Տապալումների ու մեկուսացման շքահանդես

Տապալումների ու մեկուսացման շքահանդես

Երեկ գրել էինք, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններից որքան էլ օրեր են անցնում, Փաշինյանն այլ երկրների ղեկավարներից, միեւնույն է, շնորհավորանքներ չի ստանում: Նրան չեն շնորհավորում ո՛չ Արեւելքից, ո՛չ Արեւմուտքից, ո՛չ Հյուսիսից, ո՛չ Հարավից: ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն դեկտեմբերի 9-ի ընտրություններին անդրադարձան առանց Փաշինյանին հիշատակելու կամ շնորհավորելու` իրենց արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ մամուլի քարտուղարների տեղակալների մակարդակով` երեւի դա համարելով Փաշինյանի անձին, կշռին ու հեղինակությանը պատշաճող մակարդակ: Իսկ երկրների ղեկավարներից Փաշինյանին շնորհավորեցին միայն կանցլեր Մերկելը, Վրաստանի նախագահը եւ Կանադայի վարչապետը:

Փաշինյանի տոտալ միջազգային անտեսումը, չասելու համար՝ ցուցադրական նսեմացումը, այնքան է ակնբախ, որ մնում է հարցնել՝ ինչպե՞ս «համաշխարհային նշանակության հեղափոխություն» առաջնորդող Փաշինյանը հասավ այսօրվա միջազգային մեկուսացմանն ու մերժմանը: Կարծում եմ` հասավ օրինաչափորեն, անշեղ տապալումներով, հանգրվան առ հանգրվան: 

Փաշինյանի տապալումները սկսվեցին Առաջին հանրապետության հարյուրամյակի օրվանից, երբ մայիսի 28-ին Փաշինյանը ոչ մի երկրից շնորհավորանք չստացավ (բացառությամբ, կարծեմ՝ Իսրայելի): Դրանք շարունակվեցին հուլիսին՝ Բրյուսելում, երբ Փաշինյանը ՆԱՏՕ-ի համաժողովի  սրահներից ու միջանցքներից այդպես էլ դուրս չեկավ՝ հանդիպումների ու բանակցությունների փոխարեն ունենալով միջանցքային ձեռքսեղմումներ: Սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանը չկարողացավ ամերիկյան վարչակազմից որեւէ պաշտոնյայի հանդիպել, առհասարակ՝ երկկողմ շփումներ կարծես չունեցավ, բացառությամբ Կիպրոսի եւ Լիբանանի նախագահների հետ հանդիպումների:

Արդյունքում, թերեւս, բարձրաստիճան շփումների բացակայությունը կոծկելու համար, ՀՀ ԱԳ նախարարին Նյու Յորքում թողնելով՝ Փաշինյանը մեկնեց Դուշանբե` ԵԱՏՄ, թե ՀԱՊԿ ինչ-որ ժողովի պատրվակով: Դուշանբեից Երեւան հասնելուց հետո էլ թերեւս նյույորքյան տապալման ֆրուստրացիան հաղթահարելու համար քաղաքի փողոցներով հեծանիվ էր վարում: Դրան հետեւեց Փաշինյանի ամենաամոթալի տապալումը, երբ Երեւանի 2800-ամյակի առթիվ Փաշինյանը չկարողացավ միջազգային որեւէ պատվիրակություն հյուրընկալել, առհասարակ՝ պետությանը պատշաճող որեւէ միջոցառում կազմակերպել, եւ դրան էլ ի հավելումն՝ 2800-ամյակի տոնակատարության օրը, չգիտես ինչու, անսպասելիորեն Լիբանան ճողոպրեց: 
Վերջապես յոթ-ութ ամսում Փաշինյանը որեւէ պետությունից պաշտոնական այցի հրավեր չստացավ կամ չայցելեց, իր հրավերով որեւէ ղեկավար Հայաստան չժամանեց, բացառությամբ Վրաստանի վարչապետի (Ճապոնիայի ԱԳ նախարարի եւ Գերմանիայի կանցլերի տարածաշրջանային այցերի, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպումն ընթացել է դեռ նախորդ իշխանությունների օրոք), անգամ արտերկրյա ղեկավարների հետ հեռախոսազրույցով խնդիր կարգավորելու իր կարողությունն է կասկածելի, ինչի դրսեւորում էր, թերեւս, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ մամուլով հարաբերություններ պարզելու նախադեպը։

Հետեւաբար՝ չվերջացող տապալումների եւ մեկուսացման խորքին, Փաշինյանին շնորհավորող աշտոնակիցներ առանձնապես չպիտի գտնվեին, ինչին էլ ականատես եղանք ընտրությունների առիթով արտացոլվող հարաբերությունների եւ շնորհավորանքների  ստուգատեսին:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