Բառ հետ-առաջ էի ասել, շտկվել է․ Արթուր Հարությունյանը՝ Վովա Գասպարյանի դեմ ցուցմունքների մասին

Բառ հետ-առաջ էի ասել, շտկվել է․ Արթուր Հարությունյանը՝ Վովա Գասպարյանի դեմ ցուցմունքների մասին

«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը՝ «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատերը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին, մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրելով, իր խոսքով, իր ներողություն խնդրելու հետ կապված՝ մուսուլմանական պահվածքի, ոչ թե բարեգործություն, այլ չարագործություն անելու մեջ։

Արթուր Հարությունյանի պարզաբանումներից մեկն էլ վերաբերում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով, համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խոստացել և միջամտել է օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը: Պատասխանելով հնչեցված մեղադրանքներին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դրանք գնահատել է «սուտ և զրպարտություն»։ Բոլոր հարցերին սուր և հնարավորինս հանգամանալից պատասխանելու հակված Արթուր Հարությունյանը մի փոքր խուսափողական էր Վլադիմիր Գասպարյանի հարցում և անընդհատ ասում էր՝ շտկվել է, շտկվել է։ Տպավորություն էր, որ նկատի ունի, թե քրեական գործը կարճվել է, բայց ուղիղ այդ մասին չասաց, միայն ասաց, թե պետք է որ փակված լինի։

 

Այս դրվագին Արթուր Հարությունյանն անդրադարձավ մեկ նախադասությամբ՝ հետ-առաջ բան էի ասել, թյուրիմացություն էր եղել, շտկվել է։

«Նա կապ չունի ընդհանրապես էդ ընտրական գործընթացներ ինչ-որ․․․ ըտենց բաներ, այդ հարցը, ինձ թվում է՝ դուրս է եկել»,- այսօր ասաց Արթուր Հարությունյանը, երբ նրան լրագրողները հիշեցրին, որ ինքն էր Վլադիմիր Գասպարյանի մասին նման հայտարարություն արել։ Նա կրկնեց․ «Իմ պատասխանը՝ Վլադիմիր Գասպարյանը կապ չունի․․․ նման հարց չկա»։

Նաև ասաց, որ առերեսումներ չեն եղել, և Բելգիայից վերադառնալուց հետո գոնե այդ ժամանակահատվածում Արթուր Հարությունյանը չհիշեց, որ իրեն հրավիրած լինեն Քննչական կոմիտե։