Ազգային անվտանգության հայկական մոլորությունը

Ազգային անվտանգության հայկական մոլորությունը
Նարինե Մկրտչյան

Հայաստանում հասարակության եւ պետության անվտանգության ապահովման հանրային ընկալումները եւ պետական քաղաքականությունը գրեթե միշտ (ի բացառյալ ղարաբաղյան Շարժման) հանգել են նույն կարգախոսին՝ Ռուսաստանն է ՀՀ անվտանգության երաշխավորը:

Ըստ այդ վախվորած եւ վտանգավոր կարգախոսի՝ կերտվել է ռուսական հպատակության ընդունման գաղափարական-քաղաքական պատգամը՝ «Հավերժ Ռուսաստանի հետ»: Անկախ Հայաստանի հարավային սահմանների, օդային տարածքի վերահսկողությունը հանձնելով օտար պետությանը՝ Ռուսաստանին, ընտրությունները կեղծող ՀՀ տարանուն իշխանությունները լուծել են նախեւառաջ սեփական իշխանության պահպանման խնդիրը՝ հանրային մտածողությանը ներարկելով հպատակության բացիլը, որը քայքայել է հասարակական, ազգային դիմադրողականության բոլոր առողջ բջիջները: 

Սակայն Հայաստանի անվտանգությունը միայն պետական  սահմանները եւ սահմանային զորքերը չեն: ՀՀ ազգային անվտանգության ողջ համակարգը, անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական КГБ-ի հետ կապված է հաստ պարանով: Նորանկախ մեր երկիրը բաց դաշտ էր օտարերկրյա հատուկ ծառայությունների եւ նրանց հայ տեղապահների, նախեւառաջ՝ Ռուսաստանի համար: Տարիներ շարունակ ռուսական ազդեցության եւ իրական գործակալները Հայաստանից քամեցին ինքնիշխանության, ինքնուրույն քաղաքականության, հասարակական դիմադրողականության ողջ կենսանյութը: Ռուսական КГБ-ն Հայաստանում խառնվում էր ներքին քաղաքականությանը, ինչն ակնհայտ էր կադրային նշանակումներից, КГБ-ն նաեւ որոշում էր ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունը, ընտրում գործընկերներին, միջազգային կառույցներում պաշտոնական Երեւանին թելադրում Մոսկվայի որոշումները:

Հայկական թավշյա հեղափոխությունը խառնեց Մոսկվայի հաշիվները: Մոսկվան հեղափոխության հաղթանակն ընդունեց որպես Հայաստանում ռուսական գործակալական ցանցի ձախողում եւ Արեւմուտքի հաղթանակ: Վստահ, որ երիտասարդ հեղափոխականները կարող են անողոք գտնվել ռուսական գործակալական ցանցի հանդեպ, իսկ հետագայում՝ ընդհանրապես դուրս մղել Մոսկվային ՀՀ ազգային անվտանգության համակարգից, իշխանության հանձնման օրերին, ըստ շրջանառվող տեղեկությունների, Հայաստանում էր ռուսական ФСБ-ի շուրջ երկու տասնյակ պաշտոնյաների ցանցը, որը, պետք է ենթադրել, իր հետքերն էր մաքրում:  

Հայկական հեղափոխությունը դաս էր, որ Մոսկվան սերտեց համառ ջանասիրությամբ: Այդ դասի առանցքային թեզն անվտանգության ոլորտում կադրային քաղաքականության վերանայումն էր ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի կտրվածքով: ՌԴ ազգային անվտանգությունը որոշում էր կայացրել ՀՀ քաղաքացիներից կերտել ռուսական գործակալական ցանցի ապագա կադրերին՝ Հայաստանը ռուսական անվտանգության համակարգի վերահսկողությանը ենթարկելու, ՀՀ ազգային անվտանգությունը կազմալուծելու եւ ինքնիշխանությունը վեջնականապես քայքայելու համար:
Ազգային խնդիրներին վերաբերող պատմաքաղաքական իրողությունները ենթադրել են տալիս, որ Հայաստանի ազգային անվտանգության համակարգում ազգային եւ ռուսական թեւերը, որպես կանոն, տարանջատվել են: Թերեւս հենց ազգային թեւն էլ աջակցեց իշխանափոխությանը՝ քաղաքականություն «գործուղելով» նաեւ իր երիտասարդ հաստիքային եւ արտահաստիքային կադրերին:

