերմանիայի համար հիմն չի գրել, իսկ Արամ Խաչատրյանը գրել է։ Մենք դա անտեսում ենք, չնայած լիքը բանական մարդիկ կան, ովքեր դրան կողմ են։ Այս հարցն ինչ-որ տեղ հանապազօրյա հացից էլ կարեւոր է, որովհետեւ, երբ տեսնում ես, որ քո պետության ներկայացուցիչը հպարտ կանգնած է դրսում, դա ավելի կարեւոր է, որովհետեւ ներշնչում է նաեւ հպարտ գաղափարներ, գործարքներ։ Ո՞նց եղավ «Արարատ 73-ի» դեպքում, մինչեւ հիմա դրա մասին ենք խոսում, բայց այդ հիմնի տակ էին մարդիկ գնում հաղթում, նույն բանը էլի է լինելու։ 

- Ի՞նչ եք կարծում, 2 ամիս անց կլինի՞ հասարակական պահանջ՝ հարցն ԱԺ օրակարգ մտցնելու համար։          

- Կլինի այդ պահանջը, եւ այս հարցը պետք է մտնի ոչ թե ԱԺ օրակարգ, այլ ընդամենը վարչապետը պետք է ստորագրի այդ թուղթը, ըստ որի՝ օրհներգը դրվում է իր տեղը։ 
Հիմա մեր ամենաառաջնային խնդիրն է՝ հեղափոխություն անել նաեւ մեր մեջ։ Դրսի հեղափոխությունը եղավ՝ փողոցները փակեցինք, բայց մեր մեջ հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել։ Վարչապետը մեռավ ասելով՝ հանեք ձեր միջից ստրուկին։ Երբ դա եղավ, ամեն ինչ կընկնի իր տեղը։ 

- Ինչպե՞ս եք վերաբերվում մշակույթի նախարարության օպտիմալացմանն ու ԿԳՆ-ի հետ միավորմանը։

- Դա էլ գուցե իր նպատակահարմարությունն ունի, որովհետեւ նույն գործառույթը կրկնվում է մի քանի նախարարություններում։ Ես, լինելով ջազային երաժիշտ, այսքան տարվա մեջ շատ քիչ առնչություն եմ ունեցել մշակույթի նախարարության հետ։ 

- Ամիսներ առաջ Պետ Եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետ մշակույթի գործիչները, երգիչ-երգչուհիները պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից։ Ո՞նց եք վերաբերվում այդ որոշմանը։

- Նորմալ։ Մենք կամաց-կամաց դառնում ենք քաղաքակիրթ երկիր։ Երաժիշտներ կան, որ ահավոր մեծ գումարներ են ստանում, էս վերջերս լսեցի, որ մեկը 3 երգի համար 5 հազար եվրո է ստանում, ու դա ինձ համար ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ անհասկանալի։ Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ֆանագրամայով են երգում։ Ես՝ ինքս, աշխատում եմ ռադիոյի էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես երաժշտական ղեկավար, ստանում եմ պետական աշխատավարձ, որից վճարում եմ հարկեր եւ դա նորմալ եմ համարում, որովհետեւ այդպես պետք է լինի։ Բայց մեկ ուրիշը մեկի հարսանիքին երգելու համար պահանջում է 5 հազար եվրո։ Ամեն ինչ պետք է գա օրինական դաշտ, դա միանշանակ է։ Ես, օրինակ, սկզբունքորեն ՀԴՄ եմ պահանջում ամեն տեղից։

- Վերջերս վարչապետն իր ելույթներից մեկում ասաց, որ աղքատությունը մարդիկ նախ իրենց գլխում պետք է հաղթահարեն։ Համաձա՞յն եք դրա հետ։

