Նոր Ֆորմատի փնտրտուքով

Նոր Ֆորմատի փնտրտուքով

Որքան էլ հերքեն, ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերից ձեւավորված Հայրենիքի փրկության շարժումը ճգնաժամ է ապրում եւ հնարավոր է փոխակերպվի նոր ֆորմատի։ Խնդիրն այն չէ, որ ինչ որ մարդ-կուսակցություններ հայտարարել են շարժումը լքելու մասին։ Իրականում շարժումը ոչ թե 17 ուժերն են, ինչպես ընկալում է հանրությունը, այլ առանցքային դերակատարում ունեցող մի քանիսը։ Շարժման մարտավարությունը, գործողությունները, ծրագիրը որոշել է 6 հոգուց բաղկացած կոմիտեն՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավարը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Եվ շարժման հետագա ճակատագիրն էլ այս վեցն են որոշելու, իսկ վեցի մեջ նաեւ որոշակի տարաձայնություններ կան, մասնավորապես՝ Փաշինյանին հեռացնելու ճանապարհների ու մարտավարության շուրջ։ Օրինակ, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը բոլորի համար միանշանակ ընդունելի չէ, հանրահավաքային պայքարի հարցում տարբեր կարծիքներ կան, իշխանությունների հետ քննարկումների եւ հատկապես՝ արտահերթ ընտրությունների հարցում։
Բավականին դժգոհություններ կան հանրահավաքների մասնակցության, մարդ բերելու, ակտիվ լինելու հարցերի շուրջ։ Շարժման որոշ մասնակիցներ մեղադրում են ԲՀԿ-ին եւ Գագիկ Ծառուկյանին, որ նա ակտիվ չէ, իր ունեցած ողջ ռեսուրսը չի օգտագործում, մինչդեռ խորհրդարանական ընտրություններին 100 հազարից ավելի ձայն ստացած ընդդիմադիր երկրորդ ուժը կարող էր հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել, եւ իշխանափոխության հարցը կլուծվեր։ Ըստ այդմ՝ կասկածներ կան, որ ոմանք տակից խաղեր են տալիս Փաշինյանի հետ, եւ կասկածներն ավելի շատ ուղղվում են հենց ԲՀԿ-ին։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանն էլ դժգոհություններ ունի եւ կարծում է, որ ուժերը հավասարազոր չեն, եւ ինքը շատ ավելին է անում, քան շարժման մյուս անդամները, որոնք իր «ուսերին» նստած՝ ուզում են գալ իշխանության։

Տարաձայնություններ կան նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, մասնավորապես Սերժ Սարգսյանը շատ կատեգորիկ է արտահերթին մասնակցելու հարցում եւ ի սկզբանե հայտարարել եւ պարտադրում է, որ գործընկերներն էլ հայտարարեն, թե Փաշինյանի կազմակերպած արտահերթին չեն մասնակցելու։ Մինչդեռ Քոչարյանը կարծում է, որ եթե շարժմանը չհաջողվի փողոցային պայքարով հասնել Փաշինյանի հրաժարականին, իսկ վերջինս էլ հայտարարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, իրենք չպետք է դուրս մնան քաղաքական պրոցեսներից՝ ստիպված են մասնակցել ընտրություններին։ Սերժ Սարգսյանը կարծում է, որ արդյունքում կլեգիտիմացնեն Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ 

2021-ին շարժման քաղաքական հանձնախումբը դեռ նիստ չի գումարել։ Բայց օրերս շարժման առաջնորդների միջեւ քննարկում է տեղի ունեցել, նրանք հորդորել են իրար՝ մի կողմ թողնել ձեւականություններն ու անկեղծ լինել միմյանց հետ, ասել, թե յուրաքանչյուրն ինչ է ուզում։ Եթե պայքարում են՝ պայքարել համատեղ, եթե ոչ՝ հայտարարել շարժման կազմալուծման մասին։ Անգամ վարչապետի միասնական թեկնածուի փոփոխության հարց է քննարկվել։ 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց, թե շարժումը հոգեվարքի մեջ է։ Ինքը չունի տեղեկություն, թե ինչ-որ մեկը կողմ է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին։ «Իմ գործընկեր կուսակցությունների ղեկավարներից ուղիղ չեմ լսել, որ նման բան ասեն։ Ճիշտ հակառակը՝ շարժումը տվել է իր հստակ գնահատականը, ասել է, որ իր նպատակն այս հողատուի հրաժարականին հասնելն է, Վազգեն Մանուկյանի պրոֆեսիոնալ, հակաճգնաժամային կաբինետի ձեւավորումն է եւ նոր մեկ տարի հետո, այս ճգնաժամից դուրս գալուն պես, արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- ասաց նա։

«Մենք չենք պատրաստվում էս մարդու վարչապետությամբ գնալ քաղաքական ֆարսի, ընտրությունների, որի միջոցով Նիկոլն ուզում է իր մեղավորությունը գցել հանրության մի հատվածի վրա։ Ուստի պետք է բոլորի թիվ մեկ օրակարգը դառնա՝ պետությունը փրկել թիվ մեկ խոչընդոտից, որը Նիկոլ Փաշինյանն է»։ Բայց մարդիկ ասում են՝ եթե լիներ նման ցանկություն, Նիկոլ Փաշինյանին շուտ  հեռացրած կլինեին։

«Հայաստանում չկա այդպիսի մի ուժ, որը միայնակ կարողանա հաջողության հասնել այս արհավիրքը բերած ուժի դեմ, դրա համար ենք ասում, որ սա ոչ միայն քաղաքական պայքար է, սա ազգային շարժում պետք է լինի, որովհետեւ ազգի, պետության շահն է պահանջում։ Նրանք, ովքեր մտահոգված են պետության ճակատագրով, պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ միավորվեն կարեւոր հարցի շուրջ՝ օր առաջ ազատվել հողատու իշխանությունից։ Հիմա, թե ով ինչպես է մտածում, ես կոռեկտ չեմ համարում լուրերը մեկնաբանել, քանի դեռ Փրկության շարժման ուժերը հստակ չեն հայտարարել իրենց կարծիքը։ Բայց բոլորը թող հիշեն, որ սա մի քանի աթոռի կռիվ չէ, սա հայրենիքի փրկության հարց է․․․ Միգուցե շարժումը մի տեղ արդյունավետ է գործել, մեկ ուրիշ տեղ՝ անարդյունավետ, բայց պետք է շարունակել պայքարը, չպետք է հանձնվել եւ հանդուրժել այս հողատու արարածի իշխանությունն ու օրակարգը»։ Շարմազանովը չհերքեց, որ ընդդիմադիր ուժերի միջեւ կան տարաձայնություններ, եւ դա նորմալ է, այլապես բոլորը կոմկուսի ներկայացուցիչներ կլինեին, բայց, նրա խոսքով, պետք է ուժ գտնել՝ հաղթահարելու տարաձայնությունները, բանակցելու, խոսելու իրար հետ։ Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ լինելուն․ «Դրա համար կան քաղաքական բանակցություններ, եթե կան նման ուժեր, որ Վազգեն Մանուկյանին դեմ են, թող գան քննարկեն»։