Գործարկված արագացուցիչը խանութից առած սարք է

Գործարկված արագացուցիչը խանութից առած սարք է

Հուլիսի 13-ին իշխանական մամուլն ազդարարեց Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը գործարկելու մասին, իսկ նախօրեին, կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը անոնսեց այս իրադարձությունը՝ ասելով, որ, գտնվելով Սինգապուրում, Հայաստանից «անհավատալի» լուր է ստացել, որ 10 տարվա վաղեմության հարցը լուծվել է, որ սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը:

Հայտարարվում է նաեւ, որ այս սարքի միջոցով արտադրված F18 իզոտոպներով մերոնք հույս ունեն ստանալ պրեպարատ, որը կօգտագործեն քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման համար: 

Լուրն այս անմիջապես կասկածի տակ առավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը շատ յուրովի միավորում է Հայաստանի գրեթե բոլոր վարչապետերին եւ նախագահներին։ Մասնավորապես, նրանք սիրում են անընդհատ հանդիսավոր պայմաններում վերագործարկել այս արագացուցիչը։ Նման վերագործարկումից Նիկոլ Փաշինյանին նույնպես չհաջողվեց խուսափել»,- ասաց նա «Հրապարակին»՝ զարմանալով, որ վարչապետի կողքին կանգնած մարդիկ նրան չեն հուշել, որ արդեն որերորդ անգամ են այս արագացուցիչը վերագործարկում։ 

Ֆիզիկոս, ԵրՖԻ նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանը, ով 10 տարի աշխատում է Թայվանում՝ որպես գիտական փորձագետ, եւ բազմաթիվ հոդվածներում գրել է այս խնդիրների մասին, հակադարձում է նրան.

«Գիտության համար բոլոր ՀՀ վարչապետերի աշխատանքի արդյունքն այսօրվա գիտնականի աշխատավարձն է, որը կազմում է ՀՀ միջին աշխատավարձի 60 տոկոսը: Մնացածը դատարկ բառեր են՝ հաճախ ցնդաբանության մակարդակի: Բա գիտեք, իմ ժամանակ գիտնականի աշխատավարձը 4.5 անգամ բարձրացել էր: Նայում ես, պարզվում է՝ 2 դոլարից դարձել է 9: Ռացիոնալ տրամաբանության շրջանակներում սա չես քննարկի: Իսկ եթե կոնկրետ, ապա Հրանտ Բագրատյանը, եթե դա իսկապես նրա բառերն են եւ ոչ թե ձեր լրագրողի ֆանտազիան, պարզապես շփոթում է իսկապես սովետահայ գիտնականների ստեղծած հսկայական օղակաձեւ արագացուցիչը այսօր «խանութից առած» սարքի հետ: Այդ հսկայի վերափորձարկումներն են մնացել նրա հիշողության մեջ»:

Նա պատասխանեց մեր հարցերին: 

- Ի՞նչ է նշանակում «խանութից առած» սարք: Այսինքն՝ դա Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրո՞նը չէ: 

- Հենց դա էլ նշանակում է՝ փողը տվել-առել են: Ծախողն էլ եկել-տեղադրել ու փորձարկել է: Փողն էլ պարտքով է՝ ո՞ւմ վզից է կախված՝ պարզ չէ: Սրա մասին էլ եմ ժամանակին գրել: Թե ինչ անիմաստ բան է գրել «Ազատության» լրագրողը մահախոսական հիշեցնող նախաբանով՝ «Ծանր ու երկարատեւ դադարից հետո վերջապես…», դա դուք իրար մեջ քննարկեք: Կողքից էլ նախկին կոմսոմոլն ինչ-որ փիառ է անում՝ «ավտոն եկավ, յարո ջան» երգելով: Մնում էր 5 մլն եվրոյով խաբեին, ժանգոտ գործիք տային:

- ՀՀ կառավարությանը խաբե՞լ են:  Կառավարությունը ոգեւորված քննարկո՞ւմ է կեղծիքը: 