- Այո։ Մի բան ասեմ, թող ոչ ոք չնեղանա, մենք սովորել ենք ոչինչ չանելով՝ ինչ-որ բաներ անել, այդպես չի կարող լինի։ Մենք տաղանդավոր, բայց ծույլ ազգ ենք, այդ թվում՝ ես։ Ուրիշի երկրում շան նման կգնանք կաշխատենք, մեր երկրում մեզ համար ծույլ ենք։  Չենք ուզում մի բան ավել սովորել, որ մի քայլ առաջ գնանք, դա է մեր խնդիրը։ Սովորել ենք այն մտքին, որ սա Հայաստան է, այստեղ չի լինի, բայց ո՞վ ասաց՝ չի լինի, մի հատ փորձեք, նոր ասեք՝ չի լինի։ Օրինակ, տաքսու վարորդից ի՞նչ է գնում, որ իր մեքենան, ինքն իրեն մաքուր պահի, հաճախորդի հետ սիրով խոսա, իր մեքենայում ունենա անձեռոցիկ, մանր, օրիգինալ ձեւով սարքի իր մեքենան ու դառնա քաղաքի ամենահետաքրքիր տաքսու վարորդը։ Բայց իրենք չեն ուզում դա անեն եւ համաձայն են մեքենայի մեջ ծխեն, անթրաշ, կեղտոտ ման գան, մանրդ չտան ու քո վրա մուննաթ գան։

- Մյուս կողմից էլ հասկանալի է այդ դժգոհությունը, երբ օր-օրի ամեն ինչ թանկանում է, իսկ նոր աշխատատեղերի փոխարեն, կրճատումներ են ամեն տեղ։

- Իհարկե, հասկանալի է, բայց մենք անընդհատ սպասում ենք, որ ինչ-որ բան պետք է լինի, բայց մենք էլ պիտի այդ ամեն ինչին մասնակցենք։ Հեղափոխությունից դեռ մի տարի էլ չի անցել, եւ անհնար է 20 տարվա փչացրածը սարքել։ Երեխան որ երեխա է, 9 ամիս հետո է ծնվում, բայց դա չէ սկիզբը, ծնունդից հետո է սկսվում՝ երեխային պահելուց։ Մենք այս «երեխան» ծնեցինք ու միանգամից ասում ենք` բա ինչի՞ անգլերեն չի խոսում, բա ինչո՞ւ չի քայլում։ Լիքը բանի պետք է պատրաստ լինես։

- Փաստորեն, Ձեր լավատեսությունը հետհեղափոխական Հայաստանում չի նվազել։ 

- Երբեք, ընդհակառակը՝ ավելացել է։

- Ֆինանսավորումը կրթության, մշակույթի ոլորտին ավելի է նվազել, չհաշված, որ օպտիմալացումների հետեւանքով բազմաթիվ կրճատումներ են սպասվում, ինչը, շատերի կարծիքով, հնարավոր է արտագաղթի նոր ալիք խթանի։ Նման մտավախություն չկա՞։ 

- Դա հոռետեսների արտագաղթի ալիքն է լինելու․․․։ Ամենավտանգավոր մարդը անհույս, անկուշտ, միջակ մարդիկ են՝ թեւաթափ եղած, նվնվացող, որ կարող է գնան վարկ վերցնեն ու իրենց մեքենա առնեն, որովհետեւ հարեւանն էլ է այդ մեքենայից առել, բայց տանը նստեն՝ բրինձ ուտեն։ 

-Իսկ նոր կառավարության նոր կադրերի, պետական ծառայողների մասին ի՞նչ կասեք։ 

- Նիկոլը մենակ այդ ամենը չի կարող անել, իր կողքը պետք են պինդ, բանիմաց մարդիկ։ Թեպետ իր կողքը հիմա կան լուրջ ու սրտացավ մարդիկ, որոնք այդ ամենի միջով անցել են։ Միանգամից չի սարքվելու 20-30 տարվա քանդածը, բայց որ սարքվելու է, դա հաստատ, մենք էլ մեր հերթին պետք է օգնենք՝ նվնվալով չես կարող օգնել։ Հենց հիմնը դրեցին իր տեղը, լիքը բան շտկվելու է, 10 տարուց ավել է՝ դա եմ ասում։ Դա կարմա է, նշան, որ մարդիկ չեն հասկանում։