Վարչապետը կարող է իռացիոնալ լինել, բայց հանրույթը՝ ոչ

Վարչապետը կարող է իռացիոնալ լինել, բայց հանրույթը՝ ոչ

«Շանթ» հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի խոսեց նաև Հայաստանի տնտեսության վրա Կորոնավիրուսի թողած ազդեցության մասին։ Իհարկե ավելի լավ կլիներ, որ չխոսեր կամ էլ այդ ծանր պատասխանատվությունը փոխանցեր կառավարության մեկ այլ ներկայացուցչի, քանի որ Հայաստանի քաղաքացիները, գործարարներն ու ընդհանրապես բիզնես միջավայրը այս օրերին շատ ավելի լուրջ առարկայական վերլուծությունների և կանխատեսումների անհրաժեշտություն ունեն։ Մարդիկ ուզում են փաստարկված և գիտական տվյալներով հիմնավորված խոսք լսել, որպեսզի կարողանան ճշգրիտ գնահատել ճգնաժամի հետևանքներն ու դրա հիման վրա ուրվագծեն իրենց հետագա անելիքները։ Ավելին՝ համանման ճգնաժամի պարագայում կառավարությունը պետք է հստակ ռազմավարություն մշակի՝ մանրամասն ներկայացնելով նախատեսվող գործողություններն ու անհրաժեշտ գործիքակազմերը։ 

Իսկ ի՞նչ արեց վարչապետը «Շանթի» եթերում։ Ինչպես միշտ, առարկայական և ռացիոնալ խոսքը փոխարինվեց իռացիոնալ և վերացական կենացով։ Մասնվորապես՝ ճգնաժամի հետևանքների հաղթահարման մեխանիզմների մասին խոսելու փոխարեն, նա վերստին առաջնային պլան մղեց հեղափոխական լոզունգներն ու կաղապարները։ Այս անգամ նորից հերթը հասավ տնտեսական հեղափոխությանը, որի մասին, կարծես թե, մոռացել էինք։ 

Ես հասարակակագետ եմ և դրանից ելնելով ինձ համար առաջնայինը ոչ այնքան հենց եզրույթն է, այլ եզրույթի բովանդակությունը, չէ՞ որ Ռընե Դեկարտն ասում էր․ «Եթե մենք կարողանանք պայմանավորվել բառերի բովանդակության շուրջ, ապա մարդկությունը կազատագրվի մոլորությունների առնվազն կեսից»։ Արդյոք մենք կարողացե՞լ ենք պայմանավորվել «տնտեսական հեղափոխություն» եզրույթի բովանդակության շուրջ, ի՞նչ է դա ի վերջո նշանակում։ Ավելին, ի՞նչ նկատի ունի կառավարող ուժը «տնտեսական հեղափոխություն» եզրույթը կիրառելիս, ի՞նչ բովանդակություն է դրա տակ թաքնված, ո՞րն է նպատակը, ո՞րն է դրան հասնելու գինը, միջոցը, գործիքակազմը։ Եվ վերջապես ամենակարևորը․ ինչպիսի ապագա ենք երկարաժամկետ հեռանկարում մենք կանխատեսում, ի՞նչ կարող է հանրությունը ակնկալել պետությունից և հակառակը՝ ի՞նչ է պետությունը սպասում քաղաքացիներից։ 

Կարծում եմ, որ եզրույթն իրականում ոչ մի բովանդակություն էլ չունի կամ էլ այն կիսատ է ու անմշակ, լողլողացող իմաստներով և անշեշտ շեշտադրումներով։ Այլ խոսքով՝ դա ընդամենը լոզունգ է, որն ունի գեղեցիկ արտաքին տեսք։ Իսկ դրա տակ քողարկված են ներքին դատարկությունն ու կառուցվածքի բացակայությունը։ Այսինքն, եզրույթն այդ անմարմին և առասպելական է ու չի ենթարկվում որևէ ստրուկտուրալիստական վերլուծության։ 

Բնականաբար կառավորղ ուժի ներկայացուցիչները չեն համաձայնի իմ այս պնդումների հետ, բայց անհամաձայնությունը քիչ է, անհրաժեշտ են հիմնավորումներ։ Իսկ դրա համար էլ կառավարությունը պետք է ցույց տա գործընթացի հնարավորությունը, չէ՞ որ կանտյան հարացույցի համաձայն ոչ այնքան իրերն են կարևոր, այլ դրանց հնարավորությունը։ Այսինքն, տնտեսական հեղափոխության մասին մենք կարող ենք հավերժ ավանդազրույցներ հյուսել, բայց դա քիչ է, պետք է հստակ ուրվագծվի դրա հնարավորությունը։  

Ասվածի համատեքստում փորձենք առանձնացնել մեր շեշտադրումներն ու հարցադրումները․ Կառավարությունը պետք է սահմանի, թե ինչ է նշանակում այդ եզրույթը։ Եվ խոսքը ամենևին էլ լոզունգների և կենացների մասին չէ, այլ՝ գիտական սահմանման։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ոք կարող է յուրովի մեկնաբանել ու մեկնել այդ եզրույթը և դա ոչնչով չի տարբերվի կրոնական այն տեքստերից, որոնք կարող են անհաշվելի քանակության մեկնաբանություններ ունենալ։ Ի վերջո եզրույթի կոնկրետ սահմանման բացակայությունը կարող է մանիպուլյացիայի արդյունավետ գործիք դառնալ։ Հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետը որպես տնտեսական հեղափոխություն կներկայացնի ասֆալտապատումը կամ էլ ՀՆԱ-ի մեխանիկական աճը և այսպես շարունակ, ինչպես կուզեն այնպես էլ կմեկնաբանեն։ 

Եթե տնտեսական հեղափոխությունը կոնկրետ սահմանվող գործընթաց է, ապա այն պետք է կառուցակազմիկ ու մանրամասն հիմնավորված տեսք ունենա։ Ընդհանրապես այս կամ այն գործընթացը գնահատելու և արժևորելու համար անհրաժեշտ են կոնկրետ չափորոշիչներ ու պայմաններ, որոնք են՝ ժամանակը, տարածությունը, միջոցները և վերջնական արդյունքները։ 

Վերոհիշյալ միտքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Դրանից ելնելով մենք տնտեսական հեղափոխության մասին ոչ մի գործնական միտք չենք կարող արտահայտել, քանի որ թվարկված չափորոշիչներից և ոչ մեկը հայտնի չէ։ Մենք չգիտենք, թե կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար ինչ ժամկետներ է սահմանել, չգիտենք, թե այդ գործընթացը Հայաստանի հատկապես որ շրջաններն է ընդգրկելու և ամենակարևորը՝ որտեղից կամ որ ոլորտից է մեկնարկելու։ Չգիտենք նաև, թե ինչ միջոցներով և գործիքներով է կյանքի կոչվելու տնտեսական թռիչքը, համենայն դեպս դրա նախաձեռնողները լռում են այդ ամենի մասին։ 

Բայց չիմացության այս շքերթը այսքանով չի սահմանափակվում։ Ամենազավեշտալին այն է, որ ոչ ոքի հայտնի չէ, թե ովքեր են տնտեսական հեղափոխության իրական մասնակիցները։ Ներդրումների և քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխության մասին խոսքերը ընդամենը լոզունգներ են և ոչ ավելին։ Հանրային ո՞ր շերտն է լինելու հեղափոխության հենարանն ու առաջնային շարժիչ ուժը, աղքատնե՞րը, գոյություն չունեցող միջին խա՞վը, թե հարուստնե՞րը։ Սա չափազանց կարևոր հարցադրում է, քանի որ համանման խոշոր գործընթացների պարագայում հասարական յուրաքանչյուր շերտ պետք է հստակ իմանա իր գործառույթը։ Ինչպես տեսնում ենք ոչ մի հարց չունի իր կոնկրետ պատասխանը։ Քանի դեռ դրանք բացակայում են, մենք իրավունք ունենք պնդելու, որ տնտեսական հեղափոխությունը իրականությունից կտրված և քարոզչական նպատակներ ունեցող քաղաքական առասպել է։ Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ այս ամենի մասին գլխի են ընկնելու նաև Հայաստանի քաղաքացիները։ Նրանք տալու են այն նույն հարցերը, որոնք շեշտադրված են հոդվածում։ Մարդկանց հնարավոր չէ երկար ժամանակ կերակրել առասպելներով և իռացիոնալ հայտարարություններով։ Վարչապետը կարող է իռացիոնալ լինել, բայց հանրույթը՝ ոչ։