- Երեւի այնքան սին է դեպքերի լրահոսը, որ «խանութից առած» սարքի փորձարկումը դարձել է տիեզերական մասշտաբի երեւույթ: Լավ է՝ սինգապուրյան այցը չընդհատեցին: Երեւույթն ունի 3 բաղադրիչ․ տնտեսական՝ պարտքով մի քանի մլն եվրո են վերցրել ու սարք առել: Ո՞վ է պարտքը փակելու եւ ինչպե՞ս: Որ սարքը մտցրել էին աճուրդի ցուցակ նախկին իշխանությունները, դրա մասին էլ եմ գրել: Թող հին ու նոր վարչապետերը, տնտեսագետները սա քննարկեն՝ հանգիստ թողեք գիտական մասը: Ավելացնեմ միայն, որ նման դատարկաբանություն «Քենդլ»-ի չորսբոլորն էլ կա: Բայց նա գոնե գերմանացիների նվերն է, չենք առել պարտքով: Չնայած այս 2 «դարակազմիկ» ծրագրերին միավորում է գիտության փողերի մսխումը հատուկ ծրագրերի միջոցով:
Բժշկական բաղադրիչ: Ինձ իրավունք չեմ վերապահում այս մասը քննարկել: Նոր կառավարության մեջ իմ պատկերացրած միակ նախարարը, ով իր վրա է փորձում վերցնել ոլորտի պատասխանատվությունը, դա առողջապահության նախարարն է: Տեսաք նրա ռեակցիան կառավարության նիստում: Միակ սառը դատողությունն ամբողջ քննարկման ժամանակ: Հասկանալի է, որ վարչապետն ու փոխվարչապետն իզոտոպի կյանքի տեւողությունից «խաբար չեն»: Գիտության նախարարն էլ զբաղված է «մեծարգո վարչապետ» դիմելաձեւից հետո ինչ-որ փիառներով: Ասեմ միայն, որ իզոտոպից մինչեւ դեղամիջոց դառնալը դեռ ճանապարհ կա անցնելու: Դա քանի տարի կտեւի եւ կստացվի՝ չգիտեմ: Իսկ կառավարության անդամներին խորհուրդ կտայի գոնե ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանբերի մակարդակի ինֆորմացիա իզոտոպների բիզնեսի մասին կարդան, հետո փշաքաղվեն «խանութից առած» սարքի փորձարկումից:
Գիտական բաղադրիչ: Ինչքան էլ տարօրինակ հնչի, այստեղ համադրվում են տխմարությունը եւ ստախոսությունը: Այդ ծրագիրը սկսվել է 10 տարի առաջ: Գիտական մասը, որը հաստատել էր ՀՀ կառավարությունը՝ Ներսես Երիցյանի ներկայացմամբ եւ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, անվանել էի եւ շարունակում եմ անվանել «մտավոր հաշմանդամի զառանցանք»: Գիտական մասը գրել էին ինչ-որ տխմարներ ԵրՖԻ-ից, որոնք այդպես էլ չհամարձակվեցին խոստովանել, թե ով է գրել: Գրավոր եւ բանավոր հարցադրումները, որ արել եմ այս թեմայով, պարզապես վիրավորել եմ նրանց: Քար լռություն՝ ես չեմ: Կառավարության նիստում նստած էին Ռադիկ Մարտիրոսյանը, Սամվել Հարությունյանը եւ այն ժամանակ ԿԳ նախարարը: Ազգանունը չեմ հիշում, անունը Սպարտակ էր՝ տխուր գյուղացու դեմքով դաշնակը: Սրանք էլ քար լռություն պահեցին՝ իբր իրենց չեմ անվանել մտավոր հաշմանդամ: Ինչ վերաբերում է ստախոսությանը: Դեռ Երեւանում էի, որ պարզվեց հետեւյալը․ այդ ցիկլոտրոնը, իբր, պետք է ունենար 2 «ելք»՝ լիցքավորված մասնիկները սարքի միջից հանելու համար (հատուկ պարզ եմ բացատրում): Մի ելքի վրա «անվանի էուշաբաններ»-ը պետք է զբաղվեին կառավարության հաստատած գիտական ծրագրով (նայի իմ նախորդ հոդվածները), մյուս ելքի վրա էլ բժիշկները պետք է իզոտոպ «սարքեն» ու հեղափոխություն անեն բժշկության մեջ: Այն ժամանակ պարզվեց, որ սուտ է՝ միայն մի ելք է նախատեսված: Հետո ասացին, որ լրացուցիչ գումարով են սարքելու, կգտնեն փող, կպատվիրեն… Ինչով ավարտվեց՝ չգիտեմ: Քանի որ տխմարության եւ ստախոսության համադրումը շարունակվում է, մինչեւ աչքովս չտեսնեմ 2-րդ «ելքը», չեմ հավատա: Նոր գիտական ծրագիր փնտրել եմ, բայց չեմ գտել:

- Ձեր ասելով ստացվում է, որ ՀՀ նախագահը, ով, ինչպես ասում են, նաեւ աշխարհահռչակ ֆիզիկոս է, իզո՞ւր էր գովազդում թե՛ «Քենդլը», թե՛ ցիկլոտրոնը:
 

- Նվեր ստացած եւ խանութից առած սարքերի մեջ ոչ մի վատ բան չկա՝ թող լինեն: Գիտության մասին չի կարելի խոսել մամուլի «պրեսռելիզ»-ներով: Սա ասաց, նա ասաց, աշխարհում առաջին անգամ մեր քուչում… Սա ուրիշ թեմա է: Իսկ աշխարհահռչակ ֆիզիկոս լինելը բառերով չէ: Փորձեցի գոնե 1 տպագրված աշխատանք գտնել, որի հեղինակների մեջ նախկին ֆիզիկոսի անունը կա: Նույնիսկ խնդրանք ուղարկեցի բոլոր ֆիզիկոս ընկեր-ծանոթներիս՝ գոնե մի աշխատանք: Քար լռություն:

- Ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր իմացած ԵրՖԻ-ում: Կա՞ փոփոխություն:

- Իհարկե, կա: Երբ նայում էի «Ազատության» լրագրողի ռեպորտաժը, նկատեցի, որ ԵրՖԻ-ի միջանցքի պատին նոր տնօրենի՝ տիկին Անի Աբրահամյանի նկարն է կախված: Ինչքան հասկացա՝ յուղաներկ: Կարեւոր չէ, թե ով է վճարել աշխատանքի համար, ենթադրենք՝ ձրի է: Ինձ ուրախացրեց եւ զարմացրեց, որ արտասահմանում ծնված, մեծացած, կրթված եւ կայացած մարդը շատ արագ, 1 տարվա մեջ դարձավ «սովետական» արժեհամակարգի կրողը: Նկարը պատից կախ՝ լրիվ հայավարի է: Ինչպես արեւմտահայերն են ասում՝ «Սիրեցի՞ր Հայաստանը»: