Կեղծ տեքստ

Կեղծ տեքստ

Ինչո՞ւ է ամեն տեղից վեր կացող հայ «չարքաշ» կանանց դարդը լացում,  ինչո՞ւ է աշխարհին ներկայացվում հայ կնոջ անիրավահավասար, համարյա թշվառ ու բռնադատված վիճակը, այնպիսի՛ վիճակը, երբ նրանցից շատերն «ամեն օր անհաղթահարելի թվացող կարծրատիպեր են կոտրում», ինչպես Անկախության օրվա շնորհավորական իր ուղերձում գրում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։: Ինչո՞ւ են իրականության հետ բացարձակապես կապ չունեցող այս «մտահոգությունները» հրապարակ բերվում հիմա, այն էլ՝ տոնական ուղերձում, երբ մարդկանց խոսքում բնականաբար նույնիսկ ավելորդ լավատեսությունը պիտի հորդեր։ Ո՞ւմ դարդն է լալիս վարչապետի տիկինը։ Հայ կինը «ամեն օր» ո՛չ մի կարծրատիպ էլ չի կոտրում․ նա կարիք չունի՛ «պաշտոնական» այսօրինակ հոգածության կամ պաշտպանության։ Հայ կինը, ի տարբերություն այսօր քաղաքակիրթ համարվող շատ ազգերի,  տղամարդուն իրավահավասար է դիտվել դեռ 444 թվականի Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոններով, ըստ որոնց՝  կինն օրենքի առաջ հավասար էր տղամարդուն. «Եթէ այր եւ եթէ կին՝ կանոն այդ կացցէ»։ 

Այնպես որ, եթե այս երկիրը ղեկավար ու կառավարություն ունի, իսկ վերջիններս՝ նպատակ ու տեսլական, թող այդ «կարծրատիպեր կոտրող» կանանց, նրանց ամուսինների, հայրերի ու եղբայրների համար արժանապատիվ կյանքի պայմաններ, ասել է թե՝ աշխատատեղեր ստեղծեն (ընդսմին՝ այսօ՛ր ստեղծեն, ոչ թե մինչև 2050 թվականի «պայծառ» հեռանկարով), և հայ կանայք որևէ այլ խնդիր չեն ունենա։ Կարծրատիպեր կոտրելու խնդիր էլ չեն ունենա, մանավանդ որ դրանք չկան։ Եվ այս վերացական, կեղծ, տհաճ «բողոքականության» կարիքն էլ չի լինի։ Ահա այդ դեպքում է միայն, որ վարչապետի տիկինը նորմալ շնորհավորական տեքստ կգրի, որը հանրությանը կմատուցվի ոչ միայն բնական ու լավատեսական շեշտերով, այլև ըստ հարկի խմբագրված։