Սակայն հեղափոխությունն ավարտվեց, իսկ Հայաստանը շարունակեց մնալ ռուսական ուղեծրում՝ թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ ազգային անվտանգության ոլորտում: Ավելին:
Այս տարվա փետրվարի 5-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությամբ ազդարարվեց ՀՀ եւ ՌԴ նոր համատեղ քաղաքականության սկիզբը. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար ԱԱԾ-ն կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաեւ Պահպանության դաշնային ծառայության Օրյոլի ակադեմիայում»:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ, Федеральная служба безопасности Российской Федерации, ФСБ) այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունն է, ԽՍՀՄ ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Կառույցի գործունեությունը ղեկավարում է ՌԴ նախագահը։ 1995թ. ապրիլին կառույցը վերանվանվեց Անվտանգության դաշնային ծառայություն՝ առանց անձնակազմի փոփոխության, սակայն հետագայում իրականացվեցին կառուցվածքային փոփոխություններ: ФСБ-ի աղմկահարույց փաստերից մեկը 2014թ. ՌԴ նախագահ Մեդվեդեւի հրամանն էր, համաձայն որի՝ սոցկայքերը, ֆորումները եւ հաղորդակցման յուրաքանչյուր կայք պետք է կցված լինեն սարքավորումներին եւ օրինապահ մարմիններին: Դրանով իսկ ФСБ-ին ավտոմատ կերպով տեղեկատվություններ էին փոխանցվում կայքերի օգտատերերի մասին: ՌԴ ԱԴԾ-ի գործառույթներից են պայքարն ահաբեկչության, առանձնապես վտանգավոր հանցագործությունների դեմ, հետախուզական եւ սահմանապահ գործունեությունը, տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Եվ այժմ ՀՀ պատանիներին, երիտասարդ քաղաքացիներին առաջարկում են վերապատրաստվել այս կառույցի ակադեմիաներում: ՀՀ ԱԱԾ բացատրությունը թերեւս հետեւյալն է՝ Հայաստանը չունի ազգային անվտանգության կադրեր պատրաստելու մասնագիտական դպրոց: Համալսարանների երկիր Հայաստանում չի գտնվել որեւէ բուհ, որը կարողանա ԱԱԾ մասնագիտացում բացել, ակադեմիա, անգամ՝ նոր ուսումնական կենտրոն հիմնել ԱԱԾ ապագա կադրերի համար: Ո՞ւր է նայում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, եւ արդյո՞ք ԱԱԾ-ն վերպետական կառույց է Հայաստանում, որ որոշում է օտար պետության ազգային անվտանգությանն ապավինել սեփական կադրերի ուսուցումը: Ազգային անվտանգության ընկալման հայկական հերթական մոլորությունն է սա.  Հայաստանը ռուսական գործակալական ցանցի համար հայ ուսանողներ է ուղարկում, որ նրանք վերադառնան եւ դառնան ՌԴ ԱԴԾ-ի հայ տեղապահները:

Մինչդեռ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 21-22 ենթակետերով ոչ միայն չի նախատեսվում կադրերի պատրաստում այլ պետություններում, այլ ընդհակառակը՝ «ՀՀ անվտանգության մարմինները հատուցմամբ կամ անհատույց իրականացնում են կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին», եւ ԱԱԾ-ն «կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունի համապատասխան ուսումնական հաստատություններ»:

Եվ այժմ ՊԱԿ-ի արխիվների գաղտնազերծման փոխարեն առաջարկվող ՀՀ ԱԱԾ-ի հետագա ռուսականացումն այդ մոլորության պատրաստած ականն է, որը դրվում է Հայաստանի ազգային անվտանգության եւ ինքնիշխանության հիմքում՝ ամեն պահ պատրաստ պայթեցնելու Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը: 

ՀՀ ԱԱԾ-ն երկրի տարածքային անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի պահպանման, քաղաքացիների ազատության եւ իրավունքների, շրջանակի միջավայրի պաշտպանության հիմնական կառույցն է, որը պետք է ծառայի Հայաստանին՝ հեռու մնալով օտար պետության համապատասխան կառույցներին սերտաճելու քայլերից: Ռուսաստանը չի՛ կարող դառնալ ՀՀ անվտանգության կադրերի դարբնոց: Ազգային անվտանգության ընկալման հայկական այսօրինակ մոլորությունը դառնում է սպառնալիք Հայաստանի անկախ պետականության համար